«Հայ-ռուսական տնտեսական համագործակցություն․ հեռանկարային նախագծեր» խորագրով «Armenian Business Forum»-ի ժամանակ այսօր էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ռուսական ընկերություններին հրավիրեց մասնակցելու Հայաստանում իրականացվող տնտեսական տարբեր նախագծերին։
Իր ելույթի ժամանակ նախարարը նախ շնորհավորեց իշխող «Միասնական Ռուսաստան» կուսակցության՝ Պետդումայի ընտրություններում, իր խոսքով՝ համոզիչ հաղթանակի առիթով։
Վահան Քերոբյանն ասաց, որ Հայաստանի տնտեսությունը թեև շատ թուլացել էր անցյալ տարվա կրկնակի ծանր շոկից, բայց շատ արագ վերականգնվել է, եւ ըստ նախարարի` այս տարվա առաջին կիսամյակում 5% տնտեսական իրական աճ է արձանագրվել անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ։
Նա նշեց, որ Հայաստանում խոշոր ներդրումներ են նախանշվում ենթակառուցվածքների շինարարության ոլորտում, մտադրություն կա ներդրումներ անել 2600 կմ ճանապարհի եւ Հյուսիս-հարավ մայրուղու կարեւոր հատվածների կառուցման գործընթացում, նախատեսվում է 15 ջրամբար կառուցել։
Կարդացեք նաև
«Հայաստանում նախատեսվում է առաջիկայում ստեղծել արդյունաբերական երեք պարկ՝ բարձրորակ ենթակառուցվածքներով Իրանից, Ռուսաստանից եւ այլ երկրներից արտադրական ընկերություններ ներգրավելու համար»,-ասաց նախարարը։
Քերոբյանի խոսքով՝ մի շարք ռուսական ընկերություններ, որոնք պատժամիջոցների պատճառով դժվարություններ են ունենում օտարերկրյա գործընկերների հետ հարաբերություններում, Հայաստանը հետաքրքրությամբ դիտարկում են որպես առանց սահմանափակումների բիզնես վարելու բարեկամական հարթակ․ «Այս առումով Հայաստանը պատրաստ է նրանց հետ իր հնարավորությունները կիսել Իրանում, ԱՄՆ-ում ու Եվրոպայում: Օրինակ՝ արեւային էներգիայի արտադրության ոլորտում արդեն կա պայմանագիր մի ընկերության հետ, եւ նախատեսվում է օգտագործել ռուսական բաղադրիչները՝ ՀՀ-ից ԱՄՆ արեւային վահանակների արտահանման դեպքում։ Մենք ուրախ կլինենք ներգրավել ռուսական ընկերություններին ենթակառուցվածքային նախագծերում, շատերն արդեն մասնակցում են խոշոր նախագծերում։ Վերջիններից մեկը մասնակցում է մետրոյի կայարանի նախագծման եւ կառուցման մրցույթին՝ մոտ 150 մլն դոլար արժեքով:
Հայաստանը մտադիր է ակտիվացնել իր մասնակցությունը ԵԱՏՄ-ում, որպեսզի միասին ստեղծեն ընդհանուր բարենպաստ միջավայր, որտեղ մեր ընկերությունները կարող են ավելացնել առեւտրաշրջանառությունը։
Երեւանում ընթացող «Հայ-ռուսական տնտեսական համագործակցություն․ հեռանկարային նախագծեր» խորագրով բիզնես ֆորումին մասնակցում են ՀՀ եւ ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաններ եւ գործարար շրջանակների ներկայացուցիչներ։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ