«Ո′չ պարտադիր կլինիկական փորձարկումներին», «Դու ունես ընտրության իրավունք», «Կամ ոսկե դար, կամ ոչինչ», «Վախի գերի մի եղեք»,- այպիսի կարգախոսներով ՀՀ տասնյակ քաղաքացիներ Երևանում իրականացրին բողոքի ցույց և երթ: Բողոքի ցույցն իրականացավ Ազատության հրապարակում՝ «Լույսի բանակ» ռազմահայրենասիրական բարեգործական ՀԿ-ի նախաձեռնությամբ:
Ցույցը նախաձեռնողները հայտարարեցին. «Եթե դու դեմ ես տեղում դոփելուն, թանկացումներին, ֆեյքաբույծներին ու դրա հովանավորներին, ատելության մթնոլորտին ու դրա ստեղծողներին, պարտադիր պատվաստումներին ու դրա՝ պարտադրելու փորձ անելուն, կորոնաֆաշիզմին ու դրա զարգացմանը, լուռ կամ ձևական ընդդիմությանը, վաճառված շարժումներին, գերիների ու հայ ազգի ստորացմանը, եթե տեր ես հայրենիքիդ, հողիդ, ջրիդ….. ուրեմն միացիր, դու մեզնից մեկն ես»:
Կարդացեք նաև
Ազատության հրապարակից ցույցի մասնակիցները բողոքի երթ իրականացրին Երևանի փոքր Կենտրոնում, այնուհետև վերադարձան Ազատության հրապարակ:
«Լույսի բանակ» ռազմահայրենասիրական բարեգործական ՀԿ-ի նախագահ Կարեն Արամյանն իր ելույթում, անդրադառնալով այն հայտարարություններին, թե «էս երկիրը խելքի բերել հեշտ չէ, սա չի թողնում, նա չի թողնում», ասաց. «Ուզում եմ, որ մենք մեր մեջ գտնենք այն երեխային, որ ուղղակի ազատ, հասարակ, երկնքի հետ պայմանագիր կնքած, տիեզերքի առաջ պատասխանատու, պատրաստ մաքուր կյանքի, մեր մեջ վերականգնենք այն մաքուր, պարզ մանկականը, որ մեզ կարող է հուշել մի բան, որ դա հեշտ է: Մենք քանի որ այստեղ ենք, մասնակցում ենք, ես մենակ չեմ, դուք մենակ չեք, մենք միասին յուրահատուկ, մեծ ուժ ենք, որն օր օրի ավելի է մեծանալու»:
Խոսելով Անկախության տոնին նվիրված համերգի մասին՝ Կարեն Արամյանը վրդովվեց. «Մոտակա կայանալիք երևույթը, որը հակահայկական, հակամարդկային, հակատղամարդկային է, դա վաղվա կայանալիքն է, որը կոչել են համերգ: Կլինի դա դասական համերգ, թե հրավառություն, պարով, երգով, թե ոնց ուզում է լինել, առհասարակ մենք հայ ենք, էս մեր երկիրն է, ու թող վաղվա համերգը լինի ամենախախանդը, մենք դրան դեմ ենք: Այսօրվանից կանենք ամեն ինչ, ու դա չի լինի, ինչպես չի լինի ամսի 1-ին պարտադիր պատվաստումների համար տույժը: Մենք ենք մեր երկրի, գլխի, ազգի ու հարազատների տերը: Չէ ու պրինցիպի համար պիտի չլինի, որովհետև ձեզնից յուրաքանչյուրն այդպես է ուզում, որովհետև ես այդպես եմ ուզում:
Ուզում է ինչի՞ համար, որ ցույց տա՝ ով է այս երկրում տերը: Մենք՝ որպես այս երկրի տեր ամենալավ ու սիրուն համերգն է, չենք ուզում: Չենք ուզում, չենք ուզում: Դուք հասկանո՞ւմ եք, երբ նայում եք այն մարդկանց, որոնք իրենց կարճ խելքով ուզում են արհամարհել, թեկուզ մեկ հայի գիտակից համարժեք ցանկությունը, սրտի ցավը կամ ձգտումը, ուրեմն այդ մարդիկ ինչքա՞ն փոքր հոգի պիտի ունենան, որ անտեսեն»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ