«Ի՞նչ տրամաբանություն է աշխատել, որ Մարգահովիտ մեծ համայնքը միանալու է Փամբակ համայնքին։ Բնակչության թվի եւ ռելիեֆի տարբերություն կա»,-ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած՝ «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի հանրային քննարկման ժամանակ այսօր ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանին հարցրեց «Հայրենիք» կուսակցության անդամ Վահե Դոխոյանը։
«Նաեւ Լոռու մարզի Շիրակամուտ գյուղից են դիմել։ Ըստ վարկածի՝ խոշորացվելու է ողջ տարածաշրջանը՝ միանալով Սպիտակին։ Քաղաքային համայնքի ղեկավարն ի վիճակի՞ է լինելու գյուղի խնդիրներով զբաղվել։ Համայնքի բնակիչները սա չեն պատկերացնում»,-նշեց նա։
Վաչե Տերտերյանը պատասխանեց՝ թող տպավորություն չլինի, թե գյուղը, միանալով քաղաքին, դառնալու է քաղաք․ «Կառավարումն է մեծանում։ Ունենալու ենք մեծ ավագանի՝ իր հանձնաժողովներով, որոնցից մեկը լինելու է գյուղատնտեսության հարցերով։ Ներկայացուցիչներ կլինեն Շիրակամուտից էլ, Ջրաշենից էլ, ուստի գյուղատնտեսության հարցերով եւս կզբաղվեն»։
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է Մարգահովիտին, փոխնախարարը նշեց, որ դեռ կանդրադառնան այս հարցին։
Հիշեցնենք, որ Լոռու մարզի Մարգահովիտ համայնքի բնակիչները խոշորացմանը դեմ են եւ ստորագրահավաք են անում։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ