Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանություն ունենք, auctoritas` ոչ

Սեպտեմբեր 22,2021 10:30

Ինչպես են «օպտիմատները» զսպում «օխլոկրատիայի» հաստատումը

Հին Հռոմում այն հասկացությունը, որը մենք պայմանականորեն թարգմանում ենք որպես «իշխանություն», ուներ տարբեր երանգներ եւ բնորոշվում էր տարբեր բառերով՝ auctoritas (հեղինակություն), potestas (հզորություն), dominium (տիրապետում), imperuim (հրահանգ, hրաման):

Շատ չխճճվելու համար դիտարկենք առաջին երկուսը: Մանավանդ, որ հենց նրանց վրա էր Ք.ա առաջին դարում իր ուշադրությունը դարձնում հռոմեացի հռետոր ու փիլիսոփա Կիկերոնը, որի ամենահայտնի ասույթներից մեկը հնչում է այսպես՝ potestas in populo, auctoritas in senatu, այսինքն` ուժը, հզորությունը (power) ժողովրդից է, հեղինակությունը (authority)` սենատից: Ընդ որում, սենատը հին հռոմեացիների համար օրենսդիր մարմին չէր՝ դա հարգված, կրթված, ապահովված մարդկանց «ակումբ» էր, որը քննարկման արդյունքում ուղղորդում էր երկրի քաղաքականությունը: (Պատահական չէ, որ «սենատ» բառն արեւմտահայերեն թարգմանվում է որպես «ծերակույտ»):

Իհարկե, Կիկերոնը նկարագրում էր զուտ տեսական, իդեալական վիճակը՝ գործնականում, երբ հանրապետական կարգերը Հռոմում փոխարինվեցին կայսրությամբ, միապետերը փորձում էին Սենատ անցկացնել իրենց հավատարիմ մարդկանց՝ ժամանակակից եզրաբանությամբ ասած՝ «իշխող կուսակցության ցուցակով»: Կա անգամ մի առասպել, որ Կալիգուլան ուզում էր սենատոր դարձնել իր ձիուն՝ Ինցիտատին: Բայց նախ՝ իրականում խոսքը ոչ թե սենատորի, այլ կոնսուլի պաշտոնի մասին է, երկրորդ՝ կայսրը չէր իրականացրել իր այդ մտադրությունը. վարկածներից մեկի համաձայն, նա պարզապես կատակում էր՝ ակնարկելով կոնսուլների անիրազեկ լինելը:

Ինքը՝ Կիկերոնը, կոնսուլների համար առանձին դեր էր նախատեսում: Նա գտնում էր, որ կառավարման համակարգը, որը ներկայացված է «մաքուր ձեւով», վնասակար է, եւ առաջարկում էր խառը տեսակ՝ զարգացնելով հույն Պոլիբիոսի գաղափարները: Ըստ այդմ, համակարգը պետք է լինի եռաստիճան. երկու կոնսուլ, որոնք մարմնավորում են միապետական սկզբունքը, սենատ, որը ներկայացնում է «օպտիմատներին» (արիստոկրատիան), եւ ժողովրդական ժողով, որի միջոցով գործում են դեմոկրատական նորմերը` բնականաբար ազատ մարդկանց համար, ոչ թե ստրուկների:

Հետագայում «տերմինաբանական» առումով ամեն ինչ խառնվեց իրար: Օրինակ, երկրի իշխանությունն անգլերեն բնութագրվում է որպես authority, իսկ իտալերեն՝ potenza, եւ երկու լատինական արմատները, այսպես ասած, տանում են իշխանությունը «տարբեր ուղղություններով»: Բայց խնդիրը ոչ այնքան Կիկերոնի բանաձեւի ձեւական կիրառման մեջ է, որքան ժողովրդի ուժի, լեգիտիմության եւ արիստոկրատիայի հեղինակության միասնականության մեջ: Առաջինն` առանց երկրորդի, բերում է «օխլոկրատիայի» (ամբոխի իշխանության), երկրորդն` առանց առաջինի, վերածվում է «վերեւների» կամայականությունների զանազան տեսակների:

Այդ խնդիրները տարբեր պետություններ փորձում են լուծել տարբեր ձեւերով կամ չեն լուծում ընդհանրապես: Արեւմուտքում կան ինստիտուտներ, որոնք իրականացնում են «սենատորների հեղինակության» գործառույթները: Դրանք անկախ են իշխանությունից եւ քաղաքական ուժերից, բայց հաճախ սնվում են պետություններից: (Մեր նման երկրներում, որտեղ իշխանությունն իրեն նույնականացնում է պետության հետ, ցանկացած իշխանավոր կբացականչի՝ «ո՞նց թե, ես փող տամ, որ ինձ քննադատե՞ն»): Դրանք կարող են լինել վերլուծական կենտրոններ, համալսարաններ, լրատվամիջոցներ, առանձին մտավորականներ: Օրինակ, ամերիկացի լեզվաբան եւ փիլիսոփա Նոամ Չոմսկին՝ իր ծայրահեղ ձախ, անարխիզմին մոտ հայացքներով ազդում է ամերիկյան քաղաքականության վրա՝ չնայած պարզ է, որ ԱՄՆ-ում ոչ մի պետական կամ քաղաքական գործիչ ուղղակիորեն, անմիջականորեն Չոմսկու գաղափարները կյանքի չի կոչի: Պարտադիր չէ, այսպիսով, որ «սենատի» գաղափարը ձեւակերպվի ինստիտուցիոնալ մակարդակով, կարեւորը պետական ավանդույթն է, հասարակության ընկալումը:

Հետխորհրդային երկրում ո՛չ իշխանական, ո՛չ էլ հասարակական ընկալումների մակարդակով այդ գաղափարը չկա: Բնականաբար, չենք կարող պնդել, որ ամեն տեղ վիճակը նույնն է: Օրինակների հետեւից հեռու չգնալու համար արձանագրենք, որ հարեւան Վրաստանում հազարավոր մարդիկ իրենց համարում են արիստոկրատի, իշխանի (князь-ի) ժառանգ՝ ոչ այն իմաստով, որ իրենց պապերը հարուստ էին կամ մեծ իշխանություն ունեին, այլ՝ հետեւում էին որոշակի էթիկական նորմերի, դավանում էին որոշակի հոգեւոր արժեքներ, որոնցով այսօրվա ապրողները հպարտանում են ու փորձում են հետեւել:

Հայաստանում հասարակական մտածողության մեջ նման երանգներ չկան: Հեղինակավոր խմբեր կամ անհատներ նույնպես չկան: Ցանկացած կարծիք վարկաբեկելը ad hominem փաստարկով (խոսակցությունն անձնական դաշտ տեղափոխելով) մեկից մեկ է: Հայաստանյան իրականության դաժանությունը նրանում է, որ ամեն մի մարդու հասցեին «կարելի է» ասել՝ «բա դու ո՞վ դառար, որ խոսում ես»:

20-րդ դարում մենք, ինձ թվում է, չունեինք հայերեն գրող ավելի նշանավոր արձանագիր, քան Հրանտ Մաթեւոսյանն էր: Բայց այնպես չէ, որ Քոչարյանի իշխանության օրոք իշխանությանը քծնողների լեզուն չէր պտտվում նրա հասցեին անհարգալից բառեր գրելու կամ ասելու:

Ռուսաստանում, Հայաստանում եւ մի շարք այլ երկրներում փորձեր են արվում նաեւ ստեղծել «հեղինակավոր սենատի» նման կառույցներ՝ մեզ մոտ այն կոչվում է «Հանրային խորհուրդ»: Բայց, կարծում եմ, բոլորը կհամաձայնեն, որ այդ կառույցն իր նպատակներին չի ծառայում, եւ ամենեւին էլ պատահական չէ, որ խորհուրդը սկզբից ղեկավարում էր Սերժ Սարգսյանի, իսկ հետո՝ Նիկոլ Փաշինյանի ջերմեռանդ կողմնակիցը:

Այդ մեխանիզմը մեր երկրում չի գործում: Մնում է միայն ավելացնել, որ մենք բազմաթիվ արժանի մարդիկ ունենք թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում: Բայց ինչպես կարելի է նրանց դարձնել auctoritas, ես առայժմ չեմ պատկերացնում:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Արմեն Հակոբյան says:

    Հարգելի Արամ, կարծում եմ, կամ ՑիցերոՆ, կամ Կիկերո։ Բովանդակության առումով’ հարգանքներս:

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Ճիշտն ասած, վարանում էի անվան տարադարձության հետ կապված: Բայց տեսնելով, որ հայկական համացանցում գերակշռում է Կիկերոնը, որոշեցի այդպես գրել: Պարզ է, որ համացանցային մեծամասնությունը չափանիշ չէ: Կհուշե՞ք, թե որն է, ըստ Ձեզ, իրական չափանիշը:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930