«Խոշորացումը կարող է ունենալ նաեւ բացասական կողմեր, բայց, առհասարակ, այն արդարացված է։ Դա կարող եմ ասել մի շարք գյուղերի օրինակով»,-ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած՝ «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի հանրային քննարկման ժամանակ այսօր հայտարարեց ԱԺ պատգամավոր, Հայաստանի քրդական համայնքի ղեկավար Կնյազ Հասանովը։
«Արագածոտնի մարզի 11 եզդիաբնակ գյուղերը խոշորացվել են, եւ այսօր մենք տեսնում ենք երեք տարվա մեծ արդյունքները։ 30 տարում ոչ մի ճանապարհ չէր նորոգվել, իսկ այսօր արդեն 3 գյուղի ճանապարհներ հիմնանորոգվել են։ Ալագյազ խոշորացված համայնքում այսօր կարեւոր հարցեր են լուծվում՝ գազաֆիկացում, լուսավորություն, հանդիսության սրահի կառուցում։ Սա շատ դրական է»,-նշեց Հասանովը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ