Շնորհավորում ենք բոլորիս այս փառապանծ օրվա՝ Հայաստանի Հանրապետության Անկախության 30-րդ տարեդարձի առթիվ, մաղթում երջանկություն, բարօրություն և խաղաղություն, վաղվա օրվա հանդեպ անսասան հավատ, կամք և հույս:
Սեպտեմբերի 21-ը մեր պատմության ամենափառավոր օրերից է՝ մեր անցյալի, ներկայի եւ ապագայի խորհրդանիշը:
30 տարի առաջ այս պատմական օրը նշանավորվեց որպես հայոց պետականության վերածննդի սկիզբ: Հայ ժողովրդի դրսևորած բացարձակ միասնականության շնորհիվ մենք վերահաստատեցինք ազատ ապրելու մեր կամքն ու վճռականությունը՝ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆՆ ընտրելով որպես մեր երկրի գոյության միակ եւ անբեկանելի կարգավիճակ:
Անկախությունը գերագույն արժեք է՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու ամենամեծ ձեռքբերումը, եւ այս օրն էլ վերստին առիթ է հիշելու, որ մենք բոլորս պետք է հպարտանանք ու արժևորենք անկախության ամեն օրը:
Կարդացեք նաև
Եվ այսօր էլ, Անկախության հռչակումից 30 տարի անց, մենք պարտավոր ենք յուրաքանչյուր օր և ժամ պայքարելու անկախացման գործընթացի կայացման համար, պայքարելու հանուն մեր անկախության պահպանման և ամրապնդման, մեր երիտասարդ պետությունը զարգացնելու ու բոլորիս երազած Հայաստանն ունենալու համար։
Մեր 30-ամյա անկախությունը մեր հայրերի, մեր և մեր զավակների նվաճումն է, նվաճում, որն արժեցել է ամենաթանկը` մեր հերոսների կյանքը: Բայց նաև հանուն այդ կյանքերի հավիտենության, մենք պարտավոր ենք առաջ նայել և գիտակցել այն բացառիկ հնարավորությունները, որ տալիս է անկախությունը:
Շնորհավո՛ր տոնդ Հայաստանի Հանրապետություն,
Շնորհավո՛ր տոնդ ՀՀ քաղաքացի:
Աստված օրհնի մեր անկախ պետությունն ու մեր իմաստուն ժողովրդին:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցություն