JAMnews. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների ծառայության պետ, գնդապետ Մեխակ Արզումանյանն իր պատմությունները պատմեց «Հետագծեր» նախագծին: Նա մեկն է այն փրկարարներից, որոնք 2020 թվականի նոյեմբերի 13-ից մասնակցում են Արցախյան երկրորդ պատերազմում զոհված զինծառայողների մարմինների որոնողական աշխատանքներին:
Մեխակ Արզումանյանը հայ-ադրբեջանական հակամարտության հայկական կողմում այն եզակի մարդկանցից է, որ ամենօրյա անմիջական շփում ունի ադրբեջանցիների հետ։ Ինքը մեկն է այն հայ փրկարարներից, որոնք նախորդ տարվա նոյեմբերի 13-ից սկսած մասնակցում են զոհված զինծառայողների մարմինների որոնման աշխատանքներին։
Գնդապետի հետ հանդիպումը Ստեփանակերտում էր՝ իր աշխատասենյակում։ Կարելի է ասել՝ բախտս բերել էր, որովհետեւ ինձանից առաջ դեռ որեւէ լրագրողի հետ նա չէր համաձայնել խոսել։ Ինձ հետ Արզումանյանն առաջին անգամ զրուցում էր պատերազմի, որոնողական աշխատանքների ու իր ապրումների մասին։
Գնդապետն ու իր տղաներն ամեն օր մտնում են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներ, ու իրենք էլ շատ հաճախ չեն իմանում՝ կվերադառնա՞ն, թե՞ ոչ։
Կարդացեք նաև
«Ջահել թուրքեր կան, առաջին անգամ իրենց կյանքում հայ տեսած թուրքեր, պատերազմին էլ երեւի չեն մասնակցել, երևի, թիկունքային աշխատանքներ են արել, ու մեկ էլ ուզում են վատություն անել, խոչընդոտել»։
Բայց որտեղ վատություն անող զինվոր կա, մի լավություն անող հրամանատար է գտնվում, ասում է Արցախի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն, գնդապետ Մեխակ Արզումանյանը։
Ու այդ ճշմարտությունը վատի մյուս կողմն է։ Ու դա՝ այդ ճշմարտությունը, անընդունելի է պատերազմի երկու կողմերի համար էլ։
«Ադրբեջանական կողմի ներդրումը պատերազմից հետո [հայ] զոհվածների դիակները գտնելու գործում կա ու մեծ է։ Եղել են ադրբեջանցիներ, որոնք իրենց ոտքով տարել, ցույց են տվել այն հատվածները, որտեղ մեր տղաների մարմիններն են եղել։ Առանց իրենց օգնության ես նրանց մասունքները հետ վերադարձնել չէի կարող»,— պատմում է գնդապետը։
Մեր խոսակցության ամբողջ ընթացքում գնդապետի ձեռքին գրիչ էր, որի կափարիչը կտտոցով էր փակվում։ Զրույցն ընդհատվում էր երկար դադարներով, որոնց ժամանակ միայն այդ գրիչի բացվելու ու փակվելու կտտոցն էր։ Այդ ձայնն էր, որ ինձ հասկացնում է մի պարզ բան. գնդապետի համար խոսելը հեշտ չէ։
Հարցեր կային, որոնց պատասխաններից առաջ միայն գրիչի կափարիչի ձայնն էր լսվում, երկար լռություն ու… նախադասություններ, որոնք Մեխակն սկսում էր ու չէր ավարտում։
«Դուք պատկերացրեք, մտնում եմ թուրքի մոտ, թուրքը պիտի ստուգի՝ էս մեկ, էն մյուս, մի բան…»,- այստեղ բառեր առանձնապես չկան, բայց ամեն ինչ հասկանալի է։
Վերջին շրջանում հաճախ ինքը միայնակ է անցնում ադրբեջանական կողմի հետ բանակցելու դժվար գործի միջով։ Եղել է, որ առանց որեւէ պատճառի ու բացատրության ադրբեջանական կողմն արգելել է շարունակել որոնողական աշխատանքները, ասում է գնդապետն ու մանրամասն փորձում բացատրել։
«Եղել են օրեր, երբ գնացել ենք, տեղ հասել, ու մեզ թույլ չեն տվել ներս մտնել, նախապես պայմանավորվածությունը չեն պահել։ Եղել են [անհետ կորածների] ծնողներ, որոնք ամեն ինչ արել են մեզ հետ որոնողական աշխատանքներին մասնակցելու համար։ Հոգեբանորեն դա է՛լ ավելի դժվար է։ Ես երբեք չեմ կարող իմանալ, թե ինչպես իրեն կպահի ծնողը, ու ինչպես դրան կարձագանքի ադրբեջանական կողմը»։
Անի ՄԻՆԱՍՅԱՆ, Երևան
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: