Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրի Սարգսյանը ստել է. 44 օրյա պատերազմում զոհվածի մայր

Սեպտեմբեր 21,2021 20:25

«Ինձ համար զարմանալի է, զայրացնող եւ վրդովվեցնող, որ պետական շատ բարձր պաշտոնատար անձը կարող էր իրեն թույլ տալ՝ նման կերպ աղավաղել  ինֆորմացիան»,- դեպի Եռաբլուր պանթեոն երթի ժամանակ, լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողներից Ալենի մայրը՝ Նազենի Տերտերյանը: Նա այն 16 մայրերից է, ովքեր մասնակցել էին Նաիրի Սարգսյանի հետ հանդիպմանը, որի ընթացքում զոհվածների մայրերին էր ներկայացվել այսօր Հանրապետության հրապարակում իշխանության կազմակերպած տոնակատարությունների ծրագիրը: Հիշեցնենք, զոհվածների ծնողների հետ հանդիպումից հետո, Նաիրի Սարգսյանը ֆեյսբուքյան գրառում էր արել այն մասին, որ իր հետ հանդիպումից հետո, զոհվածների ծնողները շնորհակալություն են հայտնել՝ նման բարձր մակարդակի միջոցառում կազմակերպելու համար:

Զոհվածի մայրը, ով այսօր մասնակցում էր դեպի Եռաբլուր պանթեոն երթին, ասաց, որ օգտվելով հնարավորությունից, իրենք այդ հանդիպման ժամանակ բարձրացրել են հարցեր, որոնք կուտակվել են մեկ տարի, իսկ հանդիպման ավարտին, իբրեւ դաստիարակված մարդիկ, շնորհակալություն են հայտնել հանդիպման եւ իրենց լսելու համար:

«Արմատապես խեղաթյուրել, ձեւափոխել 16 որդեկորույս մոր ասածը միանգամից՝ բացարձակ անթույլատրելի է: Ես պաշտոնապես հայտարարում եմ եւ իմ խոսքը կվկայակոչեն նաեւ մնացած 15 մայրերը, որոնք այդ օրը կառավարության շենքում մասնակցել են հանդիպմանը, մինչեւ վերջ մնացել են եւ նրանցից ոչ մեկը, ոչ մի պարագայում ոչ գոհունակություն է հայտնել կազմակերպվող միջոցառման համար, ոչ շնորհակալություն: Ճիշտ հակառակը, մեզ համար խիստ զարմանալի էր, երբ անգամ մեր տղաների շիրիմները պատրաստ չեն, երբ մի քանի օրից լրանում է մեր տղաների մահանալու մեկ տարին, բացարձակ անթույլատրելի է Եռաբլուրում դեռեւս ընթացող շինարարական աշխատանքների փաստը»: Ալենի մայրը պատմեց, որ իրենք զոհվածների ընտանիքներին վերաբերվող այլ խնդիրների մասին էլ են բարձրաձայնել: Նա նաեւ հավելեց, որ ստացել են իշխանության կողմից կազմակերպվելիք «գունագեղ» միջոցառմանը մասնակցելու հրավեր, բայց 16 մայրերից ոչ մեկը այն չի ընդունել: Տիկին Նազենին պնդեց, որ իր խոսքը ներկայացվել է հատվածաբար եւ այն համատեքստում, որը որ հարմար կլիներ իշխանական քարոզչությանը՝ հավելելով, որ երեք ժամ տեւած հանդիպումից հետո 15-20 րոպեանոց հարցազրույցում իրենք ներկայացրել են իրենց հուզող խնդիրները, մինչդեռ իրենց խոսքից մի քանի վայրկյան է հեռարձակվել: Նա ասաց, որ համաձայնություն են տվել մեկ բանի՝ որ եթե երաժշտություն է հնչելու, հնչի երգեհոնային երաժշտություն, պահանջել են չեղարկել «գունագեղ» միջոցառումը եւ հրավառությունը:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930