Լրահոս
Օրվա լրահոսը

Անկախությունը մեր ողջ եւ անմահացած հերոսների քաջության կնիքն ունի

Սեպտեմբեր 21,2021 12:56

Սիրելի´ հայ ժողովուրդ, սիրելի Հայաստան և Արցախ աշխարհ, Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդիս բարի օրհնությունն ենք բերում ձեզ բոլորիդ և գոհություն առաքելով առ Բարձրյալն առ Բարին Աստված շնորհավորում ենք Հայաստանի Հանրապետության Անկախության 30-ամյակի այս վեհապանծ առիթով:

Յուրաքանչյուր պետության հզորացման գրավականը եղել և մնալու է անկախությունը և դրա պահպանումը, ի՞նչ արժեք է այն, ինչպիսի՞ քաղցրություն է պարունակում այսօր այն իր մեջ, այս երկու հարցերի պատասխանները մենք կգտնենք, երբ մեր հայրենիքի հանդեպ լցվենք յուրահատուկ և անգին մի քանի արժեքներով՝ նրա հանդեպ ամենօրյա արարմամբ, ամենօրյա հոգատարությամբ, հայրենապաշտությամբ և հայրենաճանաչությամբ: Դպրոցական փոքր տարիներից մինչև հասունացում մենք անդադար լսել ենք, որ Հայաստանի Հանրապետությունը երկարատև և դժվար պայքարից հետո ի վերջո ստացավ իր բաժին աստվածային շնորհը՝ անկախությունը, և այդ անկախության պահպանումը այսօր օրհասական է, վտանգավոր և հղի բազմապիսի քայքայող քայլերով:

Մեր անկախության թագն ու պսակը կրկին անգամ հայոց երկնակամարում շողարձակեց Արցախյան վերջին և ինչու չէ, կարելի է նաև այսպես ասել. համազգային պայքարի միջոցով: Մեր հերոս նահատակները, մեր վիրավոր զինվորները իրենց արյամբ և իրենց ցավով մյուռոնի պես դրոշմեցին Հայաստան աշխարհի անկախությունը՝ նոր իմաստ և նոր գաղափարներ տալով այդ անգին առաքելությանը: Հայ զինվորը անկախության դրոշակը պարզած կռվեց այս պատերազմում, ատամները սրած և թշնամուն ուժեղ հարված տալու ցասումով պայքարեց, գիտեք ինչու, որովհետև հայ զինվորը գնահատեց, թե ինչ արժեք է Աստված պարգևել իրեն և ինչ արժեք է պաշտպանում՝ այն տալով իր ապագա սերունդներին: Այս դժվարին պայքարում հայ զինվորը եղավ անկախության պահպանման բարձր ցուցիչը, չվախեցավ, չընկրկեց, և անկախության պահպանման բարձր գաղափարով, Վարդանանց զորականների ոգով ոգեշնչված մխրճվեց թշնամու բիրտ ուժերի դեմ՝ իր բազուկների ուժը ստիպելով զգալ թշնամուն:

Սիրելինե´ր, անկախությունը գործ է պահանջում, անկախությունը յուրաքանչյուրիս համար այսօր առաքելություն է, չպետք է միայն բարձր բեմերից աղաղակենք ու ասենք՝ շնորհավոր տոնդ Հայոց անկախ Հանրապետություն, գեղեցիկ և շռայլ խոսքերը անսպառ են, մենք ամեն ժամ և ամեն առիթով կարող ենք շնորհավորել մեր այդ անգին և մեծագույն արժեքով պարուրված Հայոց անկախ պետականության տոնը: Բայց այսօր մտածելու օր է, մտածելու, թե ինչ է իր էությամբ անկախությունը, երեկ ինչ էր այն պահանջում մեզանից և այսօր ինչ է պահանջում: Անկախությունը առաքելություն է, և այդ առաքելության մեջ գոյություն ունի մեծ հոգևոր իմաստ՝ ճանաչել Աստծուն և այն ճանաչելի դարձնել շատ ու շատ ազգերին, ժողովուրդներին և պետություններին:

Հայոց պետականության անկախության կերտման գործում անուրանալի է Հայ Առաքելական եկեղեցին, մեր հնամենի և խորախորհուրդ շնորհներով լեցուն այս աստվածային բնակարանը եղավ հայոց ազգի Մայրը, երբ չկար անկախություն, չկար պետականություն եկեղեցին էր, որ իր ուսերի վրա վերցրեց հայ ժողովրդի պահպանման այդ ծանր լուծը, ամեն քայլով չթույլատրեց մեր բնաջնջումը, մոր պես իր զավակին դարեր պահելով օրորոցում, սնեց, մեծացրեց և հասցրեց անկախության, սա չպետք է մոռանալ, հայ եկեղեցին հայ ժողովրդին բազմաթիվ անգամներ է ծնել, նա Մայրն է, նա Հայրն է յուրաքանչյուր հայի, յուրաքանչյուր զավակի:

Եկեք նոր շնչով սիրենք մեր պետությունը, եկեք նոր շնորհով լցվենք դեպի հայ լինելուն, նոր քայլերով առաջ շարժվենք, արարենք, մտածենք մեր երկրի յուրաքանչյուր խնդրի մասին, սիրենք իրար, հոգ տանենք միմյանց մասին, խնամենք ծերերին, անտուններին, հիվանդներին, մեր վիրավոր զինվորներին, մեր անկախության անպարտ սրբերին անդադար աղոթենք և խնդրենք շնորհ՝ պահպանելու և պաշտպանելու Հայոց Հանրապետության Անկախությունը:

Շնորհավոր տոնդ, հայոց Մայր, շնորհավոր տոնդ Հայոց Անկախ Հանրապետություն:

Բրազիլիայի Հայոց թեմի առաջնորդ, գերաշնորհ Տ. Նարեկ եպիսկոպոս ԲԵՐԲԵՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930