Այսօր նշում ենք կորուստներով, մաքառումներով ու մեր հայրենակիցներից շատերի արյամբ ձեռք բերված անկախության հռչակման 30-րդ տարին:
Հայաստանի անկախության տարիները հարուստ են պատմական իրադարձություններով, պատերազմով և հաղթանակով, դառը պարտությամբ, ավելի լավ ապրելու սպասելիքներով ու հիասթափություններով, կորուստներով ու մեծագույն ձեռքբերումներով:
Անկախության այս ժամանակահատվածում մեր ժողովուրդը կարողացավ արժանապատվորեն հաղթահարել իր առջև ծառացած մարտահրավերները՝ պատվով հաղթել իրեն պարտադրված Արցախյան առաջին պատերազմում, կայացնել հպարտության արժանի ազգային բանակ, ստեղծել պետական ինստիտուտներ:
Այս ամենին զուգահեռ, մեր ժողովուրդը կրեց և մինչ օրս էլ կրում է տնտեսական անկման, սոցիալական ծանր իրավիճակի դառնությունը՝ հուսալով, որ մի օր, անպայման, փոխվելու է իր կյանքի որակը դեպի ավելի լավը:
Կարդացեք նաև
2020թ․ արցախյան աղետալի պատերազմը ծանր իրավիճակ ստեղծեց մեզ համար։ Մենք կորցրեցինք մեր հայրենիքի զգալի հատվածը և հազարավոր հայրենակիցների, որոնք իրենք կյանքը տվեցին հայրենիքի համար։
Իրենց լուսավոր հիշատակը հարգելու լավագույն առհավատչյան կլինի այն, որ առաջիկա տարիների ընթացքում զարգացնենք մեր տնտեսությունը, նվազեցնենք աղքատության մակարդակը, բարձրացնենք ժողովրդի կենսամակարդակը, ստեղծենք իսկապես մարտունակ բանակ։
Մենք կարող ենք կրթության, գիտության, մշակույթի և առողջապահության բնագավառներում բարեկարգման, օրինականության հաստատման արդյունքում արմատապես փոխել մեր կյանքի որակը: Այս ամենին հասնելու համար անհրաժեշտ է ամրապնդել անկախության արժեքները, ինչպես նաև այս տարիների ընթացքում ձեռք բերված բոլոր նվաճումները:
Սիրելի՛ հայրենակիցներ
Այո՛, այսօր ապրում ենք դժվարին օրեր։ Կասկածամտությունը, չարությունը, փոխադարձ վստահության պակասը, անհանդուրժողականության բացակայությունը լրջորեն խարխլել է մեր ներքին անդորրը։ Բայց մենք պարտավոր ենք սթափվել ու դասեր քաղել դառը պարտությունից ու անցյալի բոլոր սխալներից՝ այն խորը համոզմունքով, որ անկախության գաղափարաբանությունը դառնա անշրջելի ու անքննարկելի արժեք յուրաքանչյուրիս համար։
Անհրաժեշտ է միայն ապրել և արարել անկախ պետության քաղաքացու մտածողությամբ ու դառնալ այդ գաղափարի արժանի կրողը, և հաջողություններն, անկասկած, ապահովված կլինեն…
Անկախության օրը միմյանց շնորհավորում են և օրը դարձնում տոնական:
Շնորհավո՜ր բոլորիս տոնը, և թո՜ղ հավերժ լինի մեր անկախությունը…
«Արդար Հայաստան» կուսակցությունը մեկ անգամ ևս ջերմորեն շնորհավորում է յուրաքանչյուրիդ անկախության տոնի առիթով՝ մաղթելով Ձեզ երջանկություն ու բարեկեցություն՝ հավատով ու վստահությամբ, որ միասին կերտելու ենք ուժեղ, հզոր ու արդար Հայաստան։
«Արդար Հայաստան» կուսակցության կառավարման խորհուրդ