Լրահոս
Օրվա լրահոսը

44-օրյա պատերազմում զոհված հերոս Հայկ Հակոբյանի անվան հուշաքար Աշոցքում

Սեպտեմբեր 20,2021 16:38

Սեպտեմբերի 17-ին արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հերոս Հայկ Հակոբյանը կդառնար 24 տարեկան:

Նրա ծննդավայրում՝ ՀՀ Շիրակի մարզի Աշոցք համայնքում բացվեց Հայկ Հակոբյանի անվան հուշաքար:

Հուշաքարի բացման արարողությանը ներկա էին Հայկի հարազատները, ծառայակից ընկերներ, նրա հրամանատարը, կուրսղեկը:

Հայկ Հակոբյանը ծնվել է 1997 սեպտեմբերի 17-ին՝ ՀՀ Շիրակի մարզի Աշոցք գյուղում: Ընտանիքում երկու երեխա էին՝ Անահիտն ու եղբայրը: Հայկն ավագն էր: Aravot.am-ի հետ զրույցում Հայկի քույրն ասաց՝ եղբայրը նոր տուն գնելու մտադրություն ուներ, որ ամուսնանար, բայց պատերազմն ընդհատեց նրա բոլոր ծրագրերը: Հայկի աճյունն ամփոփված է Աշոցքի պանթեոնում:

Aravot.am-ի հետ զրույցում Հայկի քույրը՝ Անահիտ Հակոբյանն ասաց՝ նախաձեռնությունն ընտանիքինն է ու մանրամասնեց. «Եղբայրս ամուսնացած չէր. ժառանգներ չունի, շատ էի ուզում, որ իրեն միշտ հիշեն: Մտածում եմ, որ գերեզմանն ավելի շատ հարազատների համար է, որտեղ միշտ մենք ենք գնում: Բայց ես ուզում եմ, որ իրեն միշտ հիշեն»:

Հայկ Հակոբյանը զոհվել է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից ՀՀ-ի և Արցախի դեմ սանձազերծված 2-րդ արցախյան պատերազմի ընթացքում: Նա մասնակցել էր նաև Ապրիլյան քառօրյա պատերազմին: Հայկն աշխատում էր ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում: Սեպտեմբերի 29-ից ծառայությունն անցկացրել է Հորադիզում: Դպրոցն ավարտելուց հետո՝ 2015-ին, Հայկն ընդունվել էր Ճգնաժամային կառավարման ակադեմիա, հետո ծառայել Ասկերանում, երբ զորացրվել է, այդ ժամանակ էլ աշխատանքի է անցել ՀՀ Սահմանապահ զորքերում:

Անահիտ Հակոբյանը նշեց՝ աշխատանքի բերումով եղբայրը Ճգնաժամային կառավարման ակադեմիայից դուրս է եկել ու ընդունվել Շիրակի պետական համալսարան. ուսումնառությունը շարունակել է ռազմագիտության ոլորտում: Երկրորդ կուրսը դեռ պետք է ավարտեր, սակայն չհասցրեց:

Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում 2020-ի հոկտեմբերի 19-ից ընտանիքը Հայկից տեղեկություն չի ունեցել: Քույրն ասաց՝ միայն իմացել են, որ սահմանապահ զորքերի մեքենա է պայթել, բայց չգիտեին՝ որն է: Անահիտը հիշեց. «Ասում էին՝ իրենց զորքինն է: Հերթով իր բոլոր ընկերների դիերը բերեցին: Դրանից հետո՝ հունվարի 5-ին, ԴՆԹ անալիզով իրեն գտանք: Պարզվեց՝ ինքն էլ է եղել այդ մեքենայի մեջ: Անօդաչուի հարվածից մեքենան վառվել էր, ու իր տասնվեց ընկերներն էլ մեքենայի մեջ էին եղել: 17-ն այրվել էին, միայն երեքն էին փրկվել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930