Լրահոս
Օրվա լրահոսը

Անկախության համեստ տոն Գյումրիում՝ առանց ճոխ բեմի ու պաթետիկ ելույթների

Սեպտեմբեր 21,2021 18:40

Հայաստանի Անկախության 30-րդ տարեդարձը Գյումրիում նշվեց առանց մեծ ու ճոխ միջոցառումների՝ նահատակված հերոսների շիրիմներին ծաղիկներ խոնարհելով, հայրենիքին ծառայություններ մատուցած, պատերազմին մասնակցած անձանց պարգևատրելով ու հայրենասիրական երգեր հնչեցնելով։ Հետաքրքիրն այն է, որ Անկախության տոնը Շիրակի մարզային ու Գյումրու քաղաքային իշխանությունները նշեցին առանձին օրակարգով, թեև երկու կառույցների պաշտոնյաներն էլ տոնը սկսեցին Շիրակ» գերեզմանատուն՝ հերոսների պանթեոն այցելելով, այդուհանդերձ նրանց այցի ժամերը տարբեր էին։

Շիրակի մարզպետարանի միջոցառումը Գյումրու  Ձիթղոցոնց տուն-թանգարանի բակում էր, որտեղ Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը պարգևատրեց 44-օրյա պատերազմում հայրենիքին իրենց  նվիրումը ցուցաբերած մի քանի համայնքապետերի, դպրոցի տնօրենների, զինղեկների, ինչպես նաև պատերազմի մասնակիցների, ուժային կառույցների ներկայացուցիչների։

Պարգևատրման պաշտոնական արարողությունն ուղեկցվեց Գյումրու սիմֆոնիկ նվագախմբի ու ժողգործիքների պետական համույթի հայրենասիրական կատարումներով։

Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն, շնորհավորելով Անկախության տոնն, ասաց, որ թեև 30 տարիների ընթացքում մեր երկիրը փորձություններով լի ճանապարհ է անցել, սակայն դրանք մեզ կոփել են ու հասցրել այն համոզման, որ անկախ ու ազատ երկրում ապրելն այլընտրանք չունի։

«Ես խոնարհվում եմ անկախության ու հայրենիքի պաշտպանության համար կյանքերը զոհաբերած բոլոր հերոսների հիշատակի առջև, վերջին պատերազմը ևս բացառություն չէր, անկախությունը կարողացանք պահել կյանքերի գնով, արյան գնով։

Եվ հիմա, առավել քան երբևէ մենք պետք է հավատարիմ մնանք նրանց հիշատակի, նրանց անգնահատելի գործի առաջ, պետք է ապրենք նրանց հիշելով ու համոզված եմ՝ մեր սերունդներն էլ են գիտակցելու այդ անգնահատելի զոհաբերությունը, որի շնորհիվ կա մեր երկիրը, իսկ այդ զոհաբերությանն արժանի լինելու համար պետք է ապրել ու լուսավոր ապագայի համար արարել անտրտունջ ու միասնական», -ասաց մարզպետը։

44-օրյա պատերազմին մասնակցած զինվորներին էլ պարգևատրեցին Գյումրու քաղաքապետարանի նիստերի դահլիճում։ Պատվոգրերն ու հուշանվերները հանձնում էր Գյումրու փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը, քանի որ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը դեռ արձակուրդում է։ Միջոցառման ընթացքում պարգևատրեցին 44-օրյա պատերազմի 58 մասնակցի։

Շիրակի մարզպետի կողմից պարգևատրված Սամվել Ոսկանյանը, որը Լուսակերտի միջնակարգ դպրոցի զինղեկն է, պատերազմի ընթացքում թողել էր աշխատանքը, ընտանիքը՝ կնոջն ու երկու անչափահաս որդիներին և մեկնել է հայրենիքի սահմանները պաշտպանելու,ասաց․  «Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր տղամարդ պարտավոր է  մասնակցել երկիր պաշտպանությանը։

Թող  այս պատերազմը լինի վերջինը, ես մասնակցել եմ ու  անհրաժեշտություն դեպքում նորից եմ մասնակցելու, Աստված չտա, եթե նորից պատերազմ լինի, ես առաջիններից մեկը կլինեմ, որ կգնամ։ Հայաստանը իմ հայրենիքն է, իմ երկիրն է, իմ ընտանիքն է, իմ ժողովուրդն է ու մասնակցել-չմասնակցելու հարցը քննարկման չպիտի դրվի»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարները՝ «Առավոտ»-ի, ինչպես նաև Շիրակի մարզպետարանի ու Գյումրու քաղաքապետարանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930