Լրահոս
Օրվա լրահոսը

Գտնել ոտքի կանգնելու ամենակարճ, ամենաարդյունավետ եւ ամենաարագ տարբերակը, դանդաղ ու բնականոն զարգացման բոլոր սցենարները կիրառելի չեն այլեւս. սեպտեմբերի 21-ը՝ հաշվետվության օր. «Հայաստանի Հանրապետություն»

Սեպտեմբեր 21,2021 10:21

 Վերջին պատերազմից հետո մենք բոլորովին այլ իրականությունում ենք ապրում, տարածաշրջանում աշխարհաքաղաքական կտրուկ փոփոխություններ են եղել։ Կյանքը բազմիցս ապացուցել է, որ այս տարածաշրջանը առանձնահատուկ է՝ դաժանության առումով։ Այս տարածաշրջանը (ոչ միայն, բայց հիմա սա է մեր խնդրո առարկան) վառ, առանց այլեւայլության ցույց է տվել, որ թույլերին տրորում են, իսկ հաղթողին չեն դատում, եթե նույնիսկ այդ հաղթողը խախտել է նույն «առաջադեմ» կոչված աշխարհի բոլոր նորմերը՝ մարդու իրավունքներից սկսած մինչեւ արգելված զինատեսակների գործածում եւ այլն։ Այս տարածաշրջանում ամեն օր հաստատվում է աշխարհի «արդարության» սկզբունքը։

Հիմա որոշողը մենք ենք՝ հաշտվում ենք ու մնում թույլ՝  իբրեւ թյուրքական տարրի ոտքի կոխան, թե՞ սթափվում ենք ու գնում հաղթության ճանապարհով։ Բայց հաղթելու համար մեզ պետք է շատ արագ ոտքի կանգնել։ Տնտեսության այս վիճակով հազիվ թե կարող ենք։ Մեզ վերակառուցվել է պետք, շատ բան վերանայել՝ մեր հաղթելու նպատակը ռելսերին դնելու համար։ 

Սեպտեմբերի 21-ը յուրօրինակ հաշվետվության օր դարձնենք։ Քանի որ մեզ հիմա պետք է ճիշտ հաշվարկված տնտեսաքաղաքականություն՝ արագ ու որակյալ ոտքի կանգնելու համար (դանդաղ կայունի ժամանակը չունենք), հակիրճ փորձենք հասկանալ մեր 30 տարվա ապրածը, քաղած դասերն ու անելիքները։

«ՀՀ»-ի զրուցակիցներն են ԵՊՀ տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի դեկան, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Հայկ Սարգսյանը, ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի հետազոտող, տնտեսագիտության թեկնածու Համազասպ Գալստյանը, տնտեսագետ, կառավարման փորձագետ, տ.գ.թ., դոցենտ, ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի «Կառավարում» ամբիոնի վարիչ Կարեն Սարգսյանը։

«Վերջերս Արցախում մի գիտաժողովի էի մասնակցում, այնտեղ հանդես եկա «ՀՀ տնտեսության դիմագծի բարեփոխումները եւ մարտահրավերները» զեկույցով։ Նույն ձեր հարցի՝ 30 տարվա մասով է. եթե հակիրճ, ապա անկախությունից ի վեր վարվող տնտեսական քաղաքականության արդյունքում եւ՛ մեր տնտեսությունը, եւ՛ հասարակությունը հայտնվել են անցանկալի իրավիճակում, եթե, իհարկե, ավելի խիստ որակումներ չտամ։ Այսօր դեռեւս ունենք չհաղթահարված ճգնաժամեր, որոնցից պետք է կարողանանք դուրս բերել մեր տնտեսությունը նոր ուղեծիր»,- «ՀՀ»-ի հետ զրույցում նշեց Հայկ Սարգսյանը։

Պրոֆեսորի խոսքով՝ տարիներ շարունակ մեր տնտեսական քաղաքականությունը վայրիվերումներով է եղել, եւ չի իրականացվել կրթական ու գիտաարտադրական միասնական համակարգի առաջանցիկ զարգացում։ Չի արվել մարդկային կապիտալի եւ մեր ռեսուրսների (հող, ջուր եւն) ու այլ բաղադրիչների օպտիմալ ռեսուրսօգտագործում։

Համազասպ Գալստյանի համոզմամբ՝ անկախությունը եւ դրա հռչակումը պետության համար կարող են դառնալ իրական ու լիարժեք ազգային տոն, եթե ակնառու տեսանելի են ոչ միայն նրա դասական այցեքարտ խորրհդանիշները (դրոշ, գերբ, օրհներգ), այլեւ տվյալ պետությունը ներկայացնող մշակութային, սոցիալ-տնտեսական, կրթական, իրավաքաղաքական, տեխնոլոգիական միջավայրերի արդյունավետ կենսագործունեությունը՝ ի նպաստ պետականության զարգացման եւ ամրապնդման։ Այդ առումով Անկախության  օրը նաեւ տվյալ պետության յուրաքանչուր քաղաքացու  համար (անկախ պետականաշինության պատվաբեր գործում նրա գրաված դիրքից ու ներազդեցության չափից) իր արած ու չարածի յուրօրինակ հաշվետվության օրն է, մտքում եւ բարձրաձայն ու նաեւ առիթը՝ խորհելու իր պետության անցած ուղու, հաջողությունների, փորձությունների, ձեռքբերումների ու նաեւ մարտահրավերների մասին։ Այն, իհարկե, նաեւ հնարավորություն է ներկայացնելու մեր պատկերացումները վաղվա օրվա մասին։ «Այս առումով, պետք է ցավով փաստենք, որ 30-ամյա անկախության սերնդի ուսերին է բարդվել այս երեք տասնամյակի չարվածի, չիրականացվածի ու ձեռքից բաց թողնվածի համախումբը, եւ այս համախմբում ներառված խնդիրների լուծման ուղիների նախանշման ու իրագործելի ճանապարհների ներկայացումը պետք է լինի մեր առաջնային գործողությունը։ Յուրաքանչյուրինս իր ոլորտում, իր հարթակում, դրսում, տանն ու ամենուրեք»,- նշեց «Ամբերդի» հետազոտողը։

Ըստ նրա՝ արհավիրք-պատերազմը ոչ միայն վեր հանեց մեր բացթողումները, այլեւ, որքան էլ տարօրինակ է, ցույց տվեց այն նշաձողը, առանց որին հասնելու Մեր Անկախության մասին ձոներգելը կդառնա պարապ մի բան։ Պատերազմն իր դաժան իրողությամբ խմբագրեց մեր հետագա գործողությունների սցենարը, եւ այժմ մենք օբյեկտիվորեն ստիպված ենք դրան հաղորդել բոլորովին այլ արագություն. «Ճանապարհը նման դեպքերում մեկն է՝ գտնել ոտքի կանգնելու ամենակարճ, ամենաարդյունավետ եւ ամենաարագ տարբերակը, քանզի դանդաղ ու բնականոն զարգացման բոլոր սցենարները կիրառելի չեն այլեւս։ Որքան էլ կրկնվելիք է, սակայն այս ամենի հիմքում ոտքի կանգնելու միասնական կամքը պետք է լինի դրված, հավաքական ու մեկ նպատակի միտված մեր Ոգին։ Մեխանիզմները, այլոց պատմության դասերը մեր օգնականն են, սակայն, ի վերջո, մեր խնդիրը մեր լուծելիքն է»։

Մեր տնտեսության վայրիվերումների մասին Կարեն Սարգսյանը նույնպես խոսեց: Անկախացումից հետո Հայաստանն անցել է դրա միջով:

Արցախյան վերջին պատերազմը կրկին ցույց տվեց մեր տնտեսական մոդելի անարդյունավետությունը։ Կարեն Սարգսյանը վստահ է՝ եթե ունենայինք մրցունակ տնտեսություն, հզոր ռազմարդյունաբերություն, ապա այս պատերազմը տանուլ չէինք տա. «Երկրի զարգացման համար այն պետք է ռազմական առումով հնարավորինս անխոցելի լինի։ Եթե ժամանակին մտածեինք այս մասին, ամենայն հավանականությամբ, այս պատերազմն այլ ելք կունենար։ Անկախության անցած երեք տասնամյակներից հետո, ի վերջո, պետք է  հետեւողականություն դրսեւորենք, փոխենք տնտեսական աճի մոդելն ու տնտեսության կառուցվածքը, բարձրացնենք արտաքին շոկերից մեր տնտեսության պաշտպանողականությունը, պահանջարկի վրա հիմնված տնտեսությունից անցում կատարենք «առաջարկի տնտեսության», խթանենք գիտելիքահենք արտադրությունների զարգացումն ու ոչ հումքային արտահանումը, բարելավենք ներդրումային միջավայրը, զարգացնենք ներդրումային կոլեկտիվ ինստիտուտները, խրախուսենք մարդկային կապիտալի զարգացումը»։

Կառավարման փորձագետը եզրափակեց կարեւորագույն շեշտադրումով. «Ռազմարդյունաբերությունը պետք է դառնա մեր տնտեսության առաջատար ոլորտներից մեկը։ Ես վստահ եմ, որ ունենք դրա ներուժը, պարզապես անհրաժեշտ է հետեւողական քաղաքականություն այս ոլորտում։ Այդ կերպ կարող են լուծվել ինչպես մեր երկրի անվտանգության խնդիրները, այնպես էլ կապահովվեն տնտեսության դիվերսիֆիկացումն ու առաջանցիկ զարգացումը»։

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930