Լրահոս
Օրվա լրահոսը

Խոշտանգումների դեմ պատշաճ պայքար չի տարվում, խոշտանգում իրականացրած պաշտոնատար անձինք շարունակում են անպատիժ մնալ. ՀՔԱՎ

Սեպտեմբեր 22,2021 15:54

Այս տարի արդեն երկրորդ անգամ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի մասնակցությամբ Քաղաքացիական համերաշխության պլատֆորմի Խոշտանգումների դեմ պայքարի աշխատանքային խումբը հրապարակեց ԵԱՀԿ տարածաշրջանի 8 երկրների խոշտանգումների արգելքի համաթիվը։

Հայաստանը, ըստ համաթվի, 2020 թ․-ի տվյալներով բարելավել էր դիրքերը 2019-ի նկատմամբ և 8 երկրների շարքում 3-րդն է։

Նշենք, որ այս համաթվի հիմքում հստակ չափանիշներ են ընկած, այդ թվում՝ տեղեկատվություն տրամադրելու հարցում պետական կառույցների պատրաստակամությունն ու քաղաքացիական հասարակության կառույցների հետ համագործակցության հակված լինելը, որոշ թվական տվյալներ, ՀՔԾ քննիչների ծանրաբեռնվածությունը, ինչպես նաև խոշտանգումների դեպքերով քննված քրեական գործերն ու դրանց արդյունքները։

Չնայած Հայաստանի Հանրապետությունն այս սանդղակում նույնիսկ առաջընթաց ունի, բայց պետք է արձանագրենք, որ սա խոշտանգումների դեմ պայքարի վիճակի ամբողջական պատկերը ցույց չի տալիս։

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը շարունակում է արձանագրել, որ խոշտանգումների դեմ պատշաճ պայքար չի տարվում, խոշտանգում իրականացրած պաշտոնատար անձինք շարունակում են անպատիժ մնալ։ Խոշտանգման քրեականացումից ի վեր՝ 2015 թ. հունիսի 9-ից մինչ օրս, 309.1 (Խոշտանգում) հոդվածի հատկանիշներով մեղադրական դատավճիռ չի կայացվել:

ՀՀ-ում խոշտանգումների կանխարգելման և խոշտանգման դեպքերի արդյունավետ քննության համար մարտահրավեր են թե օրենսդրական բացերը, թե օրենքի կիրարկումը։

Շարունակվում են չբացահայտված մնալ խոշտանգումների դեպքերը, խոշտանգումների դեպքերով հաղորդումները, որպես կանոն, չեն հանգեցնում քրեական գործերի հարուցմանը, իսկ քրեական գործ հարուցվելու դեպքերում չի ապահովվում գործերի արդյունավետ քննությունը: Խոշտանգման դեպքերում հարուցված գործերը կարճվում են հիմնականում խոշտանգման փաստը չհիմնավորվելու հիմքով, և կասեցվում են՝ քրեական հետապնդման ենթակա անձի բացակայության հիմքով:

Մտահոգության առարկա են դատարանների կողմից սահմանված պատիժների համաչափությունը և համարժեքությունը։

Տարածված խնդիր է նաև վարույթ իրականացնող մարմնի կողմից խոշտանգման դեպքի ոչ պատշաճ փաստաթղթավորումը, որի հիման վրա խոշտանգում արարքը որակվում է որպես պաշտոնեական լիազորություններն անցնել, արդյունքում չի ճանաչվում խոշտանգման, կամ վատ վերաբերմունքի փաստը: Ստացվում է, որ խոշտանգում կատարած անձը կրում է ավելի մեղմ պատիժ, քան սահմանված է խոշտանգում արարքի համար:

Խոշտանգումը քրեականացվել է 2015 թ.-ին, և եթե խոշտանգումը կատարվել է այս նորմի՝ ուժի մեջ մտնելուց առաջ, ապա նախկինում տեղի ունեցած գործերի քննությունն իրականացվում է այդ պահին գործող՝ «Պաշտոնեական լիազորությունների չարաշահման» հոդվածով: Այս հոդվածով վաղեմության ժամկետը սահմանափակված է, և առավելագույն պատիժը՝ «Խոշտանգում» հոդվածով սահմանված պատժից պակաս: Չնայած իրավասու պետական մարմինները չեն անտեսում իրենց հայտնի դարձած՝ նախկինում տեղի ունեցած խոշտանգման փաստերը, և հարուցում են քրեական գործեր:

Խոշտանգումներից զերծ մնալու իրավունքի պաշտպանության վիճակի պատկերը հուսադրող չէ նաև ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերի վերաբերյալ մեր մշտադիտարկումների արդյունքներով։

Համադրելով վերջին երկու տարվա Հատուկ քննչական ծառայության և ԶԼՄ հրապարակումները, ինչպես նաև ՀՔԱՎ ստացած ահազանգերն ու դիմումները՝ կարող ենք փաստել, որ մասնավորապես ոստիկանության բաժանմունքներում մարդու իրավունքների խախտման դեպքերը շարունակվում են, սակայն պատասխանատու մարմնի՝ այդ դեպքերը կանխելու, իսկ տեղի ունենալու դեպքում մեղավորներին պատասխանատվության ենթարկելու գործողությունները կամ բացակայում են, կամ դրանք պատշաճ չեն ներկայացվում հանրությանը։ Այսինքն՝ ոստիկանության բաժանմունքների ներսում տեղի ունեցող իրադարձությունները էլ ավելի անհասանելի են դարձել հանրությանը։

Խոշտանգումներից զերծ մնալու իրավունքի վիճակը ՀՀ-ում գնահատելու համար իրավասու պետական մարմիններից հարցումների միջոցով հավաքագրել ենք տեղեկատվություն, որը ներկայացնում ենք այստեղ:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930