Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլի համար պայքար էիր մղում, որ Նիկոլն ընտրվեր, տեսա՞ր էդ պայքարի վերջն ինչ եղավ, բալա ջան». Եռաբլուրում Փաշինյանի այցի ժամանակ հեռվից լսվում էր սգավոր մոր ողբը

Սեպտեմբեր 21,2021 13:26

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Եռաբլուրում վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցելության ժամանակ լրագրողներին թույլ չտվեցին տեղաշարժվել ու լուսաբանել: ԶԼՄ-ների համար արգելապատնեշներ էին ստեղծել ու ոստիկաններն արգելում էին առաջանալ անգամ զոհերի շիրիմների մոտ:

Այնուամենայնիվ, հեռվից լսվում էր ողբացող մայրերի լացի ձայնը: Մի մայր Փաշինյանի այցի ժամանակ աղեկտուր կանչում էր. «Նիկոլի համար պայքար էիր մղում, որ Նիկոլն ընտրվեր, տեսա՞ր էդ պայքարի վերջն ինչ եղավ, բալա ջան, բալա ջան, արեւս, լույսս, հավատս»:

Վարչապետը դեռ Եռաբլուրում էր, մի սեւազգեստ կին որդու շիրիմին այցելելուց հետո գնում էր տուն: Ինչպես հետո պարզվեց՝ Զաքար Ավանեսյանի մայրն էր: Հարցրեցինք՝ հանդիպե՞ց վարչապետի հետ, նա պատասխանեց, որ ոչ, չի տեսել. «Մեր երեխեքը գնացել, հայրենիք են պաշտպանել, այսօր էլ ունենք լավ տղաներ, որ էլի կպաշտպանեն: Ես խաղաղություն եմ ցանկանում, մեր ջահելներին ուժ ու եռանդ, որ մեր հայրենիքը ամուր ձեռքերով պաշտպանեն»:

Հարցին՝ ձեզ թողեցի՞ն ազատ տեղաշարժվել Եռաբլուրում՝ սեւազգեստ մայրը զարմացավ. «Իսկ ինչո՞ւ պետք է չշարժվեինք, ես հանցագործ չեմ: Իմ տղան հերոս է եղել, Մարտական խաչ ունի, եղել է Վլադիմիր Բալայանի, Լեոնիդ Ազգալդյանի հետ, նույն ամսում էլ զոհվել է»:

Նա ասաց, որ երեկոյան Հանրապետության հրապարակ չի գնալու՝ զոհերի հիշատակին նվիրված միջոցառումը: Հարցին՝ կո՞ղմ էիք, որ գունագեղ միջոցառում լիներ՝ նա պատասխանեց. «Ես կողմ չեմ, որովհետեւ մեր մայրերը սգի մեջ են, տարին չի լրացել մեր ջահելների, շատ վշտալի է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930