Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ժամանա՛կն է, որ մենք՝ հայերս, հավատանք մեր ուժերին». ՀԲԸՄ-ի, ՀՅԴ Բյուրոյի և  ՍԴՀԿ-ի ուղերձները Անկախության տոնի առթիվ

Սեպտեմբեր 21,2021 13:30

ՀԲԸՄ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 30-ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

 Երեսուն տարի առաջ՝ սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը կողմ քվեարկեց անկախ և ինքնիշխան պետության ստեղծմանը։ Դարեր շարունակ պատմական Հայաստանը ապրել է առանց անկախ պետականության՝ իրար հաջորդող կայսրությունների կազմում, իսկ կարճատև կյանք ունեցած Առաջին հանրապետությունը վերջնարդյունքում նույնպես դարձավ Խորհրդային մեծ պետության մասը։

1990-ական թվականներին ապրող մարդկանց համար անկախ պետություն ունենալը նման էր երազի, որը մեկ գիշերում իրականություն դարձավ՝ սփոփելով նաև Հայոց Ցեղասպանությունը վերապրածների և նրանց սերունդների հոգիները, ովքեր հնարավորություն ունեցան տեսնելու, թե ինչպես է հայոց եռագույնը վեր բարձրանում Միավորված ազգերի կազմակերպությունում։ Նմանապես, Երևանում անկախ Հայաստանի քաղաքացիների կողմից Լենինի արձանի տապալումը և դրան զուգահեռ հայկական խորհրդարանի առաջին նստաշրջանի բացումը խորհրդանշական էին հավաքական հոգեբանության փոփոխության առումով։

Այսուհետ, հայկական ազգային ինքնությունը այլևս միայն անցյալի ողբերգությունների կրողը չէր, այլև նոր բացված անսահման հնարավորությունների, որոնք հայ ազգին դարձնելու էին արդի համաշխարհային ընտանիքի մի մասը։ Ազատ հայրենիքը դարձավ աշխարհի տարբեր անկյուններում ապրող հայերի ուշադրության առարկան։ Հայկական սփյուռքը, ով համարում էր անկախ հայրենիքը սեփական ժառանգության և ինքնության պահպանման երաշխավորը, ակտիվորեն սատար կանգնեց անկախության մարտահրավերների և հնարավորությունների բովով անցնող Հայաստանին՝ մասնակցելով պետականաստեղծման գործընթացին։

Սակայն, շուտով այս ոգևորությունը փոխարինվեց դառը իրականությամբ, երբ Հայաստանը ենթարկվեց պատերազմի և տնտեսական մարտահրավերների պատճառով ստեղծված դժվարություններին և անհաջողություններին։ Միայն Արցախյան առաջին պատերազմի ավարտից հետո Հայաստանը սկսեց թևակոխել  վերակառուցման և ստեղծարար աշխատանքի նոր դարաշրջան։

Որպես զարգացող պետություն՝ Հայաստանը հաջորդող տարիներին հնարավորություն ունեցավ ցույց տալ աշխարհին իր յուրօրինակ արժեքը։ Մինչ 2000-ականների կեսը զբոսաշրջությունը, գյուղատնտեսությունը և նորարարական տեխնոլորգիաները եկան փոխարինելու շարքից դուրս եկած խորհրդային արդյունաբերության վրա հիմնված տնտեսությանը։

1990-ականների սկզբի Երևանի փոշոտ փողոցները, քանդված շենքերը և ճանապարհները փոխարինվեցին ժամանակակից մայրուղիներով, առաջատար սարքավորումներով և համակարգերով զինված ենթակառուցվածքներով, ապահով ու կոկիկ դպրոցներով և համերգասրահներով, գերժամանակակից օդանավակայանով,  բազմազան խոհանոցներ ունեցող ռեստորաններով և շքեղ միջազգային հյուրանոցներով, բազում առևտրի կենտրոններով, դեսպանատներով և այլն։  1988թ․ ավերիչ երկրաշարժի արդյունքում գետնին հավասարեցված Գյումրին այսօր դարձել է բարձր տեխնոլոգիական հանգույց ստարտափների համար՝  նոր կյանք հաղորդելով երիտասարդներին և զբոսաշրջիկներին հրապուրող ստեղծարար մշակույթին։

Հեռավոր բնակավայրերը, որտեղ գործազրկությունը երկար տարիներ հետևողականորեն քայքայում էր ընտանեկան և համայնքային համախմբվածությունը, վերջին տասնամյակում ականատես են եղել կին գործարարների նշանակալի ակտիվությանը, որոնց կարևոր աջակցություն է տրամադրվել իրենց նախաձեռնությունները կյանքի կոչելու համար։ Բացի այդ, այսօր տարբեր համայնքներում գործում են տեխնոլոգիական կենտրոններ, որտեղ պատանիները դասերից հետո ծանոթանում են նորարարական տեխնոլոգիաներին՝ միջազգային հարթակներում մրցակցային դառնալու նպատակով։ ՀԲԸՄ-ն իր գործընկերների հետ միասին աջակցում է այսօրինակ նախաձեռնություններին՝ ձգտելով հավասար հնարավորություններ ստեղծել հայ կանանց և երիտասարդների համար։

Բարձրագույն կրթության ոլորտում գործող Հայաստանի ամերիկյան համալսարանը, որի համահիմնադիրն ու կարևոր աջակիցն է նաև ՀԲԸՄ-ն, այս ընթացքում կարողացել է փոխել բազմաթիվ հայ երիտասարդների աշխարհայացքը։

Հայաստանի առողջապահության համակարգը նույնպես, ՀԲԸՄ-ի և հայերի կողմից հիմնադրված առաջատար առողջապահական կազմակերպությունների օգնությամբ, հետևողականորեն առաջընթաց է ունեցել։ Համավարակի և պատերազմի ժամանակ արևմուտքում վերապատրաստված տեղացի բժիշկները և մասնագետները, իրենց օտարերկրյա գործընկերների հետ ուս ուսի տված, իրականացրել են կյանքեր փրկած բարդ վիրահատություններ և ախտորոշման լավագույն սարքավորումների միջոցով բուժել զինծառայողների և քաղաքացիական մարդկանց։

Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Մերձավոր Արևելքի, Եվրոպայի և Լատինական Ամերիկայի հայազգի գործարար հսկաները և բարեգործները հայ ժողովրդի նշանավոր զավակներն են, որոնք պատմության մեջ կմնան որպես առաջին ռահվիրաներ և մեծ երազողներ։ Զուգահեռ, այսօրվա հայ երիտասարդները շարունակաբար այցելում են իրենց հայրենիք՝ կապվելու իրենց ազգային արմատներին և մասնակցելու հայրենիքի շենացման ծրագրերին՝ ամուր կապեր հաստատելով իրենց տեղացի հասակակիցների հետ։ Բացի այդ, ՀԲԸՄ կրթաթոշակները հնարավորություն են տվել մի շարք հայաստանցի ուսանողներին ի կատար ածել իրենց երազանքները և սովորել աշխարհի լավագույն համալսարաններում՝ դառնալով մրցակցային, փորձառու և պրոֆեսիոնալ հայեր՝ պատրաստ ծառայելու իրենց հայրենիքին։

2018թ․-ի իշխանափոխությունից հետո  Հայաստանում հաջորդաբար անցկացվեցին  միջազգային կառույցների կողմից ազատ և արդար ճանաչված ընտրություններ։ Ավելին, ընտրողների նախընտրությունները շարունակում են հիմնված լինել ժողովրդավարական արժեքների վրա՝ միևնույն ժամանակ հավատարիմ մնալով գործընկերների հետ ռազմավարական կարևորություն ունեցող հարաբերությունների պահպանմանը։

Այս տարի անկախության տարեդարձը խորհելու առիթ է տալիս, թե արդյոք Արցախյան երկրորդ պատերազմից հետո ստեղծված նոր աշխարհաքաղաքական իրողություններից և ներքաղաքական սուր պայքարից թուլացած անկախ հայկական պետությունը կարո՞ղ է ուղղել իր մեջքը և հաղթահարել այս ամենը։

ՀԲԸՄ-ն, որպես Սփյուռքի ամենահին կառույցներից մեկը, որը ազգային ճգնաժամերի ժամանակ մշտապես կանգնած է եղել առաջնագծում, այսօրվա մարտահրավերներին մոտենում է երկարաժամկետ հեռանկարի տեսանկյունից։ Մեր ձգտումը՝ ժողովրդին վեր դասել քաղաքական գործընթացներից, օրհասական իրավիճակներում հայ ժողովրդի դիմացկունության մասին անթիվ պատմությունների ստեղծման պատճառ է դարձել։ Սերտ շփումները աշխարհի տարբեր անկյուններում, գյուղերում և քաղաքներում ապրող հայ մարդկանց ու ընտանիքների հետ, ինչպես նաև հայ ժողովրդի պատմության շրջադարձային պահերը վեր են հանել վճռականության և հույսի մի ընդհանուր գիծ, որը կապում է բոլորիս՝ որպես մեկ միասնական հայ ազգի։

Մենք հավատում ենք ազատ Հայաստանին, քանզի նրա մեջ է ամփոփված հայկական ոգու էությունը, որը առկա է աշխարհում ապրող ամեն հայի մեջ։

Եվ երբ ոչինչ չի խանգարում հային լինել հայ, ապա մեր ձեռքբերումները ցանկացած ոլորտում կարող են սահմաններ չճանաչել։ Չնայած անկախության առաջին տարիների դժվարություններին, մենք հավատարիմ եղանք մեր ուղուն և հետևապես իրավունք չունենք այսօր մեջքով շրջվել դեպի այն ամենը, ինչը կատարվել է նախորդ երեսուն տարիներին։

Երեսուն տարին պետության համար բավական քիչ ժամանակ է, սակայն Հայաստանը պետք է արդեն թերթի «նորաթուխ ժողովրդավարության» էջը։ Թեև ոչ իր լավագույն ձևով, սակայն, Հայաստանը նախքան պատերազմը հաստատակամ էր նոր թափ հավաքել և առաջընթաց ապահովել մի շարք կարևոր հարցերում։ Մենք անկեղծորեն հուսով ենք, որ այս նշանակալի տարեդարձը կհիշեցնի աշխարհի բոլոր հայերին, որ երեսուն տարի անց մենք չենք կարող և չենք պատրաստվում հետ ընկրկել կամ կորցնել մեր վստահությունը մեր ուժերի նկատմամբ։

Մենք «ի հեճուկս ամեն ինչի» ժողովուրդ ենք, և աշխարհը պետք է ընդունի մեր այս ինքնատիպ հատկանիշը, որպեսզի այլևս չանտեսի հայ ժողովրդի վախճանի մասին հնամաշ կանխատեսումները։ Ժամանա՛կն է՝ աշխարհը հավատա Հայաստանին։ Ժամանա՛կն է, որ մենք՝ հայերս հավատանք մեր ուժերին։

Միությունը զորություն է։

ՀՅԴ Բյուրոյի ուղերձը Անկախության տոնի առթիվ

Սիրելի՛ հայրենակիցներ․
մեր նորօրյա անկախ պետականության 30-ամյա տարեդարձը ստիպված ենք դիմավորել ծանր պայմաններում։ Վերջին պատերազմի վերքերը խորն են, կորուստները ցավալիորեն շատ։ Վտանգված է աշխարհի քաղաքական քարտեզի վրա մեր ինքնիշխան գոյության իրավունքը։ Առկա մարտահրավերներին ու արտաքին ուժերին դիմակայելու անհրաժեշտ նախապայմանը ներքին ամրությունն է։ Նախևառաջ այդ խաթարված ամրությունը վերականգնելու հարց ունենք։

Ցավոք, արտահերթ խորհրդարանական ընտրությունները չնպաստեցին այդ խնդրի լուծմանը։ Ճգնաժամը ոչ միայն չի հաղթահարվել, այլև միտում ունի ավելի խորանալու։ Մանիպուլյացիաներով, վարչա-իշխանական լծակների գործադրմամբ ձեռք բերված ընտրական քվեները օրվա իշխանությունը ընկալել է որպես իր ձախողումների, ապաշնորհ կառավարման և կործանարար քաղաքականության ինդուլգենցիա։ Շարունակ խոսելով ժողովրդի անունից և թաքնվելով ժողովրդի թիկունքում իշխող վարչախումբը այդ նույն ժողովրդին տարել և տանում է պարտության ու հայրենազրկման։

Խոսելով ժողովրդավարությունից, մարդու իրավունքներից, ազատություններից ու քաղաքական հանդուրժողականությունից օրվա իշխանությունները դրսևորում են բռնապետական բացահայտ հակումներ, ոտնակոխ են անում օրենքն ու մարդկանց օրինական իրավունքները, զբաղված են թշնամանք սերմանելով ու ատելության քարոզելով։

Սթափվելու, անցած ճանապարհը արժեւորելու, վերագնահատումներ կատարելու, հստակ ազգային օրակարգ և ծրագիր որդեգրելու ու հետևողականորեն գործադրելու հրամայականի առջև ենք։

Շնորհավորելով մեր ժողովրդին անկախության տոնի առիթով՝ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, իբրև համահայկական կազմակերպություն, վերահաստատում է իր հանձնառությունը` շարունակելու պայքարը թե ներքին, թե արտաքին ճակատների վրա ի շահ ազգային, ուժեղ պետականության և Արցախի ինքնորոշման ու ազատության։ Խորապես համոզված ենք՝ անկախ պետականությունը բացարձակ արժեք է ու նաեւ՝ ազգի բնականոն զարգացման նախապայմանը։ Իշխանությունները անցողիկ են, պետականության տերը բոլորս ենք ու բոլորս անելիք ունենք։ Հայաստանի Հանրապետությունը աշխարհասփյուռ հայության հայրենիքն է և ըստ այդմ՝ հայոց անկախ պետականության հզորացումն ու ամրապնդումը համայն հայության գերխնդիրն է: Արյամբ, զոհողություններով ու քրտինքով կերտված մեր անկախ պետականությունը այսօր առավել քան երբեւէ մեր բոլորի հոգածության ու նվիրումի կարիքն ունի։ Մեզ պարտադրվող փորձությունները կարող ենք եւ պետք է հաղթահարենք։

ՀՅԴ Բյուրո

ՍԴՀԿ-ն՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 30-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ

ՍԴՀԿ Կենտրոնական Վարչությունը շնորհավորում է համայն հայության՝ Հայաստանի Անկախության 30-ամյակի առթիվ:

Նշում ենք այս տոնը, մեր նորագույն պատմության ամենաճակատագրական մի ժամանակահատվածին: Թեև այսօր հասկանալի պատճառներով բացակայում է տոնական մթնոլորտը, սակայն նշելով երեսնամյակը, մենք առաջին հերթին իմաստավորում ենք՝ հանուն հայրենիքի ընկած բազմահազար մեր հերոսների գերագույն զոհաբերությունը, միաժամանակ վերանորոգելով մեր հանձնառությունը՝ ազատ, անկախ, ժողովրդավար և բարգավաճող հայրենիքի տեսլականին:

Անցնող 30 տարիների ընթացքում, հայրենիքից ներս գրանցված բազմաթիվ ձեռքբերումների կողքին, մենք նաև ականատեսը եղանք պետականության հիմքերը խախտող արատավոր այնպիսի երեւույթների, երբ արդիական բանակ ստեղծելու փոխարեն՝ կաշառքի և պետությունից կողոպտված գումարների հաշվին դղյակներ կառուցվեցին, երբ հզոր տնտեսություն կերտելու փոխարեն՝ մի նեղ հատվածի նյութական շահերը ապահովող ավազակապետական համակարգ ստեղծվեց, երբ իրավական պետություն կառուցելու փոխարեն՝ ընտրություններ կեղծվեցին և դատաիրավական համակարգը այլասերվեց և երբ Արցախի հարցով հետևողական և իրապաշտ քաղաքականություն մշակելու փոխարեն՝ սին պատրանքներով առաջնորդվեցինք: Ահա այս ամենի հանրագումարն է, որ հանգեցրեց 44-օրյա պատերազմի անփառունակ ավարտին:

Այսօր, երբ հայրենիքը շարունակում է դիմագրավել տարածաշրջանային լուրջ մարտահրավերներ և թշնամին՝ հավելյալ զիջումներ կորզելու նպատակով, շարունակում է իր սադրիչ գործողությունները Հայաստանի և Արցախի սահմաններին, ավելի քան երբեք, գերագույն անհրաժեշտություն են դառնում համախմբվածությունն ու ներքին համերաշխությունը:

Խորհրդանշական այս օրը պարտավորեցնում է բոլորիս վերարժևորել անկախության տեսլականը և դասեր քաղելով անցյալի ու ներկայի սխալներից, մեր հայացքը սևեռել դեպի ապագան, այն հաստատուն համոզումով, որ միասնաբար պիտի կերտենք մեր բոլորի երազած հայրենիքը:

 Ս.Դ. Հնչակյան Կուսակցության Կենտրոնական Վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930