Այսօր՝ Անկախության տոնին Եռաբլուր էին այցելել «Հայաստան» խմբակցության պատգամավորները:
Արթուր Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Ես հասկանում եմ, որ այսօր որեւէ մեկս տոնական տրամադրություն չունի, բայց նույնիսկ այս պայմաններում մենք պիտի արժեւորենք անկախության խորհուրդը: Այսօր, երբ մեր անկախությունը կանգնած է կործանման եզրին՝ անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, պետք է կարողանանք բռունցքվենք, միավորվենք եւ մեր արժանի հարվածը հասցնենք արտաքին թշնամիներին: Ինչպես նաեւ պետք է հասկացնենք ներքին թշնամիներին, որ իրենց դավերը, որ փորձում են նյութել մեր ազգի դեմ, դատապարտված են ձախողման»:
Հարցին՝ կկարողանա՞նք ոտքի կանգնել ու տոնել անկախությունն այնպես, ինչպես նախկինում էինք նշում՝ Արթուր Խաչատրյանը պատասխանեց. «Իշխանությունը պատկանում է ժողովրդին ու եթե ժողովուրդը միակամ ու իր հուժկու խոսքն ասի, որեւէ իշխանություն, անկախ նրանց ունեցած քաղաքական նպատակներից, չի հաջողվի այդ ամեն ինչից: Բանալին ժողովրդի ձեռքում է, եթե ժողովուրդը միավորվի, որեւէ իշխանություն, որքան էլ ազգադավ նպատակներ ունենա, որքան էլ փորձի թաքնվել ժողովրդի տված պողպատե մանդատի ետեւում, երբեք չի հաջողի»:
Կարդացեք նաև
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը դժվարացավ Անկախության տոնի մասին իր խոսքում շնորհավորել բառն արտաբերել՝ հաշվի առնելով այն իրավիճակը, որում գտնվում ենք հիմա. «Այն մարտահրավերները, որ ունենք հիմա մեր պետականության առջեւ, երբեւէ չենք ունեցել ու նաեւ այն խորհուրդը, որն այսօրվա օրն է պարտադրում, երբեւէ չենք ունեցել: Հազարավոր տղերքի մարտիրոսման պայմաններում դժվար է խոսել տոնի մասին»:
Մանրամասները՝ տեսանյութում
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ