A1+. «Ես և իմ փաստաբանը` Կարեն Թումանյանը, 13 տարի շարունակ համոզված էինք, որ խախտվել էր հավաքների ազատության իմ իրավունքը: Ուղղակի ես նույնիսկ մոռացել էի այդ գործը»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասում է Գյումրիի «Ասպարեզ» մամուլի ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը։ Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գտել է, որ 2008թ մարտի 2-ին՝ Արտակարգ դրություն հայտարարելու հաջորդ օրը խախտվել է նրա իրավունքը, երբ ոստիկանությունը թույլ չի տվել ակցիայի մասնակցել Գյումրիի Թատերական հրապարակում։
Լեւոն Բարսեղյանը պատասխանել է «Ա1+»-ի մի քանի հարցի։
– Երբ Ձեզ թույլ չտվեցին հավաք անցկացնել, այդ ժամանակ արտակարգ դրությունը Գյումրիում չէր հայտարարված, այլ Երևանում, հնարավո՞ր չէր հայաստանյան դատարաններին համոզել, թե ինչ է տեղի ունեցել:
– Եվրադատարան դիմելու առիթ դարձել էր այն դեպքը, երբ մարտի 2-ի առավոտյան գյումրեցիները ինքնաբուխ հավաքվում էին Գյումրու թատերական հրապարակում, ես էլ նրանց հետ էի և ոչ ոք չկար կազմակերպիչներից: Ես մոտեցա հրապարակին, մայթին ոտքս դնելու պահից ոստիկանները հարձակվեցին ինձ վրա, սկսեցին հրմշտել, վիրավորել, մեկը կար` Վազգեն Հարությունյան, ասաց` այնքան մարդու գլուխ կերաք, հիմա էլ եկել եք այստեղ: Սկսեց հրել դեպի փողոցի բանուկ մասը, որտեղ ակտիվ երթևեկություն կար և չթողեց մտնեի հրապարակ: Բռնեցին, տարան, պահեցին ժամերով, հարցեր էին տալիս, ասում էի, որ Սերժիկ Սարգսյանի և Քոչարյանի մենթերի հարցերին չեմ պատասխանելու, ասում էին` Դուք իրավունք չունեք մեր հարցերին չպատասխանելու և այլն: Սա է եղել՝ ոչ թե հավաք կազմակերպել, այլ հավաքին մասնակցել: Իրենց բացատրությունն այն էր, որ արտակարգ դրություն է հայտարարված, բայց մենք բացատրում էինք, որ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով արտակարգ դրություն հայտարարված է Երևան քաղաքի վարչական տարածքում և ոչ թե դրանից դուրս: Բայց դա իրենց չէր հետաքրքրում, իրենք հրաման էին կատարում` ամբողջ երկրով մեկ ահաբեկման ռեժիմ ապահովելով:
Մանրամասները՝ տեսանյութում