ԱՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ստացված օպերատիվ տվյալների իրացման արդյունքում պարզվել է, որ ԱՀ տարածքային կառավարման նախարարության և առևտրային կազմակերպություն հանդիսացող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև կնքված` ԱՀ տեղահանված քաղաքացիներին հիշյալ ընկերությանը պատկանող հյուրատանը տեղավորելու տեսքով արտահայտված ծառայությունների մատուցման պայմանագրերի հիման վրա 2020թ․ նոյեմբեր ամսից մինչև 2021թ. օգոստոս ամիսն ընկած ժամանակահատվածում պայմանագրերով նախատեսված` իրավաբանական նշանակություն ունեցող փաստ հաստատող պաշտոնական փաստաթղթերում ներկայացվել են կեղծ տեղեկություններ մատուցված ծառայության չափի` տեղահանված բնակիչների քանակի մասին, որի միջոցով պետությունից խարդախությամբ հափշտակվել է առանձնապես խոշոր չափ կազմող ընդհանուր 15.364.800 դրամ գումար:
Նկարագրված դեպքի առթիվ ԱՀ ազգային անվտանգության ծառայության կողմից հարուցվել է քրեական գործ ԱՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախության եղանակով առանձնապես խոշոր չափերով հափշտակություն), 334-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական անփութություն) և 345-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական փաստաթղթերի կեղծում և օգտագործում) նախատեսված հանցանքների հատկանիշներով: Հետաքննության փուլում կատարվել են առգրավումներ, խուզարկություններ, իրականացվում են անհետաձգելի դատավարական գործողություններ:
Գործի մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունը և դատավարական ղեկավարումն իրականացվում է ԱՀ գլխավոր դատախազության կողմից:
Կարդացեք նաև
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ