Լրահոս
Թեհրանի նուրբ խաղը
Օրվա լրահոսը

30-ամյա՞կ, թե՞ 3-ամյակ

Սեպտեմբեր 21,2021 10:00

1993 թվականին (ցավոք, ամիսը չեմ հիշում) նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպում ունեցավ գործարանների տնօրենների հետ, որոնց թվում էր, ի դեպ, նաեւ Կարեն Դեմիրճյանը: Ելույթ ունեցողներից մեկն ասաց մոտավորապես հետեւյալը. «Մեր արդյունաբերությունը պետք է պահպանել՝ կարեւոր չէ, թե ովքեր են այն կառուցել՝ կոմունիստները, թե էլի ինչ-որ մեկը»: Նախագահն ընդհատեց նրան՝ ասելով. «Արդյունաբերությունը կառուցել են կոմունիստները: Ես, որպես պատմաբան, ճշգրիտ ձեւակերպումների կողմնակից եմ»: Ինձ թվում է, դա ոչ միայն պատմական, այլեւ պետական ճիշտ մոտեցում է: Բնականաբար, մինչեւ 1990 թվականին իշխանության գալը «Ղարաբաղ» կոմիտեի անդամները բազմաթիվ ելույթներ էին ունեցել կոմունիստական ղեկավարության դեմ: Բայց, դառնալով պետության պատասխանատուներ, նրանք այդ հռետորաբանությունը կամաց-կամաց մեղմացրեցին, իսկ հետագայում՝ ընդհանրապես բացառեցին: Գաղափարական հակասությունները, բնականաբար, մնում էին, բայց մի բան է, երբ դու հակադրվում ես քո ընդդիմախոսներին՝ որպես քաղաքական գործիչ, բոլորովին այլ բան է, երբ դու ձեւակերպում ես քո վերաբերմունքը երկրիդ անցյալի հանդեպ՝ որպես պետության մարդ, քաղաքացի:

Դա վերաբերում է ոչ միայն իշխանավորներին, այլեւ մեզ բոլորիս: Իրենց անմիջական անցյալն ամբողջապես մերժող քաղաքացիները նպաստում են պետության ձախողմանը: Թե ինչ է նշանակում «անմիջական»՝ իհարկե, քննարկելու հարց է: Չնայած մեր պատմությունը շատ մեծ «խորություն» ունի, որ անհրաժեշտ է իմանալ, այս պարագայում «անմիջական անցյալը» կարելի է հաշվարկել 1918 թվականից՝ այն պարզ պատճառով, որ այդ 103 տարվա ընթացքում մենք երեք անգամ փորձել ենք պետականություն կառուցել՝ իհարկե, սխալներով, ձախողումներով, պարտություններով: Որեւէ ժամանակահատված բացառապես սեւ գույնով ներկելը խոսում է ոչ միայն նեղ քաղաքական, քարոզչական նպատակների, այլեւ մտքի որոշակի սահմանափակության, պարզունակության մասին: Այդպես ապրող մարդիկ չունեն, չեն ուզում ունենալ ինստիտուցիոնալ հիշողություն: Իսկ պետության համար նման հիշողություն չունենալը նույն իրավիճակն է ստեղծում, որը բժիշկներն արձանագրում են որոշ մարդանց մոտ, որոնք հիշում են, թե ինչ է պատահել 5 րոպե առաջ, բայց չեն հիշում մեկ ժամ առաջ տեղի ունեցած իրադարձությունները: Դա լուրջ հիվանդություն է:

Ներկա իշխանությունն իր քաղաքական ռեսուրսը հիմնել է Հայաստանի քաղաքացիների մեծամասնության մի պատկերացման վրա, ըստ որի Երրորդ հանրապետության անցած 30 տարիներից 27-ը մենք ապրել ենք մղձավանջի մեջ, եւ միայն 3 տարի առաջ է բոլորիս համար ծագել երջանկության արեւը: Անգամ 30-ամյակը ազդարարող պաստառի «3»-ը ՔՊ-ական նախընտրական պաստառի «3»-ն է, իսկ «0»-ն ամենեւին շեշտված չէ: Դա վտանգավոր մոտեցում է՝ քաղաքացիների մոտ պետականության զգացումը, բնազդը թուլացնող: Այդ մոտեցումն, ի վերջո, խանգարելու է նաեւ այս իշխանությանը:

Այսօր այն օրն է, երբ պետք է արժևորել անցած երեք տասնամյակները, ինչպես նաեւ բոլորիս՝ երկրի առաջին դեմքերից սկսած մինչեւ ցանկացած շարքային քաղաքացու արածը: Ես այդպես եմ պատկերացնում պետական մտածողությունը:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930