Այս պահին կառավարության շենքի դիմաց մի խումբ քաղաքացիներ բողոքի ցույց են անում ՀՀ անկախության 30-ամյակին նվիրված տոնական միջոցառումները չեղարկելու պահանջով:
Ցույցի մասնակիցներից Ալլա Հակոբյանը լրագրողների հետ զրույցում ասաց․ «Կատարվածը գերագույն անաստվածություն է, բոլոր մեղավորները պատժվելու են, Աստծո դատաստանը բոլորին հասնելու է։ Այդ ո՞նց եղավ ամբողջ աշխարհում ֆորսմաժորային խնդիրների պատճառով Օլիմպիական խաղերը նախորդ տարի հետաձգեցին ու 2021-ին անցկացրեցին, մեզ մոտ էլ է նման իրավիճակ, ի՞նչ պարտադիր էր այս միջոցառումը կազմակերպել, երբ դեռ չգտնված, չթաղված կամ սառնարաններում գտնվող դիեր կան, երբ գերիներ ունենք չվերադարձած, դրանից ավելի մեծ ֆորսմաժո՞ր պետք է լիներ, էլ չեմ ասում, որ Արցախ աշխարհի հողերի մեծ մասը տվեցին, հիմա հերթը հասել է Զանգեզուրին: Հայ ժողովուրդ, կարծում եմ՝ շատերդ տանը նստած ցավում եք սրա համար»։
Քաղաքացիները նաեւ մոմավառություն են կազմակերպել։ Լրագրողների հետ զրույցում պրոդյուսեր Արմեն Գրիգորյանն ասաց` այսպես ցույց են տալիս, թե ինչպես պետք է նշել ՀՀ անկախության տոնը. «Այսօր չեք թողնում լուռ կանգնենք, մենք մոմերով լուռ կանգնելու ենք երկու ժամ՝ ի հիշատակ 44 -օրյա պատերազմի նահատակների եւ բոլոր նրանց, ովքեր կյանքը տվել են անկախ Հայաստանի համար»։
Կարդացեք նաև
Ցույցի մասնակիցները մոմեր էին դրել գետնին, ոստիկանները մոտեցան եւ հորդորեցին հավաքել դրանք։ Քաղաքացիները կարդացին «Հայր Մեր»-ն ու հավաքեցին մոմերը։
Ցույցի մասնակիցներն այսօր 24:00-ին քայլերթով գնալու են Եռաբլուր։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ