«Հայ-ռուսական տնտեսական համագործակցություն․ հեռանկարային նախագծեր» խորագրով բիզնես ֆորումի մասնակից Ռուսաստանի տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչը լրագրողների հետ զրույցում վստահեցրեց՝ Վերին Լարս անցակետի թողունակությունը 2022 թվականին կավելանա 6,5 անգամ:
Դմիտրի Վոլվաչի խոսքով՝ բացի քաղաքական խնդիրներից, փոխադարձ առեւտրի խոչընդոտների վերացման ուղղությամբ աշխատանքներ են տարվում․ «Դրանք իրականացվում են ինչպես նորմատիվ կարգավորման մակարդակով, այնպես էլ, եթե, օրինակ, վերցնենք Վերին Լարս անցակետի հիմնական ավտոմոբիլային անցակետը, որի միջոցով իրականացվում է հիմնական ավտոմոբիլային հաղորդակցությունը, բեռների հիմնական հոսքը: Կան որոշ բարդություններ, նաեւ այն պատճառով, որ այժմ այդտեղ վերակառուցման աշխատանքներ են իրականացվում»:
Ռուս պաշտոնյան ասաց, որ տրանսպորտի նախարարության իրենց գործընկերների հետ իրավիճակը լուրջ վերահսկողության տակ են պահում․ «Մենք հայտարարում ենք, որ մինչեւ 2022 թվականի կեսերը պետք է ավարտվի մարդատար տրանսպորտային միջոցների համար նախատեսված մասը, իսկ մինչեւ 2022 թվականի վերջ կավարտվի բեռնատարների համար նախատեսված հատվածի վերակառուցումը։ Կարծում եմ, որ սա լուրջ գործնական քայլ կլինի մեր երկկողմ փոխգործակցության, ԵԱՏՄ շրջանակներում փոխգործակցության համար՝ ապրանքաշրջանառության արագացման բարելավման եւ այն գործարարների աշխատանքի դյուրացման նպատակով, ովքեր զբաղվում են Հայաստանից Ռուսաստան ապրանքների մատակարարմամբ եւ հակառակը»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ