Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գործատուն կտուգանվի, բայց չի կարող չպատվաստված ու թեսթի արդյունք չներկայացրած աշխատողին գործից ազատել

Սեպտեմբեր 22,2021 15:45

Հոկտեմբերի 1-ից աշխատանքի ներկայացող քաղաքացիները պետք է կամ պատվաստված լինեն կամ 14 օրը մեկ ներկայացնեն կորոնավիրուսի դեմ թեսթի արդյունքները: Այսօր այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում եւս մեկ անգամ հիշեցրեց առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի Վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը: Նա ասաց, որ հանրապետությունում համաճարակային իրավիճակը մնում է լարված:

ԱՆ մասնագետի խոսքով, վերջին 14 օրվա դեպքերը համեմատելով նախորդ 14 օրվա դեպքերի թվի հետ՝ պարզ է դառնում, որ ունենք 18 տոկոսով աճ: Ասաց նաեւ, որ եթե չձեռնարկենք միջոցառումներ՝ առաջիկա 7 օրերի ընթացքում կունենանք 5930 նոր դեպք. «Այս դեպքերից 30 տոկոսը կհոսպիտալացվեն, իսկ 3 տոկոսը կունենա ինտենսիվ թերապիայի կարիք»:

Ռոմելլա Աբովյանն ասաց, որ սահմանափակումները նոր դեպքերը կանխելու, հակահամաճարակային իրավիճակը մեղմելու նպատակով են եւ արդեն նկատվում է պատվաստվել ցանկացողների թվի աճ:

Վիրուսի տարածումն, ըստ տիկին Աբովյանի, առաջացնում է առողջապահական եւ տնտեսական ծանր բեռ:

Եթե քաղաքացին հրաժարվում է պատվաստվել եւ ոչ էլ թեսթի արդյունքներ է ներկայացնում, ապա, ըստ ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ եւ հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանի, այդ մասին կպարզի տեսչական մարմինը՝ ստուգայցերի միջոցով: Առաջին հերթին վերահսկող մարմինը կայցելի այն հիմնարկները, որտեղ կարձանագրվեն կորոնավիրուսի 3 եւ ավելի դեպքեր, բացի այդ՝ կընտրվեն մարդաշատ վայրերը, մասնավորապես՝ առեւտրի կենտրոնները. «Դա չի նշանակում, որ մյուս տնտեսվարողների մոտ ստուգայցեր չեն իրականացվելու: Ստուգայցերը կլինեն պատահական եւ որեւէ մեկը տեղյակ չէ, թե որ գործատուին պետք է այցելեն: Կստուգեն 17-Ն հրամանի բոլոր պահանջները եւ որեւէ պահանջի խախտման դեպքում գործատուն կենթարկվի տուգանքի»:

Ըստ Աննա Հարությունյանի, ֆիզիկական անձանց դեպքում տուգանքը առաջին անգամ կկազմի 10-20 հազար դրամ, իրավաբանական անձանց դեպքում՝ 40-120 հազար դրամ: Եթե տվյալ գործատուի մոտ խախտումները շատ լինեն, ապա տեսչական մարմինը կարող է շաբաթվա ընթացքում կրկին այցելել նույն տնտեսվարողին՝ պարզելու համար որքանով են վերացվել դրանք:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի եւ զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանի խոսքով, եթե խնդիրը դիտարկենք աշխատանքի օրենսդրության համատեքստում, ապա չկա որեւէ կարգավորում, պահանջ, որի արդյունքում գործատուն կարող է աշխատողին ազատել աշխատանքից, եթե նա չի պահպանել հրամանով նախատեսված պահանջները:
«Պետությունը որպես գործատու, Հանրային ծառայությունների օրենքի նախագիծ է շրջանառել, որով հստակ գործում են այդ կարգավորումները՝ համաձայն որի, եթե աշխատողը չի թեստավորվում եւ 30 օր աշխատանքի չի ներկայանում, ապա գործատուն կարող է նրան աշխատանքից ազատել: Եթե նախագիծն ընդունվի, նոր՝ դրանից հետո կոնկրետ հնարավոր կլինի հանրային պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ նման կարգավորումներ կիրառել: Իսկ եթե խոսում են այն անձանց մասին, որոնց հետ հարաբերությունները կարգավորվում են Աշխատանքային օրենսգրքով, այլ ոչ թե ոլորտային օրենքով, ապա այս մասով չկա որեւէ կարգավորում, չկա անգամ նախագիծ, որ պետք է փոփոխություն լինի».-ասաց Ժորա Սարգսյանը: Նրա խոսքով, այդուհանդերձ, դրանք չեն դիտարկվում, որպես աշխատող-գործատու իրավահարաբերություններ եւ ավելի շատ դիտարկվում է հանրային առողջության տեսանկյունից:

Աննա Հարությունյանը, հղում անելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքին, ասաց՝ մասնավոր լինի, թե պետական, միեւնույն է, գործատուն տուգանվելու է. «Սանիտարական նորմերի չպահպանելը առաջացնում է տուգանքի որոշում՝ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց նկատմամբ»:

Թե ինչու ուսանողներին չի վերաբերում այս կարգավորումը, Ռոմելլա Աբովյանն ասաց, որ յուրաքանչյուր որոշում կայացվում է՝ ելնելով համաճարակային առկա իրավիճակից. «Այս պահի դրությամբ տեսնում ենք, որ 25 տարեկանից բարձր տարիքային խումբն է հիվանդանում:
Իսկ 25-ից 55 տարեկան տարիքային խումբը կազմում են աշխատողների հիմնական մասը: Հաջորդիվ կքննարկվի նաեւ այլ տարիքային խմբերում պատվաստման հարցը»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930