«Այս նախագծով 441 համայնքներ կմիավորվեն եւ կդառնան 37-ը»,-ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած՝ «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի հանրային քննարկման ժամանակ այսօր հայտարարեց հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը։
Նա նշեց, որ որպես Իջեւան քաղաքի նախկին ավագանի եւ Տավուշի նախկին մարզպետ՝ մոտիկից լավ ծանոթ է խոշորացման էությանը․ «Խոշորացումը բավականին դրական գործընթաց է։ Չեմ ուզում առանձին մտնել նշյալ թվով համայնքների նախագծի մեջ, բայց ընդհանուր առմամբ՝ խոշորացումն առավելություններ ունի։ Պատրաստ եմ քննադատություններ լսել եւ հետագայում, ինչու չէ, օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալ։ Խոշորացման նպատակը ֆինանսական եւ մարդկային ռեսուրսների արդյունավետ օգտագործումն է։ Բերդի եւ Դիլիջանի խոշորացման մոդելներն ուսումնասիրելով՝ փաստեմ, որ այդ համայնքներն ավելի արդյունավետ են ծախսում միջոցները։ Փոքր համայնքները, որոնք նախկինում անգամ փոքր խնդիրներ չեն կարողացել լուծել, հիմա կարողանում են։ Օրինակ՝ Բերդի բոլոր համայնքները հիմա ունեն մանկապարտեզ»։
Վահե Ղալումյանը հայտնեց, որ Իջեւանի տարածաշրջանը, որն այսօր դեռ չի խոշորացել, մանկապարտեզների հետ կապված խնդիրներ ունի․ «Բերքաբերում, Ծաղկավանում կան մանկապարտեզներ, որոնց ծախսերը հոգալու հնարավորություն համայնքները չունեն։ Խոշորացման արդյունքում համայնքները կկարողանան նաեւ ավտոպարկեր ունենալ, ճանապարհների խնդիրը լուծել»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ