ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանի շրջանակում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի՝ քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդի հետ:
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի հաղորդագրության համաձայն՝ կողմերը կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային և միջազգային անվտանգության վերաբերյալ: ԱՄՆ պաշտոնական ներկայացուցիչը մատնանշել է Վաշինգտոնի գործակցությունն Ադրբեջանի հետ միջազգային խաղաղության և անվտանգության ոլորտերում և այդ համատեքստում բարձր է գնահատել ադրբեջանցի խաղաղապահների գործունեությունն Աֆղանստանում:
Կողմերն անդրադարձել են տարածաշրջանում ընթացիկ անվտանգային իրավիճակին և 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացմանը: Բայրամովն ասել է, որ Ադրբեջանը «կառուցողական գործողություններ» է արել այդ ուղղությամբ, բայց «Հայաստանը քայլ ընդառաջ չի կատարել»:
Կողմերն ընդգծել են հաղորդակցությունների բացման և պետական սահմանի սահմանազատման կարևորությունը՝ հանուն տարածաշրջանի ապագա խաղաղ զարգացման, ասվում է հաղորդագրության մեջ:
Կարդացեք նաև
Իր հերթին «Թուրան» գործակալությունը նշում է, որ լրագրողների առաջ ելույթում Վիկտորյա Նուլանդն ասել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է օգնություն ցուցաբերել Բաքվի և Երևանի միջև խաղաղության և հաշտեցման շուրջ բանակցություններում, և որ Վաշինգտոնը նախատեսում է «նմանատիպ առաջարկներ» անել կողմերին:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ