Լրահոս
Թեհրանի նուրբ խաղը
Օրվա լրահոսը

Երիտասարդ իրավաբանը ստեղծել է անվճար կրթարան՝ բոլոր հայերի համար

Սեպտեմբեր 21,2021 14:46

Արամ Հունանյանը ծնվել է Մոսկվայում, նա միջազգային իրավունքի մասնագետ է, իրավաբան, ապրում է եւ Մոսկվայում, եւ Երեւանում, զբաղվում է կրթական ծրագրերով, քանի որ նրա խոսքով` մեր փրկությունը գիտելիքից դեպի գիտակցությունն է: Aravot.am-ի հետ զրույցում ասում է, որ փորձում է իր հնարավորությունների միջոցով առավելագույնս օգտակար լինել: Նա ստեղծել է Մտքարան ինտելեկտուալ հարթակը, որը միտում ունի վերաճելու համահայկական ցանցի:

Արամն ասում է, որ տարիներ առաջ սոցհարցումներ է իրականացրել, զրուցել տարբեր մասնագետների հետ եւ հասկացել, որ անհրաժեշտ է ստեղծել մի ծրագիր, որի միջոցով հնարավոր կլինի հայոց պատմությունը եւ մշակույթը մատչելի ձեւով ներկայացնել հանրությանը: 5-6 տարի առաջ Երեւանում իրականացված հարցումների արդյունքներն ուղղակի ապշեցրել են նրան, պարզվել է , որ մարդիկ ոչինչ չգիտեն, օրինակ` Շահան Նաթալիի մասին, կամ շատերը չեն կարողացել անգամ 4 տող արտասանել Պարույր Սեւակից: Արամ Հունանյանի խոսքով, նախկինում Մտքարանը ավելի շատ մշակութային ծրագրեր է իրականացրել, այժմ այն իրենից ներկայացնում է առցանց կրթարան:

Մտքարանն արդեն 13000 հետեւորդ ունի, նպատակն այն է, որ յուրաքանչյուր հայ եւ ոչ հայ մտնի այդ հարթակ, ու անվճար ստանա գիտելիքներ մեր մշակույթի, հայ գրականության եւ հայոց պատմության մասին: «Այժմ նաեւ կայք ենք ստեղծում: Ամեն ինչ ինքնուրույն եմ անում՝ իմ միջոցներով, ոչ մեկից կախված չեմ… Ինքս նկարում եւ մոնտաժում եմ տեսանյութերը: Բացի վիդեո ձեւաչափից, մենք նաեւ օֆլայն հանդիպումներ ենք կազմակերպում, դասախոսություններ: Սովորաբար դասախոսության շրջանակում 4 բանախոս եմ հրավիրում, յուրաքանչյուրը ելույթ է ունենում 15 րոպե: Բանախոսներից 2-ը պարտադիր կայացած մարդիկ են , մյուս 2-ը՝ ուսանողներ»,- մանրամասնում է մեր զրուցակիցը:

Նա փաստում է, որ ցավոք, ադրբեջանցիներն ավելի ակտիվ են գործում, նրանց մասին շատ են գրում, մենք հակազդելու խնդիր ունենք, հայկականության մասին շատ տեղեկատվություն տարածելու խնդիր: Մտքարանի դասախոսությունները կայանալու են եւ Հայաստանում եւ Մոսկվայում՝ երկու շաբաթը մեկ անգամ:

Արամը կրկին շեշտում է՝ հարթակում առկա բոլոր նյութերն անվճար են, մնում է կրթվել: Նրա խոսքով, այդ հանդիպումները նաեւ հնարավորություն են տալիս ներկայացնելու մեր հրաշալի երիտասարդներին, որոնց ներուժը չի օգտագործվում: Հերթական հանդիպումը սեպտեմբերի 29-ին է կայանալու՝ ՌԴ-ում ՀՀ դեսպանատանը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները՝ Արամ Հունանյանի ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930