Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արցախին առնչվող անորոշությունները շատ են, իսկ հարցերի հարցը նրա հետագա ճակատագիրն է. «Հայացք Երեւանից»

Սեպտեմբեր 22,2021 09:30

Սեպտեմբերի 10-ին ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստում չընդունվեց Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը Արտաքին հարաբերությունների եւ Արցախի հարցերի մշտական հանձնաժողով վերանվանելու մասին «Հայաստան» խմբակցության նախագիծը: Ավելի վաղ նույն հանձնաժողովը մերժել էր խմբակցության մեկ այլ նախագիծ՝ ակնհայտորեն մտացածին հիմնավորումներով: Այն Արցախի հարցով ԱԺ մշտական հանձնաժողովի ստեղծում էր նախատեսում: Ընդդիմախոսները, սակայն, պնդում էին, որ նոր հանձնաժողովը, ըստ էության, կրկնելու է մի շարք այլ՝ արդեն գործող հանձնաժողովների գործառույթները։ «Բնականաբար, նրանք որեւէ քայլ այդ ուղղությամբ չեն անելու, քանի որ ադրբեջանական կողմի հետ ունեն պայմանավորվածություն, որ այլեւս չեն շոշափվելու «Արցախ» կամ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» անվանումները: Իշխանությունը հող է նախապատրաստում հերթական փաստաթղթի՝ խաղաղության պայմանագրի ստորագրման համար»,- ասել է Արցախի Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

Նրա խոսքով՝ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո կսկսվեն Հայաստանի ու Ադրբեջանի սահմանների զատման եւ սահմանագծման աշխատանքներն այն հաշվով, որպեսզի այդ գործընթացներն ամբողջությամբ գոհացնեն Ադրբեջանին ու Թուրքիային։ Եվ երբ բոլոր պահանջները Հայաստանի իշխանությունները կատարեն, «Արցախ» եզրույթը, ըստ Հակոբյանի, դուրս կգա գործածությունից. «Իշխանությունն ուղղակի ձեռքերը կլվանա, եւ ՀՀ-ն կդառնա Արցախի համար որեւէ պատասխանատվություն չկրող երկիր»,- ցավով հավելել է ընդդիմադիր գործիչը։ Իրականում նրա ասածների մեջ ոչ մի չափազանցություն չկա. Կառավարության՝ օգոստոսի 25-ին ԱԺ ներկայացրած ծրագրում արդեն իսկ բացակայում էր «Արցախի Հանրապետություն» եզրույթը:

Կառավարության ծրագրի այդ տեքստային բացթողումը չի վրիպել նաեւ ԱԺ ընդդիմադիր պատգամավորների տեսադաշտից: «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը ԱԺ-ի իր ելույթում հարցն ուղղել էր դահլիճում ներկա իշխանավորներին. «Դա ձեր քաղաքականությո՞ւնն է, դա որեւէ այլ պայմաններո՞ւմ է դուրս մնացել Կառավարության ծրագրից, դա մտածելակե՞րպ է, թե ինչ է: Միգուցե պայմանավորված է նրանով, որ Ադրբեջանի հետ հարաբերություններ չսրելու խնդի՞ր կա»,- հարցամտել է պատգամավորը՝ այդպես էլ չստանալով որեւէ ողջամիտ պատասխան: Նա նկատել է նաեւ, որ փաստաթղթի՝ Արցախին նվիրված հատվածում խնդրի կարգավորումը դիտարկվում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ներքո՝ կարգավիճակի վերջնական հստակեցման ու ինքնորոշման իրավունքի հիման վրա, սակայն ՀՀ արտաքին քաղաքականությանը վերաբերող հատվածում Արցախի կարգավիճակի հարցը մղված է հետին պլան։

Դատելով ամենից, կարգավիճակը միակ անտեսված խնդիրը չէ: Արցախին առնչվող անորոշությունները շատ են, իսկ հարցերի հարցը նրա հետագա ճակատագիրն է: Ի՞նչ է սպասվում հայկական Արցախին, ո՞րն է նրա լինելիության առհավատչյան: Ադրբեջանը համարում է, որ Ղարաբաղի հիմնախնդիրն այլեւս լուծված է եւ ջանում է մի կողմից՝ օր առաջ Երեւանի վզին փաթաթել խաղաղության պայմանագիր կոչված փաստաթուղթը, որով նախատեսվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում՝ Արցախի ներառմամբ, մյուս կողմից՝ չի շտապում ստորագրել շփման գծում ռուսական խաղաղապահ ուժերի ներկայության մանդատը: Իրենց հերթին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան անընդունելի են համարում ռուս խաղաղապահների մուտքը տարածաշրջան, ինչը, ըստ նրանց, համանախագահների միջեւ պայմանավորվածության խախտում է:

Գեւորգ ԲՐՈՒՏԵՆՑ

Հոդվածն ամբողջությամբ՝ Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) «Հայացք Երեւանից» պարբերականի 29-րդ համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930