Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Անկախության 30-ամյակին նվիրված միջոցառման հովանավորներին գաղտնի պահելը քաղաքական կոռուպցիոն ռիսկ է պարունակում»․ Դանիել Իոաննիսյան

Սեպտեմբեր 21,2021 13:34

Հայաստանի հանրապետության անկախության 30-ամյակին նվիրված տոնակատարության գործընթացում կոռուպցիոն ռիսկեր կան, քանի որ կառավարությունը չի հրապարակում, թե ովքեր են միջոցառման հովանավորներն ու որքան գումար է ծախսվելու։ Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։

Անկախության 30-ամյակին նվիրված այսօրվա միջոցառումը իրականացնելու է «Դոմինո փրոդաքշն» ընկերությունը, որի սեփականատեր Աշոտ Առաքելյանը հայտարարել է, որ ոչ թե կառավարությունն է այս ընկերությանը ընտրել, ընկերությունն է ծրագիրը ներկայացրել, ծրագրի համար կան հովանավորներ, կառավարությունը չի վճարել։

Այն օրվանից, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ սեպտեմբերի 21-ին «գունագեղ եւ մասշտաբային» տոնակատարություն է լինելու, կառավարությունը այս տոնակատարության ծախսերի եւ հովանավորների մասին տեղեկությունը չի հանրայնացնում։
Այս գաղտնիությունն արդեն կասկածների տեղիք է տալիս։

Դանիել Իոաննիսյան

Դանիել Իոաննիսյանը կարծում է՝ այստեղ կոռուպցիոն ռիսկ կա, որովհետեւ սա հանրային միջոցառում է, որը կազմակերպել է իշխանությունը եւ իշխանության նախաձեռնությունը ֆինանսավորել են ինչ-որ անհայտ մարդիկ․ «Եվ, եթե անհայտ մարդիկ ֆինանսավորում են իշխանության միջոցառումը, իշխանությունը որոշակի առումով դառնում է կախման մեջ այդ անձանցից։ Սա որոշակիորեն քաղաքական կոռուպցիոն ռիսկ է պարունակում։ Պետք է հանրությանը ներկայացվի, թե ովքեր են ֆինանսավորում միջոցառումը»։

Իոաննիսյանի դիտարկմամբ՝ եթե իշխանության միջոցառումը ֆինանսավորվում է ինչ-որ անձանց կողմից, ապա իշխանությունը որոշակի առումով պարտք է մնում այդ անձանց իսկ պարտքը միշտ վերադարձվում է հանրության հաշվին։

«Այդ գաղտնիությունը որեւէ աղերս չունի ժողովրդավարական սկզբունքների հետ։ Ի վերջո 1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանի քաղաքացիները քվեարկել են, որ Հայաստանը լինի անկախ եւ ժողովրդավարական»,-ասաց Դանիել Իոաննիսյանը։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930