Այսօր Եռաբլուրի պանթեոն էին այցելել բարձրաստիճան պաշտոնյաները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:
Սա առաջին անգամ էր, որ Եռաբլուրում լրագրողներին արգելեցին լուսաբանել անգամ, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը ծաղիկ խոնարհում զոհվածների շիրիմին:
Կարդացեք նաև
Լրագրողների համար նախապես արգելապատնեշներ էին ստեղծել ու ոստիկաններն արգելում էին տեղաշարժվել:
Փաշինյանի այցելության ժամանակ միայն հեռվից լսվում էր ծնողների աղեկտուր լացն ու բարձր տոնով բողոքը:
Ինչպես հետո պարզվեց՝ Փաշինյանը Եռաբլուր է մտել ու 44-օրյա պատերազմի զոհվածների շիրիմների հատվածում նրան չեն տեսել: Ծնողներն ասում էին, որ վերեւով է մտել, դուրս եկել, նրան տեսնող չի եղել: Ավելին՝ որոշ ծնողներ, իմանալով, որ առավոտյան 9-ից Փաշինյանն է գալու, ժամը 8-ից եկել են իրենց որդիների գերեզմանի մոտ, մի մասը եկել էր, որովհետեւ ասելիք ունեին, մի մասն էլ ասացին, որ եկել են՝ թույլ չտալու նրան ոտք դնել այնտեղ:
Որքան էլ ողջ աշխատակազմով ջանացին, որ լրագրողները ականատես չլինեն ու չկարողանան լուսաբանել վարչապետի այցը Եռաբլուր, այնուամենայնիվ, միջադեպերից չխուսափեցին:
Մի երիտասարդ, տեսնելով Փաշինյանին, սկսեց բղավել նրա երեսին. «Նիկո՛լ, Սերժի ու Քոչարյանի հետ պատասխան ես տալու էս տղերքին զոհ տալու, թուրքին ծախելու համար, դու պատասխան ես տալու մեր անկախությունը տապալելու համար, անկախությունը ծախելու համար պատասխա՛ն ես տալու»:
Ոստիկաններն անմիջապես գործի անցան ու երիտասարդի թեւերից բռնելով՝ նրան հեռացրեցին տարածքից: Փաշինյանը շրջվեց, վստահաբար լսեց ու լուռ հեռացավ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ