«Ես ներողություն եմ խնդրում, որ չկարողացա ամեն ինչ անել, որպեսզի խափանեմ այս համերգը, իմ կարծիքով համերգը կկայանա…Հաստատ լինելու է մեծ զանգված, որը դեմ չէ այդ համերգին: Դա իրենց ընտրությունն է: Նորից ներողություն եմ խնդրում, որ չկարողացանք խափանել այն»,- «Հայելի» ակումբում ասաց պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը՝ նկատի ունենալով սեպտեմբերի 21-ի գունագեղ տոնակատարությունը:
«Մենք ասեցինք, որ գնալու ենք հրապարակ, ոստիկանությունն ասաց՝ չեք կարող: Մենք մեր խոսքի տերն եղանք, ոստիկանությունն՝ իր: Իրենք մեզ բերման ենթարկեցին, բայց միեւնույն է՝ երեք ժամ հետո մենք գնացինք հրապարակ… Ես ոչ մի պրետենզիա չունեմ ոստիկանների հանդեպ, պարզաբանեմ՝ ինչու. իրենք հրաման են կատարում, իսկ ով չէր ուզում դա անել, վաղուց ոստիկանությունից դուրս է եկել:Ինքս բազմաթիվ այդպիսի մարդիկ գիտեմ, դրա համար գնահատական չեմ տալիս իրենց բարոյական եւ մյուս հատկանիշներին:
Ես պրետենզիա ունեմ միայն կարմիր բերետավորների նկատմամբ: Նորմալ է, երբ բերման են ենթարկում մարդկանց, քանի որ հրաման են կատարում: Բայց երբ իրենք ակնառու հաճույք են ստանում վաթսուն տարեկան կնոջը ասֆալտին քցելով, ծեծելով, տակից կռիսական կողերին խփելով, դա արդեն սադիստություն է: Կոնկրետ մի քանի հոգի իրենց պատասխանը ստանալու են, քանի որ իրենց պահել են սադիստի պես՝ հայ ոստիկանին ոչ վայել:
Ոստիկանները շատ են նեղվում, որ իրենց թուրք են անվանում, ես էլ բացատրեցի, որ հենց էնպես չի, որ եկել ու ձեզ այդպես են անվանում: Դա ձեր պահվածքից հետո է լինում, դուք ձեզ նորմալ պահեք, մենք էլ նորմալ կպահենք,թե չէ բոլորս էլ հայ ենք»,-ասաց պրոդյուսերը:
Կարդացեք նաև
Նրա խոսքով, իրենք սակավաթիվ ցուցարարներով զոհվածների հարազատների հետ միասին փորձել են ցույց տալ, թե ինչպես պետք է նշել Անկախության օրը, դրա համար այցելել են Առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանին. «Զիբիլանոց էր, միայն հետ տված չէր, այդպե՞ս եք դիմավորում Անկախության օրը: Մենք հավաքեցինք աղբը, ինչքան կարողացանք»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ