Լրահոս
Օրվա լրահոսը

«Քոչարյա՞նը… Լավ, ներվերս մի խախտի, եթե դուք հույս եք դրել Քոչարյանի վրա, խնդրեմ, գնացեք». Սասուն Միքայելյանը նյարդայնացավ

Սեպտեմբեր 21,2021 14:11

ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանն այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում հորդորեց անկախությունը ուրիշ որեւէ բանի ետ չխառնել: Նա միասնության ու համախմբվածության կոչ արեց. «Մենք անկախ պետություն ենք՝ բոլոր միջազգային պետություններում ճանաչված ու պիտի կարողանանք մեր անկախությունը պահպանենք: Ես, որպես ԵԿՄ նախագահ, իմ գործն եմ անում, հզորացնում եմ ԵԿՄ-ն, համալրում եմ երիտասարդներով, որ Աստված մի արասցե, ոտնձգություն լինի նորից մեր ՀՀ պետական սահմանի դեմ, մենք կանգնենք: Ոտնձգություններ կան, կլինենք, մենք առավել ծանր վիճակի մեջ ենք: Եթե թողնենք, կուսակցություններն ամեն մեկն իր հետաքրքրություններով ուրիշ բան է քարոզում: Մենք պիտի իրար հետ լինենք հիմա առավել, քան երբեւէ»:

Խոսելով իշխանությունների հայտարարած խաղաղության օրակարգի մասին՝ Սասուն Միքայելյանն ասաց, որ այսօր մեր զինված ուժերը, մենք «այն աստիճան ուժեղ չենք, որ կարողանանք զենքի միջոցով արդյունքի հասնենք, բայց դա չի նշանակում, որ պետք է ամեն հարցում համաձայնենք սուսուփուս Ադրբեջանի հետ: Եթե այսօր բանակցային ճանապարհ են բռնել խաղաղ ճանապարհով, մենք պիտի չխանգարենք, բայց նաեւ պիտի թույլ չտանք, որ բանակցողն իր ուզած ձեւով ոնց ուզի անի, ով ուզում է լինի»:

Անդրադառնալով գունագեղ տոնակատարությանը՝ Սասուն Միքայելյանն ասաց. «Գունագեղ բառը չեմ հասկանում, բայց մենք մեր անկախությունը պիտի նշենք: Այս զոհերը մենք անկախության համար ենք տվել, եթե մենք անկախությունը չնշենք, այսինքն` մենք հանձնվե՞լ ենք, որպես անկախ պետություն չկա՞նք: Մեր անկախությունը պիտի նշվի՝ ի փառս զոհված տղերքի»:

Սասուն Միքայելյանն ասաց, որ հույսը չի կորցրել, որ Վազգեն Սարգսյանի ազատագրած տարածքները հետ ենք բերելու. «Այն տարածքները, որտեղ նահատակվել են մեր հերոսները, մեր համար սրբավայր է…Այսօր կա՞ մի իշխանություն, որ կանգնի ասի՝ այս-այս տարածքները հետ կբերենք ու ես չկանգնեմ նրա կողքին»: Լրագրողները Քոչարյանի անունը տվեցին, Սասուն Միքայելյանն արձագանքեց. «Քոչարյա՞նը… Լավ, ներվերս մի խախտի: Քոչարյանը այդ մեծ հնարավորության տեր է եղել, որ տարիների ընթացքում այս երկիրը բերել են այս վիճակին են հասցրել: Չեմ ուզում քննադատեմ, այսօրն այդ օրը չի: Եթե դուք հույս եք դրել Քոչարյանի վրա, խնդրեմ, գնացեք: Բա ո՞ւր էր Քոչարյանն այն ժամանակ, պատկերացնո՞ւմ ես՝ ինչ է կատարվում այս երկրում, այդ ալան-թալանը ինչի՞ հետ էր կապված: Եթե թշնամին միլիարդներով զինվում է, մենք ի՞նչ ենք անում, երկի՞րն ենք թալանում իրենց օրոք: Հա՞, դա՞ էր մեր հակակշիռը ադրբեջանցուն, երբ ինքը զինվում էր»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930