Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պետք է խոսելու «սիրտ ունենալ»

Սեպտեմբեր 22,2021 10:00

Սեպտեմբերի 21-ին խոսեց իշխանությունը եւ հայտարարեց, որ Հայաստանում սկսվել է խաղաղության դարաշրջանը: Իմ ականջին դա բավականին ցինիկ է հնչում այն պարագայում, երբ մեր բազմաթիվ հայրենակիցներ թշնամու ձեռքում են, երբ անգամ հիմա, երբ պատերազմից գրեթե մեկ տարի անց, հայտնաբերվում են զոհվածների աճյուններ, երբ ադրբեջանցիները գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքում (բոլոր տեսակի քարտեզներով), երբ Գորիս-Կապան ճանապարհին թշնամին կարող է ցանկացած պահի կանգնեցնել մեր եւ իրանցիների մեքենաները եւ ցանկացած գործողություններ իրականացնել դրանց հանդեպ: Վերջապես, երբ Թուրքիայի եւ Ադրբեջանի ղեկավարների հայտարարություններն ամենեւին խաղաղ չեն՝ չնայած մեր իշխանավորների ականջին դրանք հնչում են որպես «դրական» ազդակներ»: Ես, ճիշտն ասած, խաղաղությունն այդպես չեմ պատկերացնում:

Պետության 30-ամյակի առթիվ խոսեց նաեւ ընդդիմությունը, եւ հայտարարեց, որ ամեն ինչ կորած է, որ անկախություն չկա, պետություն չկա, եւ միակ ելքը Փաշինյանին հեռացնելն է, որից հետո գուցե մի բան ստացվի: (Հետաքրքիր է՝ ի՞նչ):

Ինձ պակասում է նրանց ձայնը, որոնք պետական անկախությունն իսկապես արժեք են համարում, նրանց, ովքեր իրենց համարում են 1988-90 թվականների գաղափարների ժառանգորդը: Այսօր մի տեսակ ամոթալի է համարվում խոստովանել, որ դու այս կամ այն սկզբունքների ջատագովն ես: Կոնկրետ այս դեպքում կա մտավախություն, որ քեզ կհայտարարեն «լեւոնական», «ՀՀՇ-ական», «մթի-ցրտի կազմակերպիչ» կամ «վայրի լիբերալիզմի կողմնակից»: Քանի որ ես այդ բոլոր «մերկացնող» պիտակներից չեմ վախենում՝ ասեմ, որ, իմ կարծիքով, 1991 թվականին մեր պետությունը ստեղծվել էր ճիշտ հիմքերի վրա: (Թե ինչ սխալներ եւ հանցագործություններ են դրանից հետո կատարվել ու կատարվում՝ բոլորովին այլ խոսակցություն է): Իշխանությունը, ընդդիմությունը եւ հասարակության մեծ մասը մերժում են այդ հիմքերը, եւ ես այստեղ լուրջ խնդիր եմ տեսնում:

Իմ բարեկամներից մեկը՝ Աշոտ Ոսկանյանը, սեպտեմբերի 21-ին գրել էր, որ նրանք, ովքեր բարոյական իրավունք ունեն անկախության մասին արտահայտվելու, որովհետեւ գիտեն դրա արժեքը, այդ մարդիկ «սիրտ չունեն» խոսելու: Կարծում եմ, այստեղ էլ լուրջ խնդիր կա: Նրանք, ովքեր 90-ականներին անկեղծ էին, նվիրված էին որոշակի գաղափարների՝ պարտավոր են հիմա խոսել: Նրանց ձայնը գուցե բարձր չհնչի «ստանդարտ» երգչախմբի մեջ, բայց դա պետությունը պահպանելու թերեւս աղոտ հույս է թողնում:

…Ռեյ Բրեդբերիի հայտնի վեպում գրքեր կարդացողները նույնպես ճնշող փոքրամասնություն էին կազմում՝ գրքեր այրողների «ամենահաղթ զանգվածի» մեջ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930