Հայաստանի Անկախության 30-ամյակի կապակցությամբ Ռումինիայի Սենատի Նախագահ Անկա Դրագուի շնորհավորական ուղերձը
«Սիրելի հայեր,
Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա 30-ամյակի կապակցությամբ ուրախությամբ շնորհավորում եմ և Ձեզ եմ հղում խաղաղության, բարեկեցության և բարգավաճման իմ բարեմաղթանքները։ 30 տարի առաջ այս օրը Հայաստանը հռչակեց իր անկախությունը Խորհրդային Միությունից, և Ռումինիան առաջին պետություններից մեկն էր, որը ճանաչեց Հայաստանի կարգավիճակը՝ որպես անկախ և ինքնիշխան պետություն։
Դիվանագիտական հարաբերությունների վերջին 30 տարվա ընթացքում մենք շարունակել ենք լինել հայկական պետության և հասարակության բարեփոխումների և ժողովրդավարացման գործընթացի աջակիցը և շարունակել ենք ակտիվորեն սատարել Եվրոպական միության հետ Հայաստանի Հանրապետության հարաբերությունների ամրապնդմանը՝ խրախուսելու տնտեսական զարգացումը, ինչպես նաև տարածաշրջանային կայունությունը և անվտանգությունը։
Հայ և ռումինացի ժողովուրդներն ունեն պատմական կապեր, ինչպես նաև համագործակցության և խաղաղ ու ներդաշնակ համատեղ կեցության երկարամյա ավանդույթներ։ Ռումինիայի հայ համայնքը կարևոր դեր է խաղացել մեր պատմության ընթացքում։ Այնպիսի անհատներ, ինչպիսիք են Գեորգե Ասակեն, Վասիլե Կոնտան, Կարապետ Իբրըիլյանուն, Սպիրու Հարեթը, Վիրջիլ Մաջարուն և խոշոր պոետ ու մաթեմատիկոս Յոն Բարբուն ընդամենը մի քանի օրինակն են այն նշանակալից ներդրման, որ ունեցել են Ռումինիան որպես իրենց երկիր ընտրած հայերի ժառանգները։ Այս ամենն ընդլայնում և հարստացնում է մեր հարաբերությունների հիմքերը։
Մեր երկկողմ համագործակցությունը հիմնված է եղել ժողովուրդների միջև բարեկամության և համերաշխության վրա, որը դրական ազդեցություն է ունեցել քաղաքական, տնտեսական, մշակութային և կրթական ոլորտներում։
Ես վստահ եմ, որ Ռումինիայի և Հայաստանի Հանրապետության խորհրդարանները կարևոր ներդրում կունենան մեր երկկողմ հարաբերությունների զարգացման վրա բոլոր ոլորտներում՝ ի բարօրություն մեր ժողովուրդների և ամբողջ տարածաշրջանի, լինի դա քաղաքական երկխոսություն, տնտեսական համագործակցություն, մշակույթ և կրթություն, թե միջազգային կազմակերպություններ։
Ես ևս մեկ անգամ շնորհավորում եմ Ձեզ Անկախության օրվա տարեդարձի կապակցությամբ և հավաստիացնում, որ մեր բարեկամություն հարատև է»։