Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Սարգսյանի «կիսատ-պռատ քննված գործը հրեցին՝ գցեցին դատարան». Էմին Խաչատրյան

Սեպտեմբեր 20,2021 15:25

«Հենց այսօր էլ վաղեմության ժամկետը լրանար եւ մեզ առաջարկվեր այդ հիմքով գործը կարճել, պարոն Սարգսյանն, իհարկե, չէր համաձայնի այն պարզ պատճառով, որ մենք նախաքննությունից ոչինչ չստացանք: Այսինքն, շատ թերի է եւ ավելորդ շտապողականությամբ գործն ուղարկեցին դատարան, բայց հիմա մենք պատրաստվում ենք դատարանում՝ պատշաճ իրավական ընթացակարգերով, հասնել պարոն Սարգսյանի արդարացմանը: Չնայած, որ այս դատարանն արդեն իր սկզբնական վարքագծով, կանխանշում է իր հետագա մոտեցումները: Ոչինչ, կանցնենք դատաքննության, ինձ թվում է՝ կբերենք ճիշտ հունի վրա»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Սիսիանի նախկին քաղաքապետ Արթուր Սարգսյանի պաշտպան Էմին Խաչատրյանը:

Այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում, Մարինե Մելքոնյանի նախագահությամբ, պետք է կայանար Արթուր Սարգսյանի գործով դատական նիստը: Այս անգամ էլ նիստը չկայացավ աշխատանքային օրերի փոփոխությամբ պայմանավորված: Հավանական է նիստն այնուհանդերձ կկայանա սեպտեմբերի 25-ին:

Էմին Խաչատրյան

Պաշտպանը փոխանցեց, որ Արթուր Սարգսյանի ինքնազգացողությունը լավ է, ոգին մարտական:

Հիշեցնենք, 7 մեղադրյալների մասով գործի նախաքննությունն ավարտվել է, քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան։

Քրեական գործով էական նշանակություն ունեցող այլ հանգամանքներ պարզելու համար քրեական գործից անջատվել է առանձին մաս, որի նախաքննությունը շարունակվում է: Հիշեցնենք նաեւ, որ Արթուր Սարգսյանը պատգամավորական մանդատ էր ստացել «Հայաստան» դաշինքնի ցուցակով արտահերթ ընտրություններին մասնակցության արդյունքում։

Հուլիսի 13-ին ՀՀ գլխավոր դատախազությունը կենտրոնական ընտրական հանձնաժողով միջնորդություն էր ներկայացրել Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու համար: Հուլիսի 15-ին ԿԸՀ–ն բավարարել էր միջնորդությունը, և Սարգսյանը ձերբակալվել էր։ Արթուր Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը)։ Սարգսյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

«Հույս ունենք, որ դատարանն ականջալուր կլինի մեր պատճառաբանություններին եւ արդար դատական ակտ կկայացնի»,- ասաց Էմին Խաչատրյանը:

Արթուր Սարգսյանի խափանման միջոցի հետ կապված էլ պաշտպանն ասաց, որ եթե նույնիսկ դատարանը գտնի, որ գրավը թույլատրելի է, գործը արդեն գտնվում է մյուս դատարանի տիրույթում. «Քննչական մարմնի եւ դատախազության՝ առաջին դատական նիստը հետաձգելու, այսպես ասած, շատ պարզունակ միջոցառումը, երբ դատախազը եկել է դատարան եւ ինքը չուներ համապատասխան թուղթ, լիազորագիր որ ինքը դատախազ է, աբսուրդ է»: Պաշտպանը գտնում է, որ նման անհեթեթ պատճառաբանությամբ նիստը հետաձգվեց, որպեսզի հասցնեն գործն ուղարկել դատարան:

Էմին Խաչատրյանը հուսով է, որ դատարանն արդար որոշում կկայացնի՝ դատական ակտով որոշակի հանգամանքներ հաստատված համարելով: Նաեւ հույս ունի, որ առաջիկա աշխատանքային օրերին տեղի կունենա խափանման միջոցի մասով վերաքննիչ բողոքի քննությունը՝ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ: Առհասարակ, առաջիկա բոլոր նիստերում պաշտպանը պատրաստվում է նախ խափանման միջոցի հարցը բարձրացնել, որից հետո նոր անցնել գործի, ըստ էության, քննությանը:

Էմին Խաչատրյանը մնում է իր համոզմունքին, որ իր պաշտպանյալի մասով ընտրված խափանման միջոցը՝ կալանավորումը, անհամատեղելի է: Իր հիմնավորումներն էլ, ասում է, շատ ծանրակշիռ են, քանի որ գործի վաղեմության ժամկետներն անցնում են ընդամենը 2,5-3 ամսից. «Բոլոր պրակտիկ իրավաբանները կփաստեն, որ երեք ամսում մեկ տոկոս նույնիսկ հավանականություն չկա, որ կունենանք օրինական ուժի մեջ մտած դատավճիռ: Այդ պայմաններում, անձին կալանքի տակ պահելը հասցրել են աբսուրդի մակարդակի»:

Խափանման միջոցի՝ ՀՀ վերաքննիչ դատարան բողոքարկման հիմնական կետերից մեկն էլ պատճառաբանվածության հարցն է, քանի որ, ըստ պաշտպանի, որեւէ դատարանի որոշման մեջ պատճառաբանություն չկա, թե ինչո՞ւ պետք է Արթուր Սարգսյանը մնա կալանքի տակ. «Անկեղծ ասած, ես արդեն 10 տարուց ավելի է, ինչ չէի տեսել դատարանի երկու էջանոց որոշում, որից մի էջը նկարագրական մասն է: Ոչ թե պատճառաբանություն կա՝ քիչ է, այլ առհասարակ պատճառաբանություն գոյություն չունի: Ամենակարեւոր կետերից մեկն էլ դա է, որ դատարանն ուղղակի զլացել է պատճառաբանել իր դատական ակտը: Չգիտեմ, դրանով ի՞նչ են ուզում ասել, որ պատճառաբանվեր, թե՝ ոչ, արդյունքը նո՞ւյնն էր լինելու… բայց կա ողջամտության սահման, որը պետք է հատել, հետո որոշում կայացնել»:

Պաշտպանը մեջբերում է Համո Սահյանին՝«Կացինդ սրելուց առաջ քեզ մի պահ ծառ զգա» եւ հավելում. «Այս դատավորը իրեն ոչ ծառ զգաց, ոչ թուփ, ոչ մի բան»:

Էմին Խաչատրյանը վկայակոչում է իր պաշտպանյալի կարծիքը, որ գործը բազմակողմանի քննելու նպատակ չկա, միակ նպատակն իրեն մեկուսացնելն է եւ դրա մասին է խոսում նաեւ այն հանգամանքը, որ թերի, կիսատ-պռատ քննված գործը «հրեցին՝ գցեցին դատարան»՝ հենց նույն ժամկետները չունենալու պատճառով. «Մեկ ամսում նման գործ քննելը… իբր հինգ հատոր գործ են կազմել, դատախազը դատարանում ասում է՝ էդ հինգ հատորը հեչ, մի հատորն է հրապարակելու, բան…Այսինքն, արհեստական մակուլատուրա են հավաքել, ծավալ են ստեղծել ու ուղարկեն դատարան: Իսկ ըստ էության, մենք դատարանում դեռ կխոսենք»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Արթուր Սարգսյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930