Լրահոս
Թեհրանի նուրբ խաղը
Օրվա լրահոսը

«Մենք բոլորս պետք է հասկանանք, որ մեր երկիրը թուրքանալու է». Արմեն Ռուստամյան

Սեպտեմբեր 21,2021 18:00

«Մենք այս աստիճանի հոբելյան երբեք չենք ունեցել: Երբ 30-ամյա հերոսական անցյալը մեծամասամբ կորսված է»: Այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը: Նրա խոսքով՝ «Ցավոք, այսօր մենք ավելի հաճախ խոսում ենք կորուստների, քան ձեռքբերումների մասին: Մենք ունենք զգալի կորուստներ, բայց հայ ժողովրդի հավատը դեռ մնում է: Մենք բազմիցս ապացուցել ենք, որ ամենադժվար պահերին կարող ենք համախմբվել, մոբիլիզացվել եւ հասկանալ, որ դանակը հասել է ոսկորին եւ անհրաժեշտ է միաբանություն, որ կարողանանք մեր ուժի ճիշտ աղբյուրները տեսնելով՝ համախմբվել: Ես վստահ եմ, որ հայ ժողովուրդը եւս մեկ անգամ կարող է դա ապացուցել»:

Արմեն Ռուստամյանը նաեւ ասաց, որ պարտավոր ենք վերագտնել մեզ եւ կրկին հաղթանակներ պարգեւել մեզ:

Հարցին՝ այս իշխանությունների հետ ինչպես են պատկերացնում միասնությունը, պարոն Ռուստամյանը պատասխանեց. «Այո, իսկապես շատ տարբեր են կարծիքները, բայց դա նշանակում է, որ մենք պետք է կամ-կամի մեջ ընտրենք այն տեսլականը, որը որպես ազգ մեզ պահպանողն է, որը որպես ազգ մեզ ապագա խոստացողն է: Իշխանությունները իրենց ոգեւորության մեջ փորձում են ներկայացնել, թե Հայաստանում ճգնաժամ գոյություն չունի, այս ընտրությունները հաղթահարել են այդ ճգնաժամը, որեւէ խնդիր չկա, որովհետեւ ճգնաժամը ոչ թե ընտրությունների արդյունքներն են, որոնք պետք է ցույց տան, այլ ճգնաժամն այն պատճառներն են, որոնք առաջացել են այս պատերազմի պարտությունից: Քանի դեռ չենք խոսել պարտության պատճառներից, ճգնաժամի հաղթահարման մասին խոսելն ավելորդ է»:

Ըստ պարոն Ռուստամյանի, նորանոր պարտվողական գործընթացներ են մեզ պարտադրվում. «Հարեւանների ախորժակը միշտ էլ մեծ է եղել, նրանք անընդհատ չեն բավարարվում եղածով եւ միշտ էլ պայքարելու են ավելին ստանալ: Հիմա մարդկանց թմրեցնելու հերթական փորձն է: Իսկ ամենակարեւորը պետք է հասկանանք՝ ինչպիսի Հայաստան ենք ուզում. մի ճանապարհը Հայաստանի թուրքացումն է: Մենք բոլորս պետք է հասկանանք, որ թուրքանալու է մեր երկիրը: Քիրվայություն անելու ցանկություններով դա նյոքարություն է նշանակում: Այսինքն՝ մենք պետք է այստեղ նվաստացած ապրենք: Հայ ժողովուրդը պետք է սթափվի ու հասկանա, որ չպետք է այս տարածքներում նավաստացած ապրի, սա իր պապերի ժառանգած տարածքներ են»:

Հարցին՝ Նիկոլ Փաշինյանն Էրդողանի հետ հանդիպում է ակնկալում ի՞նչ ունի Փաշինյանը խոսելու Էրդողանի հետ հարցին, պարոն Ռուստամյանն ի պատասխան ասաց՝ «Պարզ չէ՞ ինչ պայմաններում է Թուրքիան ակնկալում խաղաղություն: Խաղաղությունը, որ ասում են՝ կամ պարտադրում ես, կամ մուրում ես, հիմա մեր իշխանությունները գնում են մուրալու ճանապարհով: Իսկ խաղաղություն մուրալ մեկից, որը քո ոչնչացումն է ուզում, մենք պետք է հասկանանք՝ դա նշանակում է առնվազն ապրել նվաստացած այս տարածքում: Իրականում Հայաստանից բան չի մնա: Հայաստանը տարածաշրջանում կորցնում է աշխարհաքաղաքական դերակատարությունը»:

Նրա խոսքով, Հայաստանը աշխարհին հետաքրքրել է երեք հարցով՝ Արցախ, որի 75 տոկոսը արդեն կորցրել ենք, Մեծամորի ատոմակայան եւ Սյունիք. «Եթե Սյունիքն էլ կորցնենք՝ դա նշանակում է հայտնվել աշխարհաքաղաքական պարկի մեջ, դու այլեւս ոչինչ քեզնից չես ներկայացնում, դու առարկա ես, գործոն ես՝ այս կամ այն երկրների ձեռքում»:

Ասաց, որ «Հայաստան» դաշինքը խոչընդոտում է խաղաղություն մուրալուն, որովհետեւ գիտեն դա ուր է տանելու:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Լուսանկարը՝ «Հայաստան» դաշինքի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930