Ինչ եք կարծում, կարո՞ղ էին մեր երկու քաղաքացիները շեղվել Գորիս-Որոտան ճանապարհից լրագրողների հարցին, Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն ասաց՝ այդ հարցը ուղղեք տվյալ անձանց. «Մեկնաբանություններ այդ հարցով շատ են արվել, քանի որ դա պաշտպանության նախարարության, զինված ուժերի հետ անմիջապես առնչություն չունի՝ չեմ մեկնաբանում: Ազգային անվտանգությունն այդ հարցով հայտարարություն արել է, դա ընդունեք ի գիտություն»:
Ըստ Արտակ Դավթյանի, ստեղծված իրավիճակից պետք է դուրս գալ վատ տրամադրությունը հաղթահարելով եւ աշխատելով:
Հարցին, Գորիս-Կապան ճանապարհի այն հատվածը, որտեղ այժմ ադրբեջանցիներ են, հայկակա՞ն է, թե՞ ոչ՝ պատասխանեց. «Ազգային անվտանգության ծառայությունն ունի հայտարարություն այդ առումով, Գլխավոր շտաբը մեկնաբանություններ չունի»։
Գորիս-Կապան ճանապարհի՝ ադրբեջանցիների զբաղեցրած հատվածին այլընտրանք ճանապարհ կառուցելով արդյոք չենք ընդունում, որ հրաժարվում ենք մեր ճանապարհից՝ հարցին ի պատասխան, Արտակ Դավթյանն ասաց՝ հարցը չի առնչվում Զինված ուժերին:
Կարդացեք նաև
Դիտարկմանը՝ հարցը վերաբերում է անվտանգությանը, պարոն Դավթյանը պատասխանեց․ «Անվտանգությանն ի՞նչն է առնչվում, ճանապարհ սարքելը Զինված ուժերի՞ խնդիրն է կամ որտեղով պետք է անցնի ճանապարհը։ Այդպիսի խնդիր չկա։ Յուրաքանչյուրն իր տեղում իր աշխատանքը պետք է կատարի բարեխղճորեն»։
Արտակ Դավթյանի խոսքով, անվտանգության համար, եթե պետք է՝ կարող է դասախոսություն կարդալ. «Ես ձեզ կհրավիրեմ դասախոսության։ Երկրի անվտանգությամբ զբաղված է յուրաքանչյուր գերատեսչություն իրեն տրված մասով։ Մենք անվտանգություն ենք ապահովում»։
Շտաբի պետը նաեւ ասաց, որ ինքը երթևեկում է այդ ճանապարհով եւ նորմալ գնում՝ գալիս է:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ