Լրահոս
Թեհրանի նուրբ խաղը
Օրվա լրահոսը

Վերլուծաբանը չի բացառում, որ Աֆղանստանի խնդրի պատճառով ԼՂ հակամարտության նկատմամբ ուշադրության նվազումը կարող է մեծացնել երկկողմանի ձևաչափի կարևորությունը

Սեպտեմբեր 22,2021 09:53

«Ամերիկայի ձայն». Թալիբների իշխանության զավթումն ալեկոծեց տարածաշրջանն ու հարևան երկրները: Թուրքիան այսօր ձգտում է ամրապնդվել այստեղ, իսկ Հարավային Կովկասի նկատմամբ դրա արդյունքում ուշադրությունը նվազել է: Ամերիկացի վերլուծաբանը քննարկում է վերջին զարգացումներն Աֆղանստանի շուրջ

Ամերիկյան զորքերի դուրս բերումից ու թալիբների կողմից իշխանությունը զավթելուց հետո Անկարան ձգտում է մեծացնել իր դերակատարությունը Աֆղանստանում՝ հաշվի առնելով վերջին տարիների իր հավակնոտ քաղաքականությունը տարբեր տարածաշրջաններում, ներառյալ Սիրիայում, Լիբիայում, միջերկրածովում, ղարաբաղյան վերջին պատերազմի ընթացքում, նշել է վերլուծաբան Ռոջեր Քանգասը Ջորջթաուն համալսարանի՝ Աֆղանստանի թեմայով կազմակերպած քննարկմանը: Ըստ վերլուծաբանի, սակայն, Աֆղանստանում իրավիճակը զարգանում է ոչ ի օգուտ Թուրքիայի:

«Ամռան սկզբին թվում էր, որ Թուրքիան հիանալի հնարավորություն ունի կարևոր դեր խաղալ հետամերիկյան և հետՆԱՏՕ -ական Աֆղանստանում: Այժմ, պատկերն այնպիսին է, որ Անկարան շատ ավելի քիչ ներկայություն ունի այստեղ, կարող է արգելափակվել կամ ստիպված լինել սահմանափակել իր գործունեությունն Աֆղանստանում»,- ասում է Ռոջեր Քանգասը:

Նա հիշեցնում է, որ շաբաթներ առաջ Քաբուլի օդանավակայանի անվտանգությունը հանձնվել էր Թուրքիային, որը վերահսկում էր Համիդ Քարզայի միջազգային օդանավակայանը: Ըստ վերլուծաբանի՝ դա որոշակի պատրանք ստեղծեց, որ Թուրքիան հնարավորություն ունի առանցքային դեր ստանձնել Աֆղանստանում:

«Թալիբները հստակ հասկացրել են, որ Թուրքիան չունի այդ դերը: Դա համաձայնություն էր Ղանիի կառավարության հետ: Թալիբանի վերաբերմունքն այնպիսին է, որ իրենք կարիք չունեն թուրքական ռազմական կամ անվտանգության ուժերի` իրենց ակտիվները վերահսկելու համար»,- ասում է վերլուծաբանը:

Վերլուծաբանի կարծիքով մի շարք այլ երկրներ կարող են ստանձնել առանցքային դերակատարություն «հետամերիկյան» Աֆղանստանում:

«Առանցքային այդ դերակատարությունը կարող է վերագրվել այնպիսի երկրներին, ինչպիսին են, օրինակ, Քաթարը, որը մեծ վարպետությամբ աշխատել է երկու կողմերի՝ Թալիբանի և Արևմուտքի հետ, ինչպես նաև Ռուսաստանը և Չինաստանը: Այսպես, ես կարծում եմ, որ Թուրքիան այստեղ ունեցել է կորուստ»,- նշում է Քանգասը:

Խոսելով Հարավային Կովկասի վրա ունեցած ազդեցության մասին՝ Ռոջեր Քանգասը գտնում է, որ իրավիճակն Աֆղանստանում ուղղակիորեն չի անդրադառնում հարավկովկասյան զարգացումներին ու մասնավորապես ԼՂ հակամարտությանը: Դրա հետ մեկտեղ, սակայն, ըստ բանախոսի, առկա է անուղակի կապ, քանի որ տարածաշրջանային տերությունների՝ Իրանի, Ռուսաստանի ու Թուրքիայի ուշադրությունը Հարավային Կովկասից տեղափոխվել է դեպի Աֆղանստան:

«Կարծում եմ՝ խաղաղության գործընթացի, բանակցությունների եւ բռնությունների վերսկսման վրա իրական ազդեցության տեսանկյունից առավել մեծ է ուշադրության շեղման գործոնը»,- նշում է նա:

Վերլուծաբանը չի բացառում, որ Աֆղանստանի խնդրի պատճառով ԼՂ հակամարտության նկատմամբ ուշադրության նվազումը կարող է մեծացնել երկկողմանի ձևաչափի կարևորությունը և ստիպել հակամարտող կողմերին՝ Հայաստանին ու Ադրբեջանին ավելի մեծ ջանքեր գործադրել խնդրի կարգավորման ուղղությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930