ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակին, ասաց՝ բոլորն են անհանգստացած այդ վիճակով։ «Բայց նաեւ վստահ ենք, որ այդ խնդիրը շատ մոտ ապագայում կլուծվի:
Նա վստահ է՝բանակցությունների միջոցով կհասնեն նրան, որ այս պահին գործող ճանապարհը նորմալ կաշխատի․«Դուք գիտեք, որ մենք նաեւ շրջանցիկ ճանապարհն ենք շատ ակտիվ վերակառուցում, որպեսզի այն հասանելի լինի բեռնատարների համար: Նաեւ «Հյուսիս-Հարավ»-ի Քաջարան-Սիսիան հատվածում խոշոր ներդրումներ են արվում: Ես արդեն ասել եմ, որ դա մոտ 1 միլիարդ դոլարի ներդրում է, որը շատ շուտով կանցնի իր իրագործման փուլին»։
Վահան Քերոբյանի փոխանցմամբ՝ տարածաշրջանում ճանապարհների ապաշրջափակումը, ըստ հաշվարկների, կապահովի Հայաստանի ՀՆԱ-ի 30% աճ՝ երկու տարում եւ սա ոչ միայն հայկական կողմի, այլեւ Համաշխարհային բանկի եւ Ասիական զարգացման բանկի ուսումնասիրություններն են․ «Ապաշրջափակումն էապես կբարելավի մեր տնտեսական նախաձեռնությունների հնարավորություններն ու մրցունակությունը»։
Նախարարը լրագրողների հարցերին պատասխանել է այսօր Երեւանում ընթացող «Հայ-ռուսական տնտեսական համագործակցություն․ հեռանկարային նախագծեր» խորագրով բիզնես ֆորումի ժամանակ։ Այս ֆորումին, մասնակցում են ՀՀ եւ ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաններ եւ գործարար շրջանակների ներկայացուցիչներ։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ