Լրահոս
Օրվա լրահոսը

«Առաջին սրբապիղծը իրենք են, սրանք մարդ կոչվելու իրավունք չունեն…. Փաշինյանին հանդիպեմ, 3 հարց եմ տալու՝ ի՞ր հրամանով է եղել». Զոհված հերոսի հորը կանչել են ԱԱԾ

Սեպտեմբեր 21,2021 17:24

Այսօր Եռաբլուրում Արցախի հերոս, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի հերոս Նարեկ Գեւորգյանի հայրը՝ Ռոման Գեւորգյանը Aravot.am-ի հետ զրույցում պատմեց, թե ինչպես են կառավարության մոտ իր բողոքի ցույցից հետո իրեն տարել Ազգային անվտանգություն ու ինչ խոստումներ են տվել:

Նա հայտարարել էր, որ որդու շիրիմը պղծել են, իր դրած շիրմաքարը հանել ու ուզում է հանդիպել վարչապետ Փաշինյանի հետ՝ իմանալու՝ ի՞ր հրամանով են դա արել, թե՞ ոչ:

Ռոման Գեւորգյան

Ռոման Գեւորգյանն ասաց, որ որդու շիրիմը սարքել է ավելի վաղ, քան կլիներ որոշում, որ 44-օրյա պատերազմի բոլոր զոհերի շիրիմները միանման պետք է լինեն: Նա ասել է, որ եթե բոլորինն իսկապես միանման են լինելու, ինքն իր ձեռքով իր դրած շիրմաքարը կհանի. «Իմ երեխեն ոչ մեկից չի տարբերվում: Բայց առանց իմ գիտության գիշերով ,թուրքի նման, որ մարդ չի լինում, թուրքի նման գալի՝ս մտնում են երեխուս շիրիմը քանդում են: Այս ամեն մի շիրիմի քարը եկեղեցու քար է: Ասում են՝ մենք քրիստոնյա ենք, թուրքն է քանդում մեր եկեղեցիները, մեր գերեզմանները թուրքն է պղծում, այսօր մեր հող ու ջրի մեջ մեր սրբավայրում հերոսների շիրիմներ են պղծում էդ պղծվածները: Ես իրեն հանդիպեմ, երեք հարց եմ տալու՝ դա ի՞ր հրամանով է քանդվել»:

Վարդան Ավետիսյան

Պաշտպանության նախարարի խորհրդական Վարդան Ավետիսյանը ավելի վաղ պարզաբանել էր. «Ծնողին հորդորել ենք Եռաբլուրում չկառուցել դամբարանատիպ շիրմաքար՝ ստվերելով այլ շիրմաքարեր, բայց չի լսել խնդրանքը։ Բոլորովին կապ չունի, թե Ռոման Գևորգյանը ֆինանսական ինչ ներդրումներ է կատարել այդ շիրմաքարը պատրաստելու համար, կան բազմաթիվ ծնողներ, որոնք ֆինանսական նման հնարավորություններ չունեն, իսկ դա չի նշանակում, թե ինքը պետք է գերագնահատի իր ֆինանսական կարողությունները և նման քայլի գնա: Սակայն ծնողն անդրդվելի է մնացել, ինչի պատճառով պաշտպանության նախարարությունը որոշում է կայացրել սահմանված չափորոշիչներին համապատասխանող շիրմաքար կառուցել՝ մնացած բոլորի հետ համապատասխանեցնելու սկզբունքով: Օգոստոսի 6-ից մինչև ապամոնտաժման օրը բազմիցս հորդորել և խնդրել ենք: Բոլոր ծնողներն ընդունել են նախարարության չափորոշիչները, բայց ինքը բոլորից տարբերվում է, իսկ դրա արդյունքը եղավ այն, ինչ եղավ»:

Ռոման Գեւորգյանը պատմեց, թե ինչ են իրենք խոսել, երբ իրեն հրավիրել են Ազգային անվտանգության ծառայություն. «Պարոն Աբազյանը (նկատի ունի ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին,- Հ. Ջ.) ինձ ասել է, մենք պայմանավորվածության ենք եկել, ասել է՝ գնա, մինչեւ երեկոյան քարը կբերենք՝ կդնենք: Փաստորեն, իրենք իրենց ասածներին տեր չեղան: Պիտի սաղ պատասխան տան: Ինձ ասում էին՝ իրենք պատասխանատվության են ենթարկվելու: Իրենց բերանի բառերն են՝ որ մտնեն սրբավայր, դա սրբապղծություն է Եռաբլուրում քար հանելը, դա պարոն Աբազյանի բերանի խոսքն է: Ես մի բան եմ ասել՝ երեխու քարը, որ հանել են, գողացել են, ինչ են արել, հաշվի քո երեխեն է, եթե դուք ազգասեր մարդ եք, պիտի մի վայրկյան շուտ այդ սրբապիղծին բռնեք, պատժեք: Բայց մինչեւ այսօր ոչ որեւէ մեկը պատժվել է, ոչ էլ: Այսօր մարդիկ կան, ասում են՝ գնացին հավաքվեցին կառավարության դեմը, հետո դադարեցրեց: Ես ասեմ՝ մենք ԱԱԾ պետի հետ եկել ենք համաձայնության, դրա համար եմ այդ օրը դադարեցրել, որ բերելու են քարը դնեն՝ այդ պայմանով: Եթե բոլորը կլինեն միանման, ուրեմն իմ երեխու քարը ես իմ ձեռներով կհանեմ: Իսկ եթե կտարբերվի, կլինի սպիտակ, սեւ, ուրիշ գույների, դա չեղավ միանման: Եթե եղավ 4 տիպ, ուրեմն կլինի հինգերորդը: Ես իրենց հետ նման համաձայնության եմ եկել՝ նախարարի հետ, սուտասան Վարդան կա այստեղ՝ թազա գեներալ Վարդան Ավետիսյանի հետ: Իրենց ՊՆ-ի լրատվամիջոցը իրեն նկարում է, ինձ ասում է, իբր բազմիցս ծնողին տեղյակ ենք պահել, որ պետք է ապամոնտաժենք: Ինքը մեզ տեղյակ չի պահել: Ես իր հետ հանդիպել եմ մոտ 2 անգամ, ասել է՝ նախարարն ուզում է հանդիպել ձեզ հետ, օր են նշանակել՝ հանդիպել ենք: Համաձայնության ենք եկել, թույլ են տվել, որ սաղ մատերիալը բերեմ ու իմ երեխու շիրիմը սարքեմ: Դրանից հետո գիշերը 4-ի կողմերը եկել՝ քանդել են: Ամեն մի քարը տոննա ու կես է, ես կռանով եմ իջեցրել, չէին կարող գալ, ձեռքով գրկեին, տանեին: Այստեղ կռան է աշխատել, կամ ջարդել են, տարել են ու ոչ մեկը տեղյակ չի: Այսինքն, այսօր նույն ադրբեջանցին, որ մտել է արդեն Վայք, եթե անվտանգություն չկա այստեղ, կարող են գալ ու պղծելով մեր հերոսներին՝ գնան: Որ ասում են՝ ադրբեջանցի, այսօր ադրբեջանցին չի, առաջին սրբապիղծը իրենք են, սրանք մարդ կոչվելու իրավունք չունեն, առաջին թուրքերը իրենք են: Նիկոլ Փաշինյանը պետք է իր բերանով ասի՝ ի՞ր հրամանով է որդուս շիրիմը քանդվել, թե՞ չէ…Գիտե՞ս ինչ է լինելու, Քադաֆիին որ իր ընտանիքով ժողովուրդը ջախջախեց, այսօր մենք արդեն 7000 հոգուց ավել զոհ ունենք, այդ ծնողներին իրենք պատասխան են տալու»:

Ռոման Գեւորգյանն այսօր կասկածում է նույնիսկ, որ իր որդու մարմինն է հուղարկավորված. «ԴՆԹ-ի պատասխանը չեն տվել, շատ բաներ եմ կասկածում, նույնիսկ ուզում եմ արտաշիրմում անեմ, արդեն չեմ հավատում սրանց: Ամեն ինչ հնարավոր է: Եթե այսօր կարողանում են սրանք սրբապղծություն անեն, ուրեմն ամեն ինչ էլ կանեն: Ես մարմինը չեմ ճանաչել, մի հատ հեռախոս են տվել ու վերջ: Մարմին են տվել, ես չգիտեմ՝ ի՞մ երեխու մարմինն է, թե՞ չէ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930