Լրահոս
Օրվա լրահոսը

Հակառակ երկրի կողմը

Սեպտեմբեր 21,2021 15:00
armen darbinyan

Երևի «դասականը» սխալվել է: Շփոթել է բառերի դասավորությունն իր դարակազմիկ աշխատության մեջ: Ցավոք, երեսուն տարիների արդյունքում մենք ստացել ենք Հակառակ Երկիր՝ մեր պատկերացումներին, երազներին, խոհերին, շահերին հակառակ: Այս երեսնամյա պատմության գրեթե յուրաքանչյուր հանգրվանին մենք հայտարարել ենք մի բան՝ արել մեկ ուրիշ, կամ հայտարարել ենք այնպիսի բան, որը չէր կարող տեղավորվել մեր ազգային և պետական առաջնահերթությունների մեջ: Բայց՝ հերթով.

Ղարաբաղյան շարժումը, որը արագացուցիչ հանդիսացավ Սովետական Միության փլուզման գործում, մենք սկսեցինք “Ленин, Партия, Горбачев” ազգակործան վանկարկումով՝ ազատություն և ազգային արժանապատվություն խնդրելով մի կուսակցությունից, որը գաղափարապես շատ ճշգրիտ ձևով էր անցկացրել ազգամիջյան բաժանարար գծերը՝ այնպես, որ երբևէ և որևէ բաժանում անհնար դառնա՝ անկախ ԽՍՀՄ Սահմանադրության մեջ առկա ինքնորոշման դրույթից: Մենք արդարություն և գործողություն էինք պահանջում այդ կուսակցության այնպիսի ղեկավարից, որը հայտնի էր արդեն այն ժամանակ իր փափկասուն կեցվածքով ու որոշիչ գործողությունների անունակ տեսակով: Եվ վերջապես, մենք տալիս էինք հեղափոխական առաջնորդի անունը՝ առաջնորդի, որի հակահայ որոշումներն ու գործողությունները պիտի որ մեզ հեռու պահեին անգամ նման մտքից: Երազում էինք խաղաղ, արժանապատիվ, արդար հանգուցալուծում դարավոր անարդարությանը՝ ստացանք ջարդ, Ադրբեջանի հայաթափում, հարյուր հազարավոր փախստականներ, պատերազմ:

Դեռևս 1989 թվականին պաշտոնապես ընդունեցինք և հայտարարեցինք ի լուր աշխարհի Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին: Այնուհետև կարծես ամաչեինք մեր այդ որոշման համար, քաշվեինք և խուսափեինք այն արտահայտելուց: Այնինչ դա շատ գրագետ ձևակերպված՝ ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման ճանաչման փաստ էր մեր պետության կողմից՝ ճիշտ է, դեռևս ԽՍՀՄ կազմում, բայց այնուամենայնիվ: Եվ փոխանակ Հայաստանի Հանրապետությունը դարձնեինք աշխարհում ինքնորոշման համար պայքարող ցանկացած ազգի կամ միավորման առաջին պաշտպան՝ խուսափեցինք Արևելյան Թիմորի, Կոսովոյի, Ղրիմի ճանաչումը ձևակերպելուց և վախվորած նայում էինք աշխարհի մեծամեծների շարժումներին:

Անկախության Հռչակագրում ամրագրեցինք կրթության, գիտության և մշակույթի սեփական համակարգի ստեղծման կարևորությունը, փոխարենը ստացանք մնացորդային սկզբունքով թերֆինանսավորվող ոլորտներ, ինչը բերեց 90-ականներին գիտության գրեթե իսպառ վերացման, 2000-ականներին կրթության համակարգը ընդամենը իշխանությունների վերարտադրմանը ծառայեցնելուն, իսկ մշակույթը ռաբիսով փոխարինելուն: Հիշեցնեմ, որ հարևան Վրաստանում հանրային վայրերում և/կամ հեռարձակման համար կարելի է կատարել միայն պետական լիցենզավորում ստացած երգեր և ստեղծագործություններ: Մշակույթի սեփական համակարգի ստեղծումը հենց սա է: Իսկ մեր խելոքները արդարանում էին, թե «տալիս ենք այն, ինչ ժողովուրդն է ուզում լսել»: Արդյունքում ստացանք շքեղ հարսանիքներ «կյանքի տերերի» մասնակցությամբ, որոնցում հատուկենտ էին իրոք հայկական կատարումները, պարում և զվարճանում էինք ազգովի՝ օտար հնչյունների ներքո: Սերիալների մասին չարտահայտվեմ. առավել զորեղ բան՝ ազգային արժեհամակարգի ձևավորման ձախողումը արմատավորելու համար դժվար է պատկերացնել:

Նույն Հռչակագրում ամրագրեցինք հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին մեր պետության սատար կանգնելու պարտավորությունը՝ անկախության առաջին տարիներին դրա մասին իսպառ մոռանալով և որևէ գործողություն չկատարելով: Անդրադարձանք միայն 1998 թվականի իշխանափոխությունից հետո՝ այն էլ որպես պետություն բացարձակ պատկերացում չունենալով, թե ո՞րն է մեր վերջնական նպատակը այս հարցում՝ հո՞ղ ենք ետ պահանջում, իրավունքնե՞ր, թե ի՞նչ: Ունենալով այս հարցը պետության արտաքին քաղաքականության առաջնահերթություններում, այնուամենայնիվ հայտարարում էինք, որ պատրաստ ենք Թուրքիայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատման, իսկ ցեղասպանության նկատմամբ պահանջատիրության հարցում անամոթաբար թաքնվում էինք Սփյուռքի մեջքի հետևում՝ կարծես դա տարհանված ընտանիքների ժառանգների հարցն է, այլ ոչ պետության:

Արցախի հարցում ամրագրեցինք ազգերի ինքնորոշման սկզբունքի գերակայությունը, սակայն թույլ տվեցինք մեզ ներքաշել տարածքների փոխանակման կործանարար կոնցեպտների քննարկման մեջ:

Հայտարարեցինք Հայաստանը որպես նախկին ԽՍՀՄ հանրապետությունների մեջ ազատական մոդելի դրոշակակիր երկիր՝ բացարձակ հաշվի չառնելով այն հանգամանքը, որ պատերազմող երկրում, որտեղ ուղղակի հրամայական է տնտեսական և քաղաքական մոբիլիզացիոն մոդելը, հնարավոր չէ երբևիցե կառուցել ազատական երկիր: Արդյունքում օրինաչափորեն ստացանք ֆիդայական բարքերի վրա հիմնված ռազմական դիկտատուրայի կլասիկ օրինակ՝ համեմված վիետնամական սինդրոմով, երբ ուժի զոռով սկսեց կիրառվել պետությունը քայքայող սկզբունքը. կռված տղերքին՝ ամեն ինչ, մնացածին՝ ոչինչ:

Հայտարարելով Քրիստոնեությունը որպես ազգային ինքնության հիմնական տարր, ոչ կենցաղում, ոչ էլ հանրային դրսևորումներում այդպես էլ չկարողացանք մեզ դիրքավորել որպես իրական քրիստոնյաներ: 301 թվականը ոչ միայն հեռու է թվում, նաև՝ կապ չունեցող այսօրվա մեր արժեհամակարգի հետ:

1999-ին եզակի խոհեմությամբ դրսևորված միասնականությունը մեր իսկ սեփական ձեռքով գնդակահարեցինք՝ ամոթալի նախերգանք ստեղծելով քրիստոնեության 1700-ամյակի շեմին:

Ավետեցինք տարածաշրջանի ՛՛ամենից կազմակերպված երկիր՛՛ ստեղծելու մասին՝ վերածելով այն այլախոհության նկատմամբ կազմակերպված կտտանքների ու բռնաճնշումների համակարգի: Այո, կազմակերպված բռնաճնշումների երկիր էինք, ոչ ավելին:

Հայտարարելով ազատ շուկայական մրցակցության գերակայության մասին՝ կլասիկ թայֆայական տնտեսություն ստեղծեցինք, բուծեցինք ազգային արժեքներին բացարձակ անհաղորդ օլիգարխատ, որի միակ պարտավորությունը վստահված տարածքներից չընտրություններում ձայներ ապահովելն էր: Մեծ հաշվով մեզ հաջողվեց պատմության անիվը ետ պտտել՝ XXI դարում ֆեոդալական կարգեր հաստատելով:

Բարբաջեցինք ժողովրդավարական արժեքների գերակայության մասին՝ մեկը մյուսի հետևից ձախողելով համապետական ընտրությունները: Ազգային համախմբման, արժեքների միավորման, գաղափարական համադրությունների փոխարեն ստացանք ամեն անգամ ջարդուփշուր, ծեծուջարդ, ամոթալի հետընտրական գործընթացներ:

Իբրև թե ժողովրդավարությունը հզորացնելու նպատակով կառավարման համակարգ փոխեցինք, չկայացած կուսակցությունների հենքով խորհրդարաններ ձևավորեցինք, որոնց միակ առաքելությունը դարձավ գործադիրում բազմած «շեֆերի» պաշտպանությունը, այլ ոչ երկրի արդյունավետ կառավարումը:

Ավետեցինք «սիրո և հանդուրժողականության» հեղափոխության մասին, արեցինք հակառակը՝ ատելությունը դարձնելով քաղաքական դիսկուրսի միակ փաստարկը:

Հայտարարում ենք «խաղաղության դարաշրջան» բացելու մասին՝ դիմացը ստանում ենք նվաստացումների ու ազգային արժանապատվության նսեմացման տարածաշրջանային շարան՝ չհասկանալով որ նշված «դարաշրջանը» միայնակ չես բացի, և այն չի հաջողի, եթե իրագործվում է ազգային արժանապատվության հաշվին:

Այո, ցավով փաստում ենք. անկախության երեսնամյա հոբելյանին հասել ենք նվաստ վիճակում, ստացել ենք հակառակ երկիր և հայտնվել ենք այդ Հակառակ Երկրի Կողմը:

Ելքը մեկն է. դադարեցնել պետական մակարդակով երեսպաշտությունը, հստակ սահմանել ազգային նպատակները, պետությունը դարձնել ազգային գերակայություն, ազգային կրթությունը, գիտությունը և մշակույթը բարձրացնել պետականորեն որպես առաջնային խնդիր և արժեք, արժեվորել մարդուն՝ մեր գլխավոր և, Փառք Աստծո, մշտապես վերարտադրվող ռեսուրսը:

Շնորհավոր Տոնդ, Հայաստան:

Հայաստան, որը նոր ենք ստեղծելու:

 

Արմեն ԴԱՐԲԻՆՅԱՆ

Պրոֆեսոր,

ՀՀ նախկին վարչապետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Daniel Defoe says:

    Հարցս ուղղում եմ Առավոտ օրաթերթի հարգելի խմբագրերին։ Էս տոն օրով դուք է՞լ եք համաձայն, որ
    1. Արցախի ինքնորոշման հարցը համարժեք է Ղրիմի բռնակցման գործընթացներին։
    2. «Մեր իսկ սեփական ձեռքով գնդակահարեցինք»
    Ամենաամոթլին այն է, որ երկրի նախկին վարչապետի ձայնն այսքան էժան է։
    Էս անկախությունը քո սեփականությունը չի, որ սենց հեգնանքով շնորհավորես։ Ու քեզ դուրս դնելով շնորհավորանքից, որը իր բնույթով ավելի նախընտրական մանիֆեստի էր նման։ Ինչևէ։ Երբ տոն օրով սիրտ չունես, մի քիչ ֆիզիկական աշխատանք արա, օգնում ա։ Գնա մի հատ անխնամ գազոն գտի 3րդ Մաս կամ Բանգլադեշ ու սկսի Նոր Հայաստանի կառուցումը։ Ո՞վ ա բռնել։ Թե՞ Заратустра не позволяет: Աստված օգնական

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930