ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Անկախության 30-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել Նիկոլ Փաշինյանին
Վլադիմիր Պուտինի շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Հարգելի Նիկոլ Վովայի,
Ընդունեք, խնդրեմ, անկեղծ շնորհավորանքներս Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 30 -ամյակի կապակցությամբ:
Կարդացեք նաև
Ռուս-հայկական հարաբերությունները կրում են բարեկամական, դաշնակցային բնույթ: Մեր պետությունների միջև հաստատվել է սերտ համագործակցություն տարբեր ոլորտներում, կառուցողական փոխգործակցություն ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի և ԱՊՀ շրջանակներում: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք այսուհետ ևս կշարունակենք հզորացնել երկկողմ գործընկերությունը բոլոր ոլորտներում:
Այսօր Հայաստանը ստիպված է բախվել լուրջ մարտահրավերների: Ելնում ենք նրանից, որ նոյեմբերյան և հունվարյան եռակողմ պայմանավորվածությունների հետևողական իրականացումը ամենաբարձր մակարդակով կապահովի Ձեր երկրի և ողջ Անդրկովկասյան տարածաշրջանի խաղաղ, բարեկեցիկ զարգացումը:
Մաղթում եմ Ձեզ, հարգելի Նիկոլ Վովայի, քաջառողջություն և հաջողություններ, իսկ Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ երջանկություն և բարգավաճում»։
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինի ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի Նիկոլ Վովայի,
Ռուսաստանի Դաշնության կառավարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:
Բարեկամության, գործընկերության և դաշնակցային սկզբունքների վրա հիմնված ռուս-հայկական հարաբերություններն առաջանցիկ զարգանում են բոլոր ուղղություններով: Ամրապնդվում է առևտրատնտեսական և ներդրումային համագործակցությունը, հաջողությամբ իրականացվում են էներգետիկ, արդյունաբերական և տրանսպորտային ենթակառուցվածքների համատեղ ծրագրերը:
Համոզված եմ, որ կառավարությունների ակտիվ աշխատանքը կնպաստի գործնական համագործակցության հետագա հզորացմանը, Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն փոխգործակցության խորացմանը:
Մաղթում եմ Ձեզ, հարգելի Նիկոլ Վովայի, քաջառողջություն և հաջողություն Ձեր պատասխանատու գործունեության մեջ, իսկ Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ երջանկություն և բարգավաճում»։
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ