Լրահոս
Թեհրանի նուրբ խաղը
Օրվա լրահոսը

Կառավարության անդամները եւ իշխանական պատգամավորները չեն տեսնում, որ իրենց աչքի առջեւ արգելվում է լրագրողների ազատ տեղաշարժվելու իրավունքը

Սեպտեմբեր 21,2021 17:51

Անկախության 30-ամյակի օրը երկրի բարձրաստիճան պաշտոնյաները, ԱԺ իմքայլական պատգամավորները, կառավարության անդամները ոստիկանական եւ անվտանգության մեծաթիվ ուժերի ներգրավմամբ լրագրողների ազատ տեղաշարժը արգելափակելով եւ զոհվածների հարազատներից ոմանց բերման ենթարկելով՝ աչքից հեռու մտան Եռաբլուր:

Տարածքում ազատ շարժվելը թույլատրվեց միայն այն ժամանակ, երբ առաջին դեմքերը հեռացան: Այնուամենայնիվ, լրագրողները հասցրին մոտենալ իշխող կուսակցության պատգամավորների եւ կառավարության մի քանի անդամների՝ իմանալու, թե ո՞ւմ հրամանով են խախտվել զանգվածային լրատվամիջոցների իրավունքները եւ իրենք ինչպե՞ս են գնահատում այդ ակնհայտ հակաժողովրդավարական քայլը:

Ինչպես եւ սպասվում էր, նրանք կամ ընդհանրապես չպատասխանեցին հարցերին, կամ տվեցին խուսափողական պատասխաններ: Մասնավորապես, ԱԺ իմքայլական պատգամավոր, պետական-իրավական մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հրաժարվեց պատասխանել Aravot.am-ի հարցին: Ըստ նրա, Եռաբլուրը այդպիսի հարցերի տեղը չէ: Եվ դա այն դեպքում, որ տասնյակ լրատվամիջոցներ եկել էին Նիկոլ Փաշինյանի այցը Եռաբլուր լուսաբանելու, սակայն չգիտես՝ ում քմահաճույքով լրագրողներին քշել էին մի փոքրիկ հատված, որտեղից ոչինչ չէր երեւում: Պարոն Վարդանյանը հարցերը հնչեցնելու եւ դրանց պատասխանելուն հարիր վայր էր առաջարկում:

Իսկ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը սկզբում այդ երեւույթը արդարացրեց այն հանգամանքով, թե յուրաքանչյուր նման միջոցառում ունի անվտանգային պահեր: Լրագրողների հարցին, թե իշխանությունները լրագրողների՞ց են վախենում, նախարարը հակադարձեց, թե ոչ ոք ոչ մեկից չի վախենում: «Մենք այցելել ենք գերեզմաններին, ծաղիկներ ենք դրել, խունկ ենք ծխեցրել, զրուցել ենք սգացող ծնողների, նրանց հարազատների հետ: Փնտրել ենք մեր ծանոթների, մեր շրջապատի տարբեր գերեզմաններ: Հիմա դուք հարցեր եք բարձրացնում, որ լրագրողական իմաստով միգուցե ձեզ շատ հետաքրքիր է, բայց, կներեք, այսօր այդ օրը չի, որ ես մեկնաբանեմ մի բան, որը չեմ տեսել, բայց դուք ասում եք՝ եղել է»:

Առնվազն, տարօրինակ է, որ պարոն Դումանյանը, որ ՀՀ նախագահի, կառավարության մյուս անդամների, ԱԺ ղեկավարության, պատգամավորների հետ միասին շարք կազմած սպասում էր Նիկոլ Փաշինյանի գալուն, չի տեսել, թե ինչպես էին կարմիր, սեւ, կապույտ բերետավորները անմիջապես իրենց աչքի առջեւ լրագրողներին արգելում դուրս գալ նրանց համար սահմանված հատվածից:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930