Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Անկախության իրական տերերը այսօր Եռաբլուրում են». Կարին Տոնոյան (Ֆոտոշարք)

Սեպտեմբեր 21,2021 19:01

«Մենք այսօր, իմ խորին համոզմամբ, չունենք անկախություն, որ տոնենք այս օրը, նաեւ չունենք տրամադրություն տոնելու այս օրը: Անկախության իրական տերերը այսօր Եռաբլուրում են»,- այսօր Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված, հետմահու Արցախի հերոս կոչման արժանացած Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը: Նա նաեւ «5165 շարժման» ղեկավարներից է:

Հիշեցնենք, Ազատության հրապարակից զոհվածների հարազատները երթով շարժվելու են Եռաբլուր պանթեոն՝ ջահերով ու մոմերով, հարգանքի տուրք մատուցելու արցախյան պատերազմներում զոհվածների հիշատակին:

«Մեր զավակներն իրենց կյանքով, իրենց մահով ապացուցեին, որ իրենք են տերերը: Ինձ համար անկախության միակ չգրավված ամրոցը այսօր մնում է Եռաբլուրը, հետեւաբար, մենք ցանկություն հայտնեցինք մի քանի մայրերով, որ գնանք դեպի Եռաբլուր: Մենք ուզում ենք գնալ, երդվել մեր զավակներին, որ շարունակելու ենք մեր պայքարը եւ մի օր անպայման վերադարձնելու ենք Հայոց անկախությունը: Այսօր ինքնախաբեությամբ տառապելը ծիծաղելի է, մեր անկախությունը ամենուր գրավված է: Սահմաններին եւ ռուսական դրոշ կա, եւ ադրբեջանական դրոշ կա: Մեր զավակներին առեւանգումը են մեր սահմաններից ու մենք ոչինչ չենք կարողանում անել: Մենք անգամ մեր գերիներին պահանջելու համարձակություն չունենք, միջնորդությունը ռուսական կողմն է անում: Այս ամենը վկայությունն է նրա, որ այսօր անկախություն չունենք»,- ասաց Կարին Տոնոյանը՝ հավելելով, որ խեղճացած հայոց դրոշի ներքո, մեր երկրի ղեկավարը խնդրում է, որ թշնամին իր հետ հանդիպի, ինչը երբեւէ չէր եղել եւ ինչը շատ վիրավորական է:

Կարին Տոնոյանը կարծում է, որ այս օրը պետք է նշել, ոչ թե տոնել. «Պետք է ռազմական հաստատությունների ուսանողները քայլեին, որպես ապագա բանակի այսօրվա կերտողներ: Պետք է նրանց հետեւից քայլեին աշակերտները՝ մեր հերոսների նկարներով, որպեսզի ցույց տային, որ այդ հերոսների հետեւից գալիս է նոր սերունդ, որը պետք է այդ հերոսների արյան գնով պաշտպանած հայրենիքին տեր կանգնի: Նրանց հետեւից թող հրավիրեին մեզ՝ մայրերին, որ մենք մեր տղաների ձեռքից ընկած դրոշը մեր ձեռքին պահած՝ գուցե արցունքով, բայց հպարտությամբ կքայլեինք այդ շարքերով: Դրանից հետո էլ թող գային հայ մարդիկ, որոնք հասկանում են, որ հային երբեւէ ընկճել հնարավոր չէ, որոնք հավատում են դրան: Կան այս երկրում հազարավոր մարդիկ, որոնք որքան էլ ընկճվել են չեն կոտրվել»:

Կարին Տոնոյանի կարծիքով, ավելի լավ է մեռնել, քան սեփական երկրում ապրել իբրեւ ռուսի, թուրքի կամ որեւէ օտարի ճորտ: Ավելին, ըստ նրա, եթե մենք չունենք արժանապատվություն եւ ոտքի չենք կանգնելու հանուն մեր պետության եւ ինքնիշխանության, ապա արժանի ենք վերանալու երկրի երեսից: Ամեն դեպքում, Կարին Տոնոյանի գնահատմամբ ներկայիս իրավիճակը ժամանակավոր է եւ շատ շուտով մենք ուժ կգտնենք եւ ցույց կտանք, որ երկրի տեր ունենք եւ դա մեր փառահեղ երիտասարդներն են: Բանախոսի պնդմամբ, ցավոք, մեր իշխանությունն այսօր դեմ է մեր պետությանն ու անկախությանը, բայց բոլոր իշխանություններն էլ ժամանակավոր են: Նա հավատում է, որ մոտ է օրը, երբ իրապես տոնելու ենք անկախության տոնը եւ դրոշն էլ ծածանելու են արցախյան պատերազմներում զոհվածների մայրերը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930