Սեպտեմբերի 21-ին կայացան Արցախյան 2-րդ պատերազմում անմահացած փոխգնդապետ Դավիթ Նազարյանի քրոջ՝ Մարիաննա Շահինյանի հեղինակած գրքի շնորհանդեսն ու ֆիլմի պրեմիերան: Ներկա էին անմահացած տղաների ծնողները, մարտական ընկերները՝ սպաներ Հարություն Սիրունյանը, Հմայակ Կիրակոսյանը և ուրիշներ: Գիրքը բաղկացած է երկու հատորից՝ «Երդվյալը. Ջաբրայիլի Արծիվը» և «Առաջնագծի մարտիկը»:
Առաջին գիրքը նվիրված է փոխգնդապետ Դավիթ Ռաֆայելի Նազարյանին, որը 18 տարի ծառայել է ՀՀ զինված ուժերում: Այն ներառում է հերոսի մանկությունից մինչև զինվորական ծառայության տարիները և պատերազմի ընթացքը: Պատերազմի ընթացքում հրամանատարն աչքի է ընկել բացառիկ խիզախությամբ՝ օրինակ ծառայելով զինակիցներին և մինչև վերջ հավատարիմ մնալով հայրենիքին տված երդմանը: Գրքում հերոսը ներկայացված է որպես հայ զինվորի հավաքական կերպար:
«Առաջնագծի մարտիկը» գիրքը ներառում է 9 ՊՇ, 3-րդ ՀԳՄ-ի անմահացած տղաների կենսագրությունները, նրանց սխրանքներն ու քաջագործությունները Արցախյան 2-րդ պատերազմի ժամանակ: Հեղինակը նշեց, որ գիրքը լույս տեսավ պատերազմից գրեթե մեկ տարի հետո՝ կապված տեղեկատվության ստացման, ճշտման դժվարություններով:
«Դժվար էր կապ հաստատել սպաների ծնողների հետ, գտել նրանց, ովքեր եղել են ծառայության մեջ, նորից հիշեցնել պատերազմի մասին և այլն: Սակայն իմ ցանկությունն էր հանրությանը տալ հավաստի, ճշտված տեղեկատվություն. պատմել բոլորին նրանց սխրանքների մասին»,-ասաց Մարիաննա Շահինյանը:
Յուրաքանչյուր հատոր լույս է տեսել 400 տպաքանակով՝ գրողի և «Էդիթ Պրինտ» հրատարակչության համագործակցության արդյունքում։
Հեղինակը մեր զրույցում նշեց, որ գրքի վաճառքից ստացված ողջ հասույթը տրամադրվելու է զինծառայության ընթացքում հաշմանդամություն կամ վիրավորում ստացած զինվորներին:
Մարինա ՄԿՐՏՉՅԱՆ