Ուղերձ Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ
Սիրելի’ հայրենակիցներ, աշխարհասփյուռ հայ ժողովուրդ
Շնորհավորում եմ ՀՀ Անկախության տոնի առթիվ:
Հայաստանի Անկախությունը մեր դարավոր երազանքն էր, որ իրականություն դարձավ հայ ժողովրդի բազմամյա պայքարի ու անկոտրուն ոգու շնորհիվ:
Մեր անկախ պետականության կերտման եւ կայացման գործում անժխտելի է Երկրապահի անցած փառավոր ուղին: Սպարապետ Վազգեն Սարգսյանի առաջնորդությամբ համախմբվեց երկրապահ հայ ժողովուրդը եւ մենք ազգովի կերտեցինք հաղթանակ, կամավորական ջոկատների հիմքի վրա կազմավորեցինք բանակ, ստեղծեցինք ազատ եւ անկախ հայրենիք: Մենք պարտավոր ենք միասնությամբ տեր կանգնել մեր ժողովրդի պատմությանը, մեր հաղթանակներին, նվաճումներին, ձեռքբերումներին, հաջողություններին, որպեսզի նորից չունենանք ցավալի կորուստներ, անկումներ:
«Անկախությունը բացարձակ արժեք է։ Անկախության մասին ինչպե՞ս կարելի է հարց տալ։ Դա նույն է ոնց որ ասես` ինչ կարծիքի ես ծնողիդ մասին։ Անկախությունը բացարձակ արժեք է։ Անգամ այս ծանր փորձությունների գնով, անգամ այս ծանր կենցաղի գնով Անկախությունը քննարկման կարիք չունի։ Դա մարդու շնչելու, մարդու ապրելու, ծնվելու, սիրելու պես բան է։ Այդ ամեն ինչի հավաքականություն է Անկախությունը…». ԵԿՄ հավերժ նախագահ, Սպարապետ Վազգեն Սարգսյան:
Կարդացեք նաև
Թերթելով պատմության էջերը կրկին անգամ համոզվում ենք, որ հայ ժողովրդին ամեն ինչ դժվարությամբ է տրվել, բայց եւ եւս մեկ անգամ փաստում ենք, որ ի վերջո մեր նպատակներն իրականացել են միմիայն համազգային համախմբվածության շնորհիվ:
Այսօր էլ ծանր մարտահրավերների առջեւ ենք, բայց համոզված եմ, որ մեր ամենօրյա աշխատանքի, ջանասիրության եւ հայրենիքի ու մեր զոհված հերոսների հանդեպ պատասխանատվության ու պարտավորության զգացումով, մենք կհասնենք նորանոր ձեռքբերումների:
Ես խոնարհվում եմ որդեկորույս մայրերի առջեւ,
Ես հպարտանում եմ իմ մարտական ընկերներով, մեր բանակով, զինվորներով, կամավորականներով, հայրենատեր հայրենակիցներով:
Մենք պետք է ամուր կանգնենք մեր պետության հիմքում եւ միմյանց օգնելով, աջակցելով դիմակայենք արտաքին մարտահրավերներին ու վերջ տանք առաջացող թեկուզ եւ ամենաչնչին ներքին անկայունությանը:
Մենք միշտ խոսում ենք պատմությունից, պատմականորեն եկած սխալներից դասեր քաղելուց, բայց հետհայացք գցելով հասկանում ենք, որ թույլ տված սխալներից դասեր չքաղեցինք, մենք չկարողացանք մեր հաղթանակը ամրագրել մեր պետության ամրապնդմամբ: Վերջապես սթափվել է պետք, մեր պետությունը բոլորիս համախմբման, բոլորիս ամենօրյա քրտնաջան աշխատանքի կարիքն ունի: Մեր համախմբվածությունը պետք է սկսել ընտանիքից, հարեւանից, բարեկամից եւ ամրապնդել համերաշխությամբ, միմյանց ձեռք մեկնելով:
Այսօրվա անկախ ապրելու համար մենք արդեն շատ թանկ ենք վճարել, ուստի պարտավոր ենք արժեւորել Անկախությունը, տեր կանգնել Անկախությանը եւ գիտակցել, որ այն բացարձակ արժեք է ու քննարկման կարիք չունի:
Շնորհավո’ր տոնդ, համայն հայություն:
Փա’ռք հայրենիքի համար նահատակված քաջերին,
Փա’ռք մեր բանակին, զինվորներին, երկրապահներին, կամավորականներին, ազատամարտիկներին,
Փա’ռք ու պատիվ աշխարհասփյուռ հայությանը:
ՀՀ ԵԿՄ ՎԱՐՉՈւԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Ս.Մ.ՄԻՔԱՅԵԼՅԱՆ