Լրահոս
Թեհրանի նուրբ խաղը
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյան. Առջևում ծանր, բայց և պատվաբեր պայքար է սպասվում՝ հանուն ազգային արժանապատվության, հանուն սեփական հողում անվտանգ, ազատ, ինքնիշխան և արժանապատիվ ապրելու

Սեպտեմբեր 21,2021 10:04

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Անկախության օրվա առթիվ

Անկախություն կերտած սերունդը, որ երեսուն տարի առաջ հիմք դրեց Հայաստանի երրորդ հանրապետությանը, և որի ներկայացուցիչը լինելու պատիվն ունեմ նաև ես, քաջ գիտակցում էր իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի և հետագա սերունդների առջև:
Այս սերունդը ազգային արժեքներ կրող, հզոր ոգի և երազանք ունեցող սերուցքն է, որ ամեն ինչ արեց ինքնիշխան, ազատ, անկախ Հայոց պետությունը կայացնելու և պաշտպանելու համար:

Անկախության սերնդի ներկայացուցիչների մի մասը հանուն հայրենիքի նահատակվեց, մի մասն ավարտեց երկրային կյանքը` պետականաշինության ճանապարհին իր մեծ ներդրումն ունենալով, իսկ ողջ մնացած և այդ գաղափարը սրբորեն կրող մի մասն էլ այսօր հալածվում ու հետապնդվում է գործող ապազգային իշխանությունների կողմից:

Հայ ժողովրդի ճակատագրի հանդեպ անտարբեր և անպատասխանատու ներկայիս վարչախումբն ու նրանց համակիրները կարճ ժամանակում մսխեցին այն ձեռքբերումները, որոնք անցած տասնամյակներին անասելի դժվարությունների ու մաքառման ճանապարհով էին ստեղծվել:

Նրանք լրջագույն հարվածի տակ դրեցին Հայաստանի Հանրապետությունն ու հայ ժողովրդի ծանր պայքարի արդյունքում ստեղծված Արցախի Հանրապետությունը, զազրելի արշավ սկսեցին ազգային պետության և հայոց ինքնության պահպանման համար կարևոր բաղադրիչների` լեզվի, եկեղեցու, հայոց պատմության, հայ ընտանիքի դեմ, թշնամուն հոժարակամ ներս թողեցին անկախ պետության սահմաններից ներս` Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ամեն օր ենթարկելով ստորացումների ու նվաստացումների՝ թշնամու և հենց իրենց` գործող վարչախմբի կողմից:

Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն ու պետության անվտանգությունը խարխլված են, և պետության գոյությունը` դրված հարվածի տակ, հազարավոր երիտասարդ կյանքեր զոհաբերված կամ հաշմված` 44-օրյա պատերազմի ապաշնորհ կառավարման և թշնամու հետ կասկածելի «փոխըմբռնման» ու համաձայնությունների արդյունքում:

Եվ այս ամենի ֆոնին գործող վարչախումբը ցինիկ ինքնագոհությամբ «գունագեղ» տոնախմբություն է անցկացնում:
Իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած հազարավոր երիտասարդներին ևս ես անկախության սերունդ եմ համարում:
Փա՛ռք անկախության համար նահատակված բոլոր հայորդիներին:

Ազգային արժեքներին հավատարիմ և ազատությունն ու անկախությունը ամեն ինչից վեր դասող հայ ժողովրդի սերուցքը չպետք է հանդուրժի արտաքին ու ներքին թշնամու այս ոտնձգությունները, անկախության սերունդը չի՛ կարող և չպե՛տք է պարտվի ստրկամիտներին:
Հանուն սեփական պետության պայքարը նույնն է, ինչ կյանքի համար պայքարը, որի համար մարդը չի խնայում ոչինչ:
Բախտախնդիր ապազգային և անբարո իշխանությունները լրջագույն խոչընդոտ են Հայոց պետականության պահպանման ու հզորացման ճանապարհին:

Առջևում ծանր, բայց և պատվաբեր պայքար է սպասվում՝ հանուն ազգային արժանապատվության, հանուն սեփական հողում անվտանգ, ազատ, ինքնիշխան և արժանապատիվ ապրելու:

Անկախության տոնը դեռ տոնելու ենք:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930