Լրահոս
Օրվա լրահոսը

«Ասորական 2 գյուղեր խոշորացման հետեւանքով ոչնչացման եզրին են»․ Իրինա Գասպարյանը՝ փոխնախարարին

Սեպտեմբեր 22,2021 13:53

«ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության համաձայն՝ ՀՀ-ն կարեւորում է համամարդկային եւ ազգային արժեքների, ազգային ավանդույթների պահպանումն ու վերարտադրությունը, զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծումը։ Սա միայն ազգությամբ հայերի՞ն է վերաբերվում։ Սա համահունչ չէ համայնքների խոշորացման սկզբունքներին։ Ազգային փոքրամասնության շահերի պահպանման կետ չկա, դուք անտեսել եք, ոտնահարել եք ազգային փոքրամասնությունների իրավունքները։ Խոսքն Արտաշատի եւ Մեծամորի փնջերի ասորական երկու գյուղերի մասին է, որոնք խոշորացման հետեւանքով ոչնչացման եզրին են»,-ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած՝ «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի հանրային քննարկման ժամանակ այսօր ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանին ասաց Հայաստանի ասորական համայնքի ներկայացուցիչ, «Հայաստանի ասորական ֆեդերացիայի» նախագահ Իրինա Գասպարյանը (լուսանկարում)։

Փոխնախարարը որակումների հետ չհամաձայնեց եւ խնդրեց այսուհետեւ սեփական պատկերացումներն այդպես չարտահայտել․ «Այդպես չի, չի կարելի նման բան ասել։ Մի ամբողջ շարք բնակավայրերի հետ խնդիրներ ունենք, եւ ես այդ մասին խոսելիս ազգություն չեմ հիշատակել։ Որոշ դեպքերում բացառություններ ենք արել եւ ազգային փոքրամասնությունների համայնքները դեռ չենք ընդգրկել միավորման ցանկում։ Պետք չէ իրավիճակը դրամատիզացնել։ Որեւէ մեկի մտքով չի անցել որեւէ համայնքի ոչնչացումը, հատկապես՝ ձեր ասած գյուղերի։ Խոշորացումն ի՞նչ կապ ունի հայկական կամ ասորական գյուղի տեսլականի հետ։ Ավանդույթների կամ լեզվի մասին առանձին է պետք խոսել, որովհետեւ, այո, խնդիրներ ունենք։ Ազնիվ չէ։ Մենք ձեր հետ միշտ բաց ենք եղել քննարկումներում»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930