«Լիակատար անկախության մասին այսօր դժվար է խոսել, որովհետեւ ինքնիշխանությունն արտահայտվում է առաջին հերթին նրանով, որ դու ունես տարածք, բնակչություն, տնտեսություն եւ այդ տարածքի տերն ես, տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության: Այսօր, երբ ադրբեջանցիները գտնվում են մեր սահմաններում, սադրանքներ են կազմակերպում շատ տեղերում, լկտի են պահում իրենց, մեր տարածքներից դուրս չեն գալիս, խոսել լիակատար ինքնիշխանության մասին շատ դժվար է»,- այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
Նա հիշեցրեց, որ երբեք էլ հայ ազգը դյուրին իրավիճակում չի եղել, միշտ էլ դժվարություններ ենք ունեցել ու ցանկացած այսպիսի հարված պիտի կարողանանք օգտագործել՝ գոտեպնդվելու ու արդյունքի հասնելու համար: Օհանյանն ասաց, որ ադրբեջանցիները օրըստօրե մխրճվում են մեր սահմանների մեջ, սադրանքներ են կազմակերպում, իսկ դա խոսում է այն մասին, որ այս իշխանությունները ադեկվատ որոշումներ չեն կարողանում ընդունել: Միգուցե նրանք հաջողում են հրապարակներում, փողոցներում, բայց ոչ սահմանի վրա:
Սեյրան Օհանյանն ասաց, որ Անկախության տոնին նվիրված գունագեղ միջոցառումներին մասնակցելու հրավեր է ստացել «Հայաստան» խմբակցությունը ու հրաժարվել է մասնակցել:
Կարդացեք նաև
Խոսելով Էրդողանի հայտարարության մասին, որ Փաշինյանը Վրաստանի վարչապետի միջոցով խնդրել է հանդիպում իր հետ՝ Սեյրան Օհանյանն ասաց, որ հիմա մենք այն վիճակում չենք, որ կարողանանք գնալ նրանց հետ հանդիպումների. «Դեռեւս մենք հարեւան պետություններ չենք: Թուրք-ադրբեջանական հռետորաբանությունները, նրանց գործողությունները Սյունիքի, Գեղարքունիքի սահմաններում միակողմանի ճնշման տակ են պահում ՀՀ-ն, իսկ այդ ճնշումից պետք է դուրս գալ: Այսօր ՀՀ իշխանությունները առաջին հերթին հենց նրանց պետք է պատասխանեն, ոչ թե այստեղ՝ խաղաղ տեղերում մեր իսկ բնակչության նկատմամբ ճնշումներ գործադրեն: Այսօրվա իշխանությունների օրոք անհնարին է խոսել անկախության, ինքնիշխանության մասին: Անհնարին է խոսել, երբ որ մեր երկրի սահմանները անառիկ չեն»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ