Լրահոս
Օրվա լրահոսը

Ռազմական ոստիկանության նախկին պետը, զինագործներ, պատերազմի մասնակիցներ, գործարարներ․ «Թասիբով դաշինք»-ը հրապարակել է իր ցուցակը

Սեպտեմբեր 20,2021 21:21

Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցող «Թասիբով դաշինք»-ի ցուցակը բաղկացած է ավագանու 22 թեկնածուներից։ Քաղաքապետի թեկնածուն իրավապաշտպան, ՀՀ մարդու իրավունքների գրասենյակի Գյումրու նախկին ղեկավար, Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի Գյումրու շտաբներից մեկի պատասխանատու Կարապետ Պողոսյանն է։

Ցուցակում կան մի քանի գործարարներ, այդ թվում երիտասարդ կին գործարարներ, զինագործ, երկու լրագրողներ, 44 օրյա պատերազմի 4 մասնակիցներ, ճանաչված քանդակագործ, մանկավարժներ, ինչպես նաև Գյումրու ռազմական ոստիկանության նախկին պետը։

Ցուցակի երկրորդ համարում երիտասարդ գործարար Ռեմիկ Աղաբաբյանն է, երրորդ տեղում Լուսյա Անաստասյանն է՝ IT ոլորտի մասնագետ։

4-րդ տեղում նախկին ՕԵԿ-ական Համլետ Սարուխանյանն է, նա տարբեր պետական պաշտոններ է զբաղեցրել, այդ թվում նաև տեղի Անտառտնտեսությունում։

5-րդ համարում ճանաչված քանդակագործ Արթուր Գևորգյանն է՝ «Քանդակագործության ազգային պարկ-թանգարան»-ի հիմնադիր տնօրենը։ Ինչպես մեզ հետ զրույցում պարզաբանեց Կարապետ Պողոսյանը, Արթուր Գևորգյանը ստեղծել է թանգարան՝ հավաքելով ոչնչացման ենթակա բոլոր արձանները։ Նշենք, որ քանդակագործը շատ ակտիվ է, նա հաճախակի է հանդես գալիս ուղիղ եթերով՝ հայտնելով իր տեսակետը այս կամ այն իրադարձության շուրջ։

Ցուցակի 10-րդ համարում Գյումրու ռազմական ոստիկանության կայազորի նախկին պետ Գագիկ Գինոսյանն է, որն աշխատանքից հեռացել է մոտ երեք ամիս առաջ։ Կարապետ Պողոսյանի պարզաբանմամբ, նա պատերազմի ընթացքում և հետապատերազմյան շրջանում լուրջ տարաձայնություններ է ունեցել իր վերադասի հետ։

11-րդ տեղում Գագիկ Մկրտչյանն է, որը քաղաքի միակ զինագործ է, նաև Գյումրու էլցանցի իրացման բաժնի ինժեներն է։ Ըստ Կարապետ Պողոսյանի, քանի որ իրենք պատրաստվում են Գյումրիում զարգացնել ռազմահայրենասիրական մշակույթը, զինագործները իրենց կօգնեն այս հարցում։

Ցուցակում կա թեկնածու գազի գրասենյակից՝ Ոսկան Մարտիրոսյանն է, կա երիտասարդ կին գործարար՝ Անի Ավագյանը, որը Գյումրիում ունի հագուստի և մոդելավորման կենտրոն։

Ցուցակում կան պատերազմի մասնակիցներ, օրինակ՝ Սամվել Մխիթարյանը, որը կռվել է Շուշիում ոստիկանական զորքերի կազմում։ Նա մասնագիտությամբ իրավաբան է։ Մասնակից է նաև Մինասյան Ղարիբը, որը ևս կամավոր մասնակցել է 44-օրյա պատերազմին, պատերազմին կամավոր մասնակցել է նաև Կարապետ Պողոսյանը։

Հմայակ Կարապետյանն էլ, որը ցուցակի 20-րդ տեղում է, ևս պատերազմի մասնակից է։ Կարապետ Պողոսյանի ասելով, ինքը նրա հետ ծանոթացել է պատերազմի դաշտում ու ականատես եղել, թե ինչպես է ինքնաթիռ խոցել։

Ցուցակի 17-րդ տեղը զբաղեցնող Վարդևանյան Արտուշն էլ, ըստ Կարապետ Պողոսյանի, ունի հաշմանդամության խնդիր ու այս պահին զբաղվում է հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով։ Ընտրվելու դեպքում նա պիտի կոորդինացնի հենց այդ ոլորտը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930