Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Անհնարին թվացողը պետք է դարձնենք հնարավոր՝ առաջին հերթին առավելագույն ջանք գործադրելով ներքին անվտանգության կայունացման համար. Արթուր Դավթյան

Սեպտեմբեր 21,2021 13:00

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ուղերձը Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի կապակցությամբ

Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր մեր ժողովրդի ամենաթանկ ու նվիրական օրն է՝ Հայաստանի Հանրապետության անկախության 30-րդ տարեդարձը: Օր, որ ամբողջացնում է մեր պատմական կենսատարածքում ազատ, անկախ ապրելու, պետականություն ունենալու մեր ժողովրդի բազմադարյա իղձերը, և որը սրբագործված է այդ նվիրական երազանքի կերտման համար իրենց կյանքը զոհաբերած մեր լավագույն զավակների արյամբ:

Անկախ պետականության՝ իբրև մեր ազգի գոյապահպանության միակ բանաձևի և բարձրագույն արժեքի խորքային գիտակցումով, մեր սուրբ նահատակների անձնազոհության դիմաց հավերժ ու անդավաճան պարտքի զգացումով, ամենօրյա տքնաջան աշխատանքով, փոխադարձ չարությունն ու ատելությունը միմյանց հանդեպ հարգանքի ու հոգատարության փոխակերպելով պետք է ամոքենք մեր վերքերը, նորոգենք մեր տունը և վերահաստատենք այս հողի վրա ապրելու, զարգանալու և հարատևելու մեր իրավունքն ու վճռականությունը, և չկա այլընտրանք:

Հազարամյա մեր պատմության ընթացքում ստիպված ենք եղել անընդհատ հաղթահարել փորձություններ, վերջին ճիգով լինելիության օգտին լուծել գոյութենական բարդագույն խնդիրներ։ Դրանք ավելի են ամրապնդել մեր կենսասիրությունը, մեր պատմական ժառանգությունն ու գենետիկ հիշողությունը, ինքնությունն ու ազգային ինքնատիպությունը պահպանելու, ազատության ու անկախության, հզոր պետության մեր ձգտումներին հասնելու վճռականությունը։

Ներկայիս փորձություններից, վստահ եմ, դուրս ենք գալու ավելի ուժեղացած, իբրև ազգ՝ առավել իմաստնացած, յուրաքանչյուրիս անհատական ու անհատույց ներդրմամբ պետության ու պետականության անդադրում շենացումն ու հզորացումն իբրև իրագործվող համազգային տեսիլ որդեգրելով և մեր կենսակերպը դրանով պայմանավորելով, ազգային միասնությանը նոր իմաստ ու նոր բովանդակություն հաղորդելով։

Ես հավատում եմ մեր հավաքական ուժին, և այլընտրանք չունեցող այս նպատակներին հասնելու համար անհնարին թվացողը պետք է դարձնենք հնարավոր՝ առաջին հերթին խոհեմաբար ու սառնասրտորեն առավելագույն ջանք գործադրելով ներքին անվտանգության կայունացման համար: Ներպետական ու ներհասարակական համակեցությունը, համերաշխությունը պահանջում է մեր քաղաքացիական պարտքի հստակ գիտակցում, իրավունքների չչարաշահում, իրավահպատակ և օրինապաշտ վարքագիծ, հավատ ու վստահություն պետական, ազգային ինստիտուտների հանդեպ:

Ուստի, շնորհավոր մեր անկախության 30-ամյակը:

Երիցս փա՛ռք ու խոնարհում այսօրվա և մեր հայրենիքի անկախության գալիք օրերի համար իրենց կյանքը նվիրաբերելով ապրելու, ուղղվելու և հզոր երկիր կառուցելու պատգամ հղած մեր սուրբ նահատակներին:

ՀՀ գլխավոր դատախազություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930